Անսպասելի հայտարարություն. Սերժ Սարգսյանն ընդդեմ Գազպրոմի ու Սամվել Կարապետյանի

0

Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարին եւ անդամներին, նրանց հետ քննարկելով այդ կառույցի՝ իբրեւ անկախ կառույցի գործունեությունը:Հանձնաժողովը գործում է մի ոլորտում, որտեղ խոշոր, խոշորագույն կապիտալն է: Օրինակ՝ Գազպրոմը, կամ՝ Հայաստանի էլցանցերը, որը ամենահարուստ հայի` միլիարդատեր Սամվել Կարապետյանի սեփականությունն է:

Հանձնաժողովի գործունեության տիրույթում իհարկե կան էլի ոլորտներ, սակայն հանրության ուշադրության առյուծի բաժինն անկասկած կլանում են այդ երկու հսկաները՝ գազի ու էլեյկտրանէրեգիայի ոլորտում գնագոյացման մեխանիզմի արդարացիությունն ու արդյունավետությունը, նաեւ սպառողների շահերի պաշտպանությունը մատուցվող ծառայությունների եւ ապրանքի որակի տեսանկյունից:«Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին», հանդիպման ավարտի մասին ասում է պաշտոնական հաղորդագրությունը:

Իսկ մեկնարկին Սարգսյանը խոսել էր կառավարման նոր մոդելի անցման պայմաններում հանձնաժողովի նոր, առավել մեծացող դերի մասին:Ինչ դեր է ունենալու նոր համակարգում ինքը՝ Սերժ Սարգսյանը, դեռ անորոշ է, սակայն ՀԾԿՀ-ին նա փաստացի առաջարկում է բավական ուշագրավ դերակատարում՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական դաշտում երկու խոշոր խաղացողների գործունեության կարգավորում ներառող ոլորտում, այսինքն երկու խոշորների հանդեպ:Հայաստանում կա հանրային գերակշռող համոզում, ելնելով առկա իրողությունից, որ թե տնտեսական մրցակցության պաշտպանության, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները, որոնք դե յուրե պետք է գործեն անկախության սկզբունքով, դե ֆակտո պաշտպանում են ոչ թե հանրային, այլ խոշոր կապիտալի շահը՝ որի գործունեությունը պետք է կարգավորեն ու վերահսկեն: Իրականում այդ կառույցները, հանրային համոզումով, ոչ թե վերահսկում են գործունեությունը, այլ հսկում են դրա սահմանները, որ հանրությունը հանկարծ չներթափանցի:Սերժ Սարգսյանը հանձնարարում է բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակն ու ամենաուշագրավը՝ նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին:Ի՞նչ է դա նշանակում: Կամ ՀԾԿՀ-ն ստանում է նոր տեխնոլոգիայի կիրառման ցուցում, այն է՝ հանրային «յուրային» կառույցների ներգրավման միջոցով փորձել բարձրացնել թե հանձնաժողովի, թե կարգավորման ենթակա խոշոր սուբյեկտների լեգիտիմությունը, կամ հակառակը՝ Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ-ին հանձնարարում է հանրության ներգրավումով «զինվել» եւ ավելի ամուր դիրքերում լինել օրինակ Գազպրոմի եւ Էլցանցերի նկատմամբ:Բայց ինչի՞ համար: Օրինակ, արդյո՞ք սահմանին գազը 150 դոլարով գնելուց հետո մինչեւ տուն կրկնակի թանկանալու «ֆոկուսն» ի վերջո բացահայտելու համար:

Թե՞ Սարգսյանը պարզապես ներհամակարգային վերադասավորումների, իշխանության ստատուս-քվոյի վերաձեւման  առանցքային փուլում փորձում է ՀԾԿՀ միջոցով որոշակիորեն զսպել այդ գործընթացի շահառուներից երկու չափազանց խոշորներին՝ Գազպրոմին ու Սամվել Կարապետյանին, նրանց «փոխզիջման» տրամադրելու համար:Սերժ Սարգսյանը նրանց զսպելու հարցում չունի համարժեք ֆինանսա-տնտեսական ռեսուրս եւ գուցե այս դեպքում փորձում է օգտագործել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դրա ղեկավարությանը հորդորելով բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache