Լրահոս

Ապագա պայմանագրով կնախատեսվի Թուրքիայի ռազմական միջամտություն ԼՂ հակամարտությանը.

 

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը վերջերս հայտարարել է, թե, որպես Հայաստանի աջակից, Ռուսաստանի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կարող է ստիպeլ Թուրքիային, որպես պատասխան քայլ, նույնպես միջամտել հակամարտությանը` աջակցելով Ադրբեջանին: Այդ հայտարարությունը համընկավ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հայտնած տեղեկություններին, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթահրթիռային համալիրները տեղակայել Հայաստանի հետ սահմանին. գրում է Правда.ру-ն:

«Երբ այս տարվա ապրիլին Թուրքիան պայմանավորվածության եկավ Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման մասին, քչերը կարող էին ենթադրել, որ հակաօդային պաշտպանության այդ նոր համակարգը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում զինված ուժերի հավասարակշռության վրա: Նախապես ենթադրվում էր, որ С-400-ներն անհրաժեշտ են Անկարային սեփական ՀՕՊ համակարգն ուժեղացնելու համար: Սակայն տեղեկացված աղբյուրներից հայտնի դարձավ, որ հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ժամանակ երկու երկրների գեներալները քննարկել են թուրքական բանակի աջակցության հնարավորությունը Հայաստանի առաջխաղացման հզորությունը զսպելու հարցում»,- գրում է կայքը` հավելելով, որ Բաքուն, մասնավորապես, տագնապով է ընդունել Հայաստանին «Իսկանդեր»-ներ տրամադրելու փաստը, որոնցից երկիրը պաշտպանելու հնարավորություն ադրբեջանական ՀՕՊ-ը չունի:

«Ռուսաստանը հրաժարվում է Ադրբեջանին «Իսկանդեր»-ներ վաճառել: Արդյունքում ` Բաքուն տագնապ է հնչեցրել` ինչպե՞ս պաշտպանել երկիրը Հայաստանի կողմից հրթիռային հարձակման դեպքում: Ինչպես միշտ օգնության է եկել Թուրքիան, որը շուտով կսկսի իր տարածքում տեղակայել С-400-ները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` վերջերս արած հայտարարությունը, թե Բաքուն «հակաթույն» ունի հայկական «իսկանդերների» դեմ, Երևանի վերլուծաբաններին հանգեցրել է այն մտքին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նկատի ունի հենց Ռուսաստանից ձեռք բերված թուրքական С-400-ները: Եվ հիմա այդ վարկածն անուղղակիորեն հաստատում են թուրքական ԶԼՄ-ները` հաղորդելով, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահմանին С-400 տեղակայել»,- գրում է կայքը:

Նշվում է, որ Թուրքիային դժվար  թե սարսափեցում է Հայաստանի կողմից ռազմական հարձակումը, հետևաբար` С-400-ը Հայաստանի հետ սահմանին տեղակայելը մեկ նպատակ է հետապնդում` հակակշիռ ստեղծել հայկական «Իսկանդեր»-ներին, որոնք, ըստ Բաքվի և Անկարայի, ցանկացած պահի կարող են ուղղվել Ադրբեջանի կողմը:

«Եվ Անկարայի կողմից համերաշխության այս ժեստը կարող է Ադրբեջանի հետ պաշտպանական հզոր դաշինքի ստեղծման առաջին քայլը լինել: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստորագրել են ռազմական փոխօգնության մասին պայմանագիր, իսկ հիմա երկու երկրների գեներալները ռազմական միության մասին պայմանագիր են նախապատրաստում: Այդ ապագա պայմանագրի կետերից մեկը կնախատեսի Թուրքիայի ռազմական միջամտություն Ղարաբաղյան հակամարտությանն այն դեպքում, եթե հարևան Հայաստանը խախտի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- գրում է կայքը:

Նշվում է նաև, որ Թուրքիան նախատեսում է ռազմակայան տեղակայել Նախիջևանում, իսկ 2018-ին` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շահագործումից հետո, թուրքական զորքերն ու զինամթերքն օպերատիվորեն կարող են տեղափոխվել Ադրբեջան:

«Ե՞րբ կլինի նման անհրաժեշտություն, և արդյո՞ք Թուրքիան կկռվի Ադրբեջանի կողմից Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում, դեռ դժվար է ասել: Սակայն Բաքվի և Անկարայի միջև ռազմական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան այլ ընտրություն չի ունենա և, դաշնակցային իր պարտավորությունների համաձայն, պիտի մասնակցի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին: Սակայն որոշիչ խոսքն այստեղ, ըստ երևույթին, շարունակում է մնալ Ռուսաստանինը»,- եզրափակում է կայքը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing