Անսպասելի զարգացում Թուրքիայում. Էրդողանի որոշումը

0

Lragir.am — Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին: Էրդողանը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել գործադիր նախագահական կառավարման: Թուրքիայի նախագահի հերթական ընտրությունը սպասվում էր 2019 թվականի նոյեմբերին եւ Էրդողանը փաստորեն ժամանակը առաջ է տալիս մոտ մեկուկես տարի:

Թուրքիայի նախագահի այդ որոշումն ուշագրավ է ընդհանրապես, սակայն հատկապես հետաքրքիր է «կրտսեր եղբոր»՝ Ալիեւի հայտնի որոշման ֆոնին, որը նույնպես առաջ տվեց ժամանակն ու 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրության փոխարեն ապրիլի 11-ին անցկացրեց նախագահի արտահերթ ընտրություն:

Փաստորեն, ի տարբերություն Ալիեւի, «ավագ եղբայրը» ժամանակը առաջ է տալիս մոտ երեք անգամ ավելի շատ՝ մեկ ու կես տարով: 2019 թվականի նախագահի ընտրությամբ ընտրված նախագահը Թուրքիայի նոր սահմանադրության համաձայն ստանձնելու է արդեն ուժեղ նախագահական լիազորություն, որ ապահովվեց Էրդողանի իրականացրած սահմանադրական փոփոխության միջոցով:

Ինչու՞ է շտապում Թուրքիայի նախագահը, այդ շտապողականությունն ունի ներքի՞ն, թե՞ արտաքին շարժառիթ: Թուրքիայի Սահմանադրության փոփոխությանը, որը դե ֆակտո նախագահի ընտրությանը հավասարազոր իրադարձություն էր, Էրդողանը ստացավ 50 տոկոսից մի փոքր ավելին, ինչից պարզ դարձավ, որ նրա աջակցության հարցում Թուրքիան կիսվում է՝ կեսից մի փոքր ավելին աջակցում են, մի փոքր պակասը՝ ոչ: Խնդիրը սակայն այն է, որ Էրդողանին չաջակցող կեսը չունի աջակցություն վայելող մեկ թեկնածու:
Արդյոք Էրդողանը ունի անհանգստություն, որ մինչեւ 2019 թվականը այդ թեկնածուն կարող է ձեւավորվել, իսկ իր վարկանիշն էլ կարող է նվազել, տարբեր պատճառներով, եւ ինքը չի կարող պահել իշխանությունը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան բավական բարդ հարաբերության մեջ է արտաքին աշխարհի հետ: Հարաբերությունը լարված ու խնդրահարույց է ուժային բոլոր կենտրոնների, ռեգիոնալ բոլոր տերությունների հետ, բացառությամբ թերեւս Ռուսաստանի, որի պարագայում սակայն առերեւույթ բարեկամության ներքո շահերի լատենտ, բայց խորքային բախումն է: Արտաքին այդ իրողությունները կարող են թուլացնել Էրդողանին ներսում, կամ ներսում նախագահի ընտրության խնդիրը կարող է նրան առավել թույլ դարձնել դրսում:

Այդ իմաստով, արտահերթ ընտրության որոշման շարժառիթը թերեւս մեկը չէ, եւ շարժառիթները փոխկապակցված են՝ ներքին ու արտաքին: Առավել ուշագրավ է հարցը, թե հունիսի ընտրությունից հետո Էրդողանն ինչպես է փոխելու իր վարքը, թե՞ այդ ընտրությունը նրանք պետք է վարքագիծն ու դիրքերը պահպանելու, չնահանջելու համար:

Ունի՞ Էրդողանի որոշման վրա էական ազդեցություն այն վիճակը, որ առկա է այժմ Սիրիայում, Ասադի դիրքերին հասցված ճշգրիտ հարվածները, Ռուսաստանի ուշագրավ արձագանքը, երբ Մոսկվան կարծես թե իրեն դուրս դրեց այդ հարվածներից Ասադի պաշտպանության համար պատասխանատվությունից, ինչը կարող էր պայմանավորված լինել Թեհրանի հետ Դամասկոսի ավելի սերտացող հարաբերությամբ եւ

Սիրիայում Իրանի ավելի մեծացող ազդեցությամբ:
Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է հարցը, թե ինչքանով կարող է Թուրքիայի արտահերթ ընտրությունը փոխկապակցված լինել Ադրբեջանի հետ, այսինքն լինել որոշակիորեն ընդհանուր պլանավորման դրսեւորում, երբ Էրդողանն ու Ալիեւը փորձում են իրար հետեւից լուծել ներքին ընտրության հարցերը, որպեսզի իրենց ավելի ազատ ու ապահով զգան այլ հարցում, այլ ուղղությամբ որեւէ քայլում:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache