Լրահոս

Ապրե՞լ, թե՞ չմեռնել։ Հայաստանն ընտրել է երկրորդը

 

aprel-te-chmernel

168.am – «Եվրամիության ENPARD ծրագրի հիմքում հենց այս գաղափարն էր ընկած, որի շրջանակներում մենք 20 միլիոնից ավելի եվրո կհատկացնենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար: Օրեր առաջ ես գյուղատնտեսության աջակցության ևս 7 միլիոն եվրոյի ծրագիր եմ ստորագրել»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Անցել է արդեն մի քանի օր, բայց զարմանալիորեն այդ ծրագրից օգտվող որևէ հայ գյուղատնտես ԱԱԾ չի հրավիրվել ու չի հարցաքննվել պետականաքանդ գրանտակերության գործի շրջանակներում։ Անգամ Սվիտալսկիին որևէ դեպուտատ կամ հաստիքային մեկ այլ հայրենասեր անցանկալի անձ հայտարարելու կոչ չի արել։ Զարմանալի է, որովհետև Հայաստանում իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր ամերիկյան ու բրիտանական բուհերը համարում են գործակալական ցանցեր, իսկ ամերիկյան կամ եվրոպական որևէ դրամաշնորհ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, իմա՝ Հայաստանի գործող իշխանության հիմքերին ուղղված քայլ։

Բայց այս մեկի մասին լռում են, որովհետև սա մարդու իրավունքների պաշտպանության համար հատկացված մի քանի հազար դոլարանոց գրանտ չէ, այլ մի ամբողջ 7 միլիոն։ Եվրո։ Այսինքն՝ սա պետականաշեն գրանտ է, ոչ թե՝ որովհետև գյուղեր են շինվելու ու այգիներ են տնկվելու, այլ ատկատներ են քերվելու ու այգիներ են տնկվելու՝ քերողների ամառանոցներում։

Հայաստանի վատ վիճակի մասին ցանկացած բանավեճում բոլոր իշխանականները՝ որպես դրական ձեռքբերումներ, աչքակոխ են անում, ասենք, Կադաստրի, Ճանապարհային ոստիկանության, անձնագրային կենտրոնների ու մի շարք այլ հանրային ծառայությունների՝ վերջին տարիներին իսկապես բարելավված պայմանները. մեկ պատուհանի փոխարեն՝ տասնյակ պատուհաններ, նախկին մուննաթավոր աշխատակիցների փոխարեն՝ գեղեցկադեմ աշխատակցուհիներ, կաշառքի գրեթե բացակայություն՝ էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, և այլն։ Ու իրավացի են աչքակոխ անողները, սրանք բնագավառներ են, որոնցում սպասարկումը հասել է գրեթե զարգացած երկրների հետ համադրելի մակարդակի։

Բայց աչքակոխ անողները լրիվ ազնիվ չեն ու չեն աչքակոխում նաև փաստը, որ այդ ձեռքբերումների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ՝ ամբողջը, արձանագրվել է ԵՄ-ի ու ամերիկյան տարբեր կառույցների հատկացրած օժանդակությամբ։ Այդ մասը չեն ասում, որովհետև կամ դրանից առաջ են արդեն հասցրած եղել որևէ գրանտակեր լրատվամիջոցում արևմտյան փողեր ստացողներին որակել՝ որպես լրտես, կամ արդեն իսկ ստացել են պատվերը՝ հերթական ասուլիսում նույնը հայտարարելու մասին։

Արտաքին քաղաքական ընտրության մասին խոսակցություններն իշխանության ներկայացուցիչները հանգեցնում են տնտեսական ինչ-որ հույսերի՝ երկրի համար ամենակենսական այդ հարցն իջեցնելով Կրասնոդարի բազարի դախլչու մակարդակի, որտեղ իրենց հանրապետական համոզմամբ՝ պետք է վաճառվի Արարատյան դաշտի վարունգն ու Շիրակի մարզի կաղամբը։

Նույն տրամաբանության շրջանակներում եվրոպական ընտրությունը նրանց համար համասեռամոլներն են, որոնց հետ, ի դեպ, հաճույքով տժժում են նժդեհականությունից ազատ ժամանակ՝ եվրասիական պետության հարկատուների հաշվին եվրոպական վոյաժների ժամանակ։ Ու այն գռեհկությունը, որը սերտված գռեհկություն է արտաքին քաղաքականության մասին դատարկաբանողների կողմից, արտաքին քաղաքական ընտրությունն անշեղորեն պահում է այդ՝ վարունգի մակարդակում, որը սողացող մակարդակ է, թփային մակարդակ է ու անգամ ոտնաչափ ծլարձակում չունեցող մակարդակ է։ Դա եվրոպական փողերով ապրելու ու եվրոպական փողերը մսխելու ու եվրասիական ինդուլգենցիայով չդատվելու մակարդակն է, որը Հայաստանի ինքնիշխանությունը հասցրել է որակյալ քիմիաթերապիա ստացող քաղցկեղով հիվանդի ինքնախաբեության աստիճանի, ով հպարտանում է գանգրահեր կեղծամով՝ այդպես էլ համարձակություն չունենալով նայել հայելուն՝ կեղծամը հանելիս։

Եվրասիական ու եվրոպական ընտրություններն իրականում փոխբացառող ընտրություններ են։ Որքան էլ հանրապետական ջահելները հավատան հակառակին, նորահայտ ընդդիմադիրներն էլ թմբկահարեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսն ընտրելու ամորֆության պսևդոհամարձակությունը։

Հայաստանի համար եվրասիական ու եվրոպական ընտրությունն իրականում ընտրություն է՝ չմեռնելու ու ապրելու միջև։ Եվրասիականն ընտրություն է՝ քարշ գալու մասին ու հանուն յոլա գնալու։

Ընտրություն է գոյատևելու մասին ու հանուն ամեն բամփումից բարոյական հաղթանակ սարքելու։ Իրական անվտանգության ապահովման փոխարեն՝ անվտանգության այնպիսի կազմակերպությանը կցվելու ընտրություն է, որն անվտանգությունը փոխարինում է կազմակերպության ղեկավարի Ծիծեռնակաբերդ կատարած պարբերական այցերով։ Առավոտվա խաշի ու երեկոյան նանարների արանքում անցկացվող հավաքական անվտանգության պայմանագրի ծիրին մեջ, բնականաբար։ Եվրասիական ընտրությունը ժամանակ առ ժամանակ լավ քիմիաթերապիա ստանալու ողորմության ընտրություն է, որի պայմանը բուժիչ բալասանի մասին նույնիսկ չմտածելն է։

Եվրոպական ընտրությունն ընտրություն է ապրելու մասին ու ապրելու համար։ Որովհետև եվրոպական ընտրությունն ազատության ընտրություն է, որն արարումի պայմանն ու խթանիչն է։ Եվրոպական ընտրությունը սպառողից ստեղծողի վերածվելու ընտրություն է, որը դժվար, բայց հանուն կյանքի ընտրություն է։ Ու նաև պատասխանատվություն ենթադրող ընտրություն է, որից այդքան սիրում են թռնել եվրասիական ընտրության միջոցով հարստացած ներկա ու նախկին պաշտոնյաները՝ սովորաբար դեպի եվրոպական ուղղություններ թռչող ինքնաթիռներով։ Որովհետև նրանք իրենց համար իրականում ընտրել են եվրոպական կյանքը, պետությանը վերապահելով ոչ թե՝ ապրելու, այլ՝ հարատև չմեռնելու եվրասիական ընտրությունը։

Կեցցե՛ Եվրասիական միությունը։ Ամենասպանիչ միությունն աշխարհում։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am