good-banner
Լրահոս

Աննախադեպ իրավիճակ վարչապետի շուրջ

 

arm148647168057

Գյումրիում լրագրողների հարցերին բավական ագրեսիվ արձագանքը Կարեն Կարապետյանի պարագայում անսովոր էր, նրա ընդհանուր իմիջային կերպարին ոչ բնորոշ: Հազիվ թե վարչապետին վրդովեցներ հնչած հարցի իր կարծիքով ոչ այնքան փաստարկված կամ տրամաբանված լինելը: Մի կողմից իհարկե պարզ է, որ լինի Կարեն Կարապետյանը, թե որեւէ այլ պաշտոնյա կամ գործիչ, հազիվ թե հնարավոր լինի որեւէ ներդրումային ծրագրի վերաբերյալ տալ 100 տոկոս երաշխիք, այն պարզ պատճառով, որ խոսքը տնտեսական գործընթացի մասին է, որը ենթակա է բազմաթիվ ներքին ու արտաքին ազդեցությունների:
Մյուս կողմից, բանն անշուշտ երաշխիքը չէ, այլ այն, որ Կարեն Կարապետյանն ինքն էլ թերեւս աստիճանաբար զգում եւ պատկերացնում է, որ ավելի ու ավելի վերածվում է հանրության «խժռմանը» տրված Սերժ Սարգսյանի հերթական զոհի:
Մյուս կողմից, Կարապետյանի խնդիրն է, եթե նա պատրաստ չէ դրան կամ եթե այդ իրավիճակը նրա համար անակնկալ է:
Դրան զուգահեռ, ակնհայտ է, որ Կարապետյանն այդ իրավիճակում կարող է ունենալ երկու հենարան՝ հանրության վստահություն եւ ներդրումների համար փող, որպեսզի նախ ցույց տա տնտեսական արդյունք, իսկ բացի այդ, եւ դրանից առաջ էլ՝ փոխի Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգում ուժերի հարաբերակցությունը:
Ընդ որում, Կարապետյանը չի կարող առանց այդ երկու գործոններից որեւէ մեկի՝ միայն փողը կամ միայն հանրային վստահությունը չեն լուծելու գլխավոր հարցը եւ ավելի ու ավելի են մոտեցնելու Կարապետյանի «զոհաբերությունը»:
Մյուս կողմից, հանրությունը պարտավոր չէ վստահել կամ հավատալ կուրորեն, առավել եւս, որ այդ հանգամանքը Հայաստանի անկախության երկու տասնամյակի ընթացքում շահարկված եւ շահագործված է անխնա, այլեւս անպիտանելիության աստիճան:
Բայց հազիվ թե Կարապետյանի բարկությունն ու վրդովմունքն էլ հասցեագրված լինի իրեն չհավատացող հանրությանը կամ լրագրողներին: Նրանք պարզապես դարձան առիթ, իսկ պատճառը հենց այն է, որ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի հստակ է պատկերացնում իր խնդիրը:
Դրա լուծման գործում նրան աջակություն են հայտնել ԱՄՆ ու ԵՄ դեսպանները: Կարապետյանը որոշակի աջակցություն ստացել է նաեւ Մոսկվայում՝ հունվարի 24-ի այցի ընթացքում: Ավելին, հենց այդ այցից հետո նրան աջակցության ազդակներ հղեցին ԱՄՆ ու ԵՄ դեսպանները: Մոսկվա այցից հետո կառավարությունը հայտարարեց սպասվող 300 միլիոն դոլար ներդրումների մասին, որ հավանաբար պարունակում է Ռուսաստանի հայ գործարարների աջակցության հայտարարությունը: Դրանից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց ավելի քան 370 ներդրումային ծրագրերի իրատեսականության մասին, ասելով, որ դրանց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2,5 միլիարդ դոլար եւ որոնցից 2017 թվականի համար նախատեսվում է մոտ 800 միլիոն դոլարի մասը՝ գոնե սկսել:
Այստեղ խնդիրն այն է, որ տնտեսական գործընթացն ունի որոշակի առանձնահատկություն, եւ կատարվող ներդրումների տնտեսական էֆեկտը լայն հանրության համար կարող է զգալի լինել որոշակի ժամանակահատված անց: Հատկապես Հայաստանի տնտեսության պարագայում, որը հասել է բավական ցածր կետի, եւ արագ էֆեկտի համար շատ ավելի մեծ ծավալի ներդրման կարիք կլինի, քան այն 300 միլիոն դոլարի սպասումը, որի մասին հայտնել է կառավարությունը:
Կստացվի ուշագրավ իրավիճակ՝ Կարեն Կարապետյանը կապահովի ներդրումներ, որոնք կօգնեն պահել կայունությունն ու շարժել տնտեսությունը մեռյալ կետից, բայց հանրության համար դրա էֆեկտը չի լինի տեսանելի, եւ մեծ է հավանականությունը, որ կպահպանվի դժգոհությունը: Այդ դժգոհությունը Սերժ Սարգսյանը կարող է օգտագործել Կարեն Կարապետյանի դեմ, ինչի հետեւանքով կստացվի, որ Կարապետյանը կբերի որոշակի փող, բայց այդ փողն արդյունքում կծառայի Սերժ Սարգսյանի, ոչ թե իր քաղաքական ծրագրին:
Ավելին, ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանն ունի քաղաքական իր ծրագիրը: Մոսկվա այցից հետո նկատելի է ուշագրավ հանգամանք՝ թե Մոսկվան, թե Վաշինգտոնը, թե Բրյուսելը փորձում են օգնել նրան քաղաքական ծրագիր դառնալու կամ ձեւակերպելու հարցում: Ընդ որում, այդ հանգամանքը որոշակիորեն աննախադեպ է՝ երբ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը Հայաստանում «աշխատում» են մեկ քաղաքական ծրագրի վրա: Ինչ խոսք, դեռեւս պարզ չէ, թե որքան կարող է շարունակվել այդ «համատեղ աշխատանքը», առավել եւս տարբեր մոտիվացիոն հիմքերի պարագայում:
Բայց, այդ իրողությունը տարօրինակ, իսկ գուցե աներեւակայելի կարող է թվալ առաջին հայացքից, սակայն խորքային առումով այդ իրավիճակը զարմանալի չէ, հատկապես ապրիլի պատերազմից հետո, որն ամենեւին միայն ռազմական իրադարձություն չէր, այլ նաեւ ռազմա-քաղաքական եւ տնտեսական խորքային շերտեր շոշափող երեւույթ, որը Հայաստանի հանրային կյանքում դեռեւս ունի ամբողջական գիտակցման անհրաժեշտություն, իսկ Հայաստանից դուրս այն գիտակցվել է ամբողջովին:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing