Լրահոս

Անսպասելի առերեսում. Ով է դառնալու «զոհը»

 

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կանգնեցին դեմ առ դեմ
Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրական միտումների կիսամյակային պատկերը, որը մեղմ ասած գուժում է Հայաստանում աղետալի ընթացքի մասին: Հայաստանում շարունակում է նվազել մշտական բնակչության թիվը եւ անցնող տարվա հունիսի համեմատ այն պակասել է 15200-ով: Հայաստանում նվազում է ծնունդների թիվը՝ նախորդ տարվա համեմատ մոտ 7 տոկոսով, նաեւ ավելացել է մանկական մահացության թիվը:
Էլ ի՞նչ է պետք Հայաստանում ժողովրդագրական «արտակարգ դրություն» հայտարարելու համար:
Այդ մասին օրեր առաջ մոտավորապես հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ասելով, որ իրավիճակը «մեղմ ասած ճգնաժամային» է եւ հայտարարելով աշնանը խորհրդարանում աշխատանքային ոչ ֆորմալ խումբ ստեղծելու նախաձեռնության մտադրության մասին:
Բայց Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը չի արձագանքել անգամ հարազատ կուսակցությունը: Մյուս կողմից, հասկանալի է, պատկերն այլ կլիներ, եթե Ֆարմանյանն օրինակ արեւմտյան մի որեւէ դիվանագետի մեղադրեր Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար: Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հերթ չէին տա հայտարարությանն արձագանքելու եւ իրենց բաժին «լուման» բերելու համար:
Բայց, հնչել է խորը մտահոգություն Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին, որը ինչ որ առումով նույնիսկ խորը հակասության մեջ է մտնում այն տոնայնության հետ, որով Սերժ Սարգսյանը իր վերջին հեռուստահարցազրույցում խոսում էր կառավարության գործունեության եւ տնտեսական միտումների մասին:
Այդ իրավիճակում արձագանքելը դառնում է ռիսկային՝ իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը համաձայն չէ՞ Ֆարմանյանի հետ: Մյուս կողմից իհարկե շատ դժվար կպատկերացնեն, որ Ֆարմանյանը կտրուկ եւ բավական սուր գնահատականներով խոսեր ժողովրդագրական ճգնաժամի մասին առանց Սերժ Սարգսյանի հավանության կամ առնվազն հավանություն արժանանալու վստահության: Բոլոր դեպքերում, դեռեւս չկան հստակ դիրեկտիվներ, եւ ՀՀԿ-ն լուռ է:
Բայց խոսում է պաշտոնական վիճակագրությունը, ընդ որում ավելի սուր, քան Սամվել Ֆարմանյանը՝ շատ կոնկրետ թվերով ու փաստերով: Կամ էլ պաշտոնական վիճակագրությունը գալիս է լրացնելու Ֆարմանյանին, արձանագրելով ՀՀԿ կառավարման տապալումը:
Իրավիճակն իսկապես դառնում է բավական հետաքրքիր: Բանն այն է, որ ժողովրդագրական պատկերը եւ բացասական միտումներն այնպիսին են, որ հնարավոր չէ դրանք «դուրս գրել» որեւէ վարչապետի վրա, որովհետեւ տարիներ շարունակ դրանք շատ կայուն են: Հետեւաբար խնդիրը միայն վարչապետերը չեն, այլեւ նրանց նշանակողները եւ հավանության արժանացնողները:
Եվ այստեղ ազգային վիճակագրական ծառայությունը դեմ առ դեմ է բերում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Նրանցից որեւէ մեկը պետք է պատասխան տա հասարակության եւ պատմության առաջ ժողովրդագրական այն միտումների համար, որ վերջին մի քանի տարիներին կայուն անկումով արձանագրվում են Հայաստանում: Դրան պատրաստ չեն թե մեկը, թե մյուսը: Այդ իրավիճակում հավանական է դառնում, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այդ հարցում կգան փոխզիջման, որի անունը կլինի Կարեն Կարապետյան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing