Անտանելի իրավիճակ. ինչ նախադեպ կստեղծի Փաշինյանը

81

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Մարտի 1-ին եւ դրանում Ռոբերտ Քոչարյանի մեղավորությանը, հայտարարել է, թե մեղավոր են բոլորը, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոնք հասցրել են իրավիճակը դրան: Հրանտ Մարգարյանն ասում է, թե կարեւոր չէ՝ ով է կրակել, քանի որ բոլորն են իրավիճակը հասցրել դրան: Այդ մասին նա հայտնել է Ազատություն ռադիոկայանին, ասելով նաեւ, թե Դաշնակցությունը իր գնահատականը տվել է շատ հստակ:

«Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնացեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել», հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

Ինչ էր անում Դաշնակցությունը Մարտի 1-ին: Հայտնի չէ: Հայտնի է, որ Մարտի 1-ից առաջ եւ հետո Դաշնակցությունը իշխող կոալիցիայի մաս էր: 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ հետ, թեեւ վերապահումներով ու պայմանով, կապված 2008 թվականի ընտրության հետ, որին ՀՅԴ-ն մասնակցեց իր թեկնածուով: Այդ ընտրությունից առաջ ՀՅԴ-ն դուրս էր ՀՀԿ հետ կոալիցիայից:

Բայց Մարտի 1-ից կարճ ժամանակ անց ՀՅԴ-ն վերստին մտավ ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ:

Հրանտ Մարգարյանը հարցնում է, թե ո՞վ ստեղծեց մարտի 1-ը:

Ստեղծեց նաեւ Դաշնակցությունը՝ նրա գլխավորությամբ, որովհետեւ Մարտի 1-ը Հայաստանում տարիներ շարունակ հետեւողականորեն նենգափոխված, խեղված քաղաքական եւ ընտրական մեխանիզմների հետեւանք էր, այն մեխանիզմների, որոնց մասին ՀՅԴ-ն արել է բազմաթիվ հայտարարություններ, սակայն համապետական կեղծվող ընտրություններից հետո կոալիցիա է կազմել կեղծիքով ձեւավորված իշխանության հետ, կիսելով պաշտոններ, պորտֆելներ, մանդատներ, տնտեսական եւ քաղաքական այլ քվոտաներ:

Մարտի 1-ը մեկ կամ տասը օրում հասունացած ողբերգություն չէր, այլ տարիներ շարունակ խեղված քաղաքական եւ ընտրական համակարգի հետեւանք, ողբերգական գագաթնակետ: Դաշնակցությունը նպաստել է այդ համակարգի բյուրեղացմանը, լեգիտիմացմանը, իբրեւ թե «ներսից» այն փոխելու ցանկությամբ կամ իշխանության մեջ ընդդիմություն լինելու «նոու հաուով»:

Դաշնակցությունը մինչեւ վերջին պահը կառչած մնաց իշխանությունից, քանի դեռ այլեւս հստակ չէր, որ այն չկա: Միայն դրանից հետո ՀՅԴ-ն հայտարարեց, թե միանում է ժողովրդական գործընթացին, երբ զգաց, տեսավ, թե այլեւս որտեղ է իշխանությունը կամ ով է իշխանությունը:

Ներկայում Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ իրենք իշխանության մեջ են Նիկոլ Փաշինյանի հրավերով, որպեսզի օգնեն, իսկ երբ ուզեն՝ կգնան: Ամբողջ հարցը այն է սակայն, թե երբ կուզեն: Օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանությունից ՀՅԴ-ն հեռացավ երկու անգամ՝ մեկը երբ Սերժ Սարգսյանը ուղղակի անտանելի պայման ստեղծեց ՀՅԴ համար՝ հայ-թուրքական դիվանագիտությամբ, եւ երկրորդ անգամ՝ երբ այլեւս հեռացել էր իշխանությունը: Փաստացի իհարկե մեկ անգամ, որովհետեւ երկրորդ անգամ իշխանություն այլեւս չկար, որ ՀՅԴ-ն էլ հեռանար դրանից:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունից էլ ՀՅԴ-ն կհեռանա միայն իր համար Փաշինյանի ստեղծած որեւէ անտանելի իրավիճակի դեպքում: Կստեղծի՞ Փաշինյանն այդ իրավիճակը, թե՞ Դաշնակցության համար կստեղծի քաղաքական որեւէ նախադեպ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache