Անփոխարինելի Սերժ Սարգսյանի անխուսափելի անկումը

123

1in.am — Վարչապետ կդառնար Սերժ Սարգսյանը, թե որևէ այլ հանրապետական, միևնույն է, իշխանափոխություն լինելու էր, օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանն այդպես արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցին, որ երկրորդ նախագահն արել էր ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը: Մասնավորապես, Քոչարյանը հայտարարել էր, որ հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի սխալն էր՝ Սահմանադրության փոփոխությամբ ու վարչապետի պաշտոնին առաջադրվելով: Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, անկասկած, ունի մի շարք շարժառիթներ՝ սկսած նրանից, որ, ի վերջո, ՀՀԿ-ն էլ պատասխանատու է Սարգսյանի «սխալի» համար, քանի որ թե՛ Վահրամ Բաղդասարյանը, թե՛ բոլոր կուսակիցները կամ գոնե խմբակցությունն ամբողջ կազմով նրան հռչակել էր անփոխարինելի:

Այսինքն՝ կարող էին կասեցնել սխալը, սակայն ոչ միայն չարեցին, այլև խթանեցին: Հետևաբար, Բաղդասարյանն ունի ինքնարդարացման կարիք, ինչպես այլ կուսակցականներ: Սակայն ինքնին հայտարարությունը, թե, միևնույն է, իշխանափոխություն լինելու էր, ունի ուշագրավ տողատակեր: Փաստորեն, Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ տեղի ունենալիքն անխուսափելի էր: Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե մայիսի 1-ին Վահրամ Բաղդասարյանն իր խմբակցության հետ ինչի՞ն էր դիմադրում, եթե համարում են, որ միևնույն է, իշխանափոխություն լինելու է: Թե՞ դիմադրում էր, որ այն լինի ավելի համոզիչ: Մյուս կողմից՝ արդյո՞ք Բաղդասարյանի հայտարարության մեջ չկա ակնարկ, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած՝ վարչապետության գնալով, դրանից առաջ սահմանադրական մոդելի փոփոխություն իրականացնելով կանխել է իշխանափոխության անցանկալի կամ վատթարագույն տարբերակը, իհարկե՝ իր համար անցանկալի և վատթարագույն տարբերակը, նաև գուցե որոշ ՀՀԿ-ական շրջանակների:

Ըստ այդմ՝ արդյո՞ք Վահրամ Բաղդասարյանը չի ակնարկում, որ, եթե Սերժ Սարգսյանը չդառնար վարչապետ, ապա իշխանափոխություն դարձյալ կլիներ, բայց արդեն դա կլիներ բոլորովին այլ ձևի և բովանդակության, ինչից խուսափելու համար էլ իրենք գնացել են այդ քայլին և, ըստ էության, դիմադրել՝ առաջադրելով Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյա՞նն էր անելու այդ իշխանափոխությունը Սամվել Կարապետյանի հետ, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Մի բան հստակ էր, որ Սերժ Սարգսյանը նրանց բոլորին զրկել էր «ինստիտուցիոնալ» ճանապարհով իշխանության գալու հույսից, ավելի երկարաժամկետ առումով նաև խաղի մեջ ներգրավելով նախագահ Արմեն Սարգսյանին:

Ըստ այդմ` Հայաստանում իշխող համակարգի այն սեգմենտները, որոնք ունեին իշխանության կամ դրա որոշիչ փաթեթի հավակնություն, կանգնած էին դիլեմայի առաջ․ կամ հրաժեշտ տալ այդ հավակնությանը և համակերպվել, որ այլևս չեն լինելու որոշում կայացնող շրջանակում, որոշումների վրա ազդող շրջանակում, կամ պատրաստվել, այսպես ասած, գլխավոր հարվածի կամ ճակատամարտի: Դա՞ նկատի ուներ Բաղդասարյանը՝ անխուսափելի ասելով: Մի բան Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մեջ ադեկվատ է միարժեքորեն: Հայաստանում հաստատված և գործնականում քառորդ դարից ավելի ծավալված իշխանական համակարգն իր բնույթով, գործելաոճով իրավիճակը, պետականությունը հասցրել էր այնպիսի մի իրավիճակի, այնպիսի կետի, որից այն կողմ իշխանություն պահելն այլևս անհնարին էր: Խնդիրը ընդամենն այն էր, թե ինչպես պետք է ընկնի այդ իշխանությունը: Այդ իշխանությունը պետք է ընկներ պետությանն իր հետ գցելով, պետականության անկումո՞վ, թե՞ իշխանությունը պետք է ընկներ, որպես պետականությունը պահելու միջոց, որպեսզի պետության հետագա գոյությունը ապահովվեր և ստեղծվեր իրավիճակը արմատապես փոխելու հնարավորություն:

Ահա այդ տեսանկյունից, Վահրամ Բաղդասարյանը, կամա թե ակամա, իրավացի է՝ այնպես, ինչպես կառավարում էր նախորդ համակարգը, շարունակել պետության ու հանրության համար առանց աղետալի հետևանքի, ուղղակի հնարավոր չէր: Ըստ էության, թավշյա հեղափոխությունը Հայաստանում կանգնեցրել է աղետը: Այդ հեղափոխությունը, իհարկե, դեռ որևէ որոշակի կառուցվածք, համակարգ չի ստեղծել, դեռ ունի բազմաթիվ բացեր, հարցեր պարունակող խնդիրներ և այլն, բայց գնահատման ելակետը, գոնե առայժմ, դա չէ և չի կարող լինել, որովհետև գոնե առայժմ իրավիճակը բոլորովին այլ՝ աղետը կանխելու ռեժիմում է: Թավշյա հեղափոխության արդյունքը առայժմ չափվում է դրանով՝ աղետի կանխումով, գահավիժման ընթացքի կասեցումով: Իր բոլոր խնդիրներով ու հարցերով հանդերձ, տեղի ունեցող գործընթացի արդյունքի սանդղակը դա է: Հաջորդիվ, իհարկե, գալու է արդեն զարգացման, կառուցման, ստեղծման ելակետերի ժամանակը: Իհարկե, այստեղ էլ հարցն այն է, թե ո՞րն է այդ ժամանակը, որքա՞ն ժամանակ հետո է գալու այդ հարցերի և հարցադրումների առանցքայնության ժամանակը: Ի վերջո` դա հնարավոր է անընդհատ երկարաձգել և այդպիսով նաև խուսափել հեռանկարի համար առարկայական պատասխանատվությունից: Իհարկե, այդ ռիսկը կա, բայց, եթե օրինակ որևէ մեկը մտահոգ է այդ ռիսկով, ապա դրա կանխարգելման առաջնային քայլը ներկայիս ելակետային ռիսկերի անդառնալի չեզոքացմանը նպաստելն է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache