«Անտեր մնացած» համայնքապետերը հույս են դրել ԲՀԿ-ի վրա

175

lragir.am — Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Արմավիրի մարզ այցելած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այնտեղ դիմավորել են մեծ շուքով: Դիմավորողների թվում է եղել նաև Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Ասում են՝ նա ոչ միայն ողջագուրվել է Ծառուկյանի հետ, այլ նաև նրան դիմել է «մեծ բարերար և բարեգործ» տիտղոսներով: Այնինչ, ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական Խլղաթյանը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:

Այս փուլում տեղեկություններ են կան, որ ՀՀԿ-ական գյուղապետերն ու քաղաքապետերը փորձում են ընդգրկվել ԲՀԿ շարքերը: Ըստ լուրերի՝ համանքապետերը փորձում են հասկանալ՝ ԲՀԿ-ն ի զորու կլինի՞ պաշտպանել իրենց:

Այս օրերին հրաժարականի դիմում են գրում մարզպետները: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արդեն հայտարարել է, որ բոլոր մարզպետներն անխտիր հրաժարական են տալու: Միաժամանակ նոր կառավարության անդամները չեն մանրամասնում՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետի պորտֆել ունենալու են, թե ոչ: Մամուլում տեղեկություն կա, որ ԲՀԿ-ն կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին: Չի բացառվում, որ այս տեղեկությունը հաշվի առնելով է Արմավիրի քաղաքապետը փորձում հաճոյանալ Ծառուկյանին:

Ռուբեն Խլղաթյանը Արմավիրը ղեկավարում է 2004 թվականից, այնուհետև 2007, 2011 և 2015 թվականներին վերընտրվել է: Նա հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարբեր քրեական պատմություններով, նաև իր որդու արարքներով, երբ քաղաքում նրա որդու մասնակցությամբ կրակոցներ էին հնչել: Նա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է: Իր կառավարման տարիների ընթացքում Խլղաթյանը միայն մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել՝ 2013 թվականի փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ ի թիվս մի շարք բնակավայրերի, Արմավիրում ևս Սերժ Սարգսյանը պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Տեղեկություն եղավ, որ հրաժարականը կապված է ՀՀԿ-ի համար անհրաժեշտ ձայներ չապահովելու հետ: Հետո հայտարարվեց, որ կառավարությունը չի ընդունել Խլղաթյանի հրաժարականը, քանի որ դրա հիմքում անձնական պատճառներ են եղել:

ՀՀԿ-ական համայնքապետերի մեծ մասը տարիներ շարունակ ծառայություն են մատուցել ոչ թե ժողովրդին, այլ իրենց կուսակցության ղեկավարությանը: Նրանք ընտրությունները կեղծելու միջոցով ապահովել են ՀՀԿ-ի վերարատադրությունը, պարբերաբար աչքի են ընկել կրիմինալ պատմություններով, անպատժելիության մթնոլորտ են ստեղծել իրենց շուրջ: Եվ եթե ԲՀԿ-ն փորձում է այս մարդկանց միջոցով հետագայում ամրապնդել իր դիրքերը, ապա ինչո՞վ է տարբերվելու ՀՀԿ-ից:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache