good-banner
Без рубрики

Աննախադեպ հանգամանք. Ինչքան ժամանակ է հատկացվել Սերժ Սարգսյանին

 

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լե Պենը նախօրեին Ռուսաստանում հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ: Լե Պենին Ֆրանսիայում ու Եվրոպայումն վաղուց են մեղադրում Ռուսաստանի հետ կապի, մասնավորապես Մոսկվայից ֆինանսավորվելու համար: ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո, որի վերաբերյալ բավական շատ է խոսվում եւ անգամ հետաքննվում է ՌԴ միջամտության հարցը, ներկայում այդ մտահոգություններն առկա են նաեւ եվրոպական ընտրությունների, այդ թվում Ֆրանսիայի նախագահի ընտրության հարցում:Հայաստանի պարագայում իրավիճակը հակառակն է, եւ այստեղ Ռուսաստանի հետ առնչության մեղադրանքը կլինի ոչ թե հարված հակառակորդին, այլ կընկալվի պարզապես ինքնասպանություն, որովհետեւ գործնականում բոլոր քաղաքական ուժերը, համենայն դեպս հիմնական դերակատարության հավակնող, առաջին հերթին մտածում են նույնիսկ ոչ այնքան ընտրողի, որքան Ռուսաստանի համակրանքի մասին:

Հայաստանի պարագայում, ընդ որում արդեն շատ երկար ժամանակ, Ռուսաստանի հետ առնչությունը դիտարկվում է իբրեւ քաղաքական խաղում ընդգծված առավելություն, նպաստավոր դիրք, շահեկան գործոն:Սակայն, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունն այդ իմաստով կարծես թե ունի որոշակի առանձնահատկություն: Դրան մասնակցող սուբյեկտները կարծես թե զերծ մնացին Ռուսաստանի անմիջական ներգրավումից: Օրինակ, ոչ ոք Մոսկվա «չգնաց», «չեկավ», Մոսկվայում որեւէ խորհրդավոր հանդիպման, ընդունելության չարժանացավ:Ընդհանուր դիտարկմամբ, 2017 թվականի ընտրությունը կարծես թե Ռուսաստանի ամենանվազ ներկայացվածությամբ ընտրությունն է;

Դա իհարկե չի նշանակում, որ հայաստանյան ընտրական գործընթացն ու քաղաքական կյանքն ընդհանրապես դուրս է մնում Ռուսաստանի ազդեցության գոտուց:Իրավիճակը թերեւս հակառակն է՝ Ռուսաստանը չունի այդ կապակցությամբ լուրջ մտավախություն, ինչի պատճառով էլ չի նկատվում անմիջական կամ հնարավորինս անմիջական ներգրավվածության կամ առնչության դրսեւորումների առատություն: Նույնիսկ քիչ դրսեւորումներ չկան:Բացառություն է իհարկե իշխանության հանգամանքը, քանի որ մարտի 10-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը նա ստացավ ամենակարեւորը՝ Պուտինը փաստորեն հայտարարեց, որ Հայաստանում կառավարման մոդելի անցման շրջանը դիտարկում է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:Իհարկե այդ առումով հարց է մնում բաց՝ մասնավորապես անցման շրջանի ժամանակային տեւողության մասով: Այսինքն, Պուտինը դիտարկում է Սարգսյանի գլխավորությունն օրինակ մինչեւ՞ 2018 թվական, թե՞ նաեւ դրանից հետո, անցումային շրջան համարելով նոր խորհրդարանի ամբողջ հնգամյակը:

Բայց, ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Մոսկվան տվել է «քարտ-բլանշը» Սերժ Սարգսյանին, ինչն էլ հենց վկայություն է, թե ինչու չկա Ռուսաստանի «անվան» խաղարկման առատություն այսպես ասած քաղաքական մրցակցության ընթացքում:Միեւնույն ժամանակ, զուտ իրավիճակային տրամաբանությունից դուրս, այդ հանգամանքն ունի նաեւ որոշակի խորքային պատճառներ: Մի կողմից, Հայաստանը ներկայումս Ռուսաստանի եւ ՌԴ իշխանության համար փոքր խնդիր է, եւ եթե չկան մեծ մտահոգություններ, ապա Մոսկվան հազիվ թե ունենա Հայաստանի «հավես»: Իսկ մեծ մտահոգություն չկա, դա վկայեց Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումը:Դրան զուգահեռ, Հայաստանի հարցում Ռուսաստանը ներկայում կանգնած է բավական լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրն ընդհանուր առմամբ բնորոշվում է Ռուսաստանի քաղաքականության անարդյունավետությամբ ու սնանկությամբ: Ապրիլի պատերազմին Մոսկվան բախվեց դրա «դատարկությանը»:

Շարունակե՞լ այդպես, կատարելով ուղղակի մարտավարական շտկումներ, թե՞ փոխել ռազմավարությունը:Հայաստանի հարցում Մոսկվան կանգնած է այդ խնդրի առաջ: Մարտավարական փոփոխություններն ակնառու են մի շարք դրսեւորումներով, որոնք բնականաբար արտահայտվում են իշխանության հետ աշխատանքում: Սակայն ռազմավարության հարցում անորոշության կամ այսպես ասած անցումային փուլը շարունակվում է:Ու քանի դեռ կա այդ անորոշությունը, Ռուսաստանի իշխանությունն ըստ ամենայնի «անտարբեր» կլինի ներհայաստանյան գործընթացների հանդեպ:Քանի դեռ ռազմավարության հարցում Կրեմլի մոտ կա կողմնորոշման խնդիր, որի լուծման զգալի մասն անկասկած նաեւ Արեւմուտքի հետ հարաբերության տիրույթում է, Հայաստանում ռուսական ներկայացվածության եւ շահերի սպասարկման սուբյեկտները կդրսեւորեն որոշակի անկանոն եւ քաոսային վարք, ինչը մի կողմից կնշանակի նրանց շփոթվածությամբ պայմանավորված լռություն, մյուս կողմից սակայն մոռացության մեջ հայտնվելու վախով թելադրված քայլերի իրականացում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing