Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը

92

Ես արդեն չեմ հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով ոչ, Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջին օրերին ՀՀԿ-ում փլուզման գործընթացներն արագացան: 16 պատգամավորներ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, այն է՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու նախաձեռնությանը, անսպասելի հայտարարություն արեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, ասելով, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մղումներն ազնիվ են:

Երեկ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չի առաջադրելու, երբ էլ լինեն արտահերթ ընտրությունները: ՀՀԿ 4 պատգամավորներ էլ հայտարարություն տարածեցին, ասելով, որ այս խաղում իրենք չկան:

Երկար ժամանակ պահելով «միասնությունը», ՀՀԿ-ն կառուցել էր որոշակի ռազմավարություն՝ թույլ չտալ արտահերթ ընտրություն, իսկ վարչապետի հրաժարականի դեպքում էլ գնալ «պետական սահմանադրական հեղաշրջման»՝ թեկնածու առաջադրելով: Սակայն երկուշաբթի այս ռազմավարությունը փլուզվեց: Ինչ որ անսպասելի բան էր կատարվել, կամ տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք նպաստեցին այս իրավիճակին:

Կիրակի եւ երկուշաբթի տեղի ունեցան նշանային իրադարձություններ. ԱԺ նախկին պատգամավորներից մեկը սպանեց մյուսին ու ինքնասպան եղավ, ձերբակալվեց «Քոչարյանի գանձապահ» Սամվել Մայրապետյանը:

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ն, որի միասնությունը կառուցված է փողի ու պետական լծակների վրա, այս իրադարձությունների արդյունքում հայտնվել է անտերության վիճակում: Այս իրադարձություններն ավելի սրեցին այդ զգացումը, եւ ՀՀԿ-ից կազմված խմբավորումներն ամեն մեկը սկսեց լուծել իր անձնական հարցերը:

Հնարավոր է՝ անտերության զգացումը խորացավ նաեւ այն բանից, երբ ձերբակալվեց Քոչարյանի մերձավորը, եւ ՀՀԿ-ում հույսը կտրեցին նրանից, ով վերջին շաբաթներին փորձում էր «հավաքել» ՀՀԿ-ն:

Քրեա-օլիգարխիկ համակարգը հեռանում է, եւ դրա քաղաքական ցուցանակները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտնվել են անհամարժեք ու անորոշ վիճակում: ԲՀԿ-ն փորձեց փրկվել՝ հանձնվելով հանրության ու նոր իշխանության ողորմածությանը, ՀՀԿ-ում քայքայման վերջին ստադիան է, իսկ ՀՅԴ-ն հայտնվել է զավեշտալի վիճակի մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache