Լրահոս

Ապրիլի պատերազմից հետո առաջին անգամ

 

arm148144721985

lragir.am — Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի ու Արցախի զորամասեր, նաեւ Արցախի հյուսիս-արեւելյան՝ Թալիշի եւ Մատաղիսի շրջակայքի պաշտպանական դիրքեր, Բակո Սահակյանի հետ միասին:
Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է այցելում այս շրջան: Թվում է որեւէ արտառոց բան չկա, քանի որ Սարգսյանն իր շրջայցի ընթացքում եղել է սահմանագծի տարբեր հատվածներում, ստուգել դիրքերի ամրացմանն ուղղված աշխատանքները:
Այս պարագայում սակայն կա մի նշանակալի հանգամանք:
Ապրիլին հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ երկու հատվածում՝ հարավում եւ Թալիշի ուղղությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները մտան նույնիսկ Թալիշ:
Հրադադարի հաստատումից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ մանդատի ընդլայնման եւ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման վերաբերյալ:
Վիեննայից հետո տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որը շատերը, այդ թվում նաեւ ԵԱՀԿ շահագրգիռ շրջանակները, գնահատեցին որպես Վիեննայի պայմանավորվածությունները վերացնելու ռուս-ադրբեջանական սեպարատ փորձ:
Սանկտ Պետերբուրգից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց հարավային առաջնագիծ, Բակո Սահակյանի ուղեկցությամբ: Ընդ որում, նա քաղաքացիական հագուստով էր, եւ այդ կապակցությամբ կարծիքներ հնչեցին, որ Սարգսյանն այդպիսով ճանաչել է նոր սահմանը հարավային ուղղությամբ:
Այդ ժամանակ նա Թալիշ չայցելեց, ինչը նշանակում էր, որ այստեղ սահմանի հարցը «բաց է մնում»: Եվ ահա, ապրիլից հետո նա առաջին անգամ այցելում է նաեւ սահմանի այդ հատված, ընդ որում՝ ոչ թե քաղաքացիական հագուստով, այլ կամուֆլյաժով: Այսինքն, այս հատվածում սահմանի փոփոխությունը չի «ճանաչվում»:
Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Վիեննայի մասով, պայմանավորվածությունների վերաբերյալ քիչ թե շատ հրապարակային տեղեկատվություն կա՝ ԵԱՀԿ մանդատի ընդլայնումն ու հետաքննությունների մեխանիզմների ներդրումը: Սակայն Սանկտ Պետերբուրգի եռակողմ «սեպարատ» հանդիպման պայմանավորվածությունները մնում են գաղտնիության շղարշի տակ: Արդյոք դրանք կապված են եղել ապրիլի ռազմական գործողությունների արդյունքում առաջացած նոր սահմանների հետ, եւ Հայաստանն էլ պետք է ճանաչեր այդ իրողությունը ասենք հետաքննության մեխանիզմների տեղակայման ադրբեջանական համաձայնության դիմաց:
Հիշեցնենք, որ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից հետո հայտարարել էր, թե կորցրած տարածքներն աննշան են, եւ ինքը չի պատրաստվում դրանք հետ բերել: Թեեւ, ռազմական գործողությունների օրերին նա պնդում էր, որ իրավիճակը պետք է վերադարձնել ապրիլի 1-ի դրությամբ սահմանին:
Սարգսյանի արցախյան այցին զուգահեռ Համբուրգում տեղի էր ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարների վեհաժողովը, որի ընթացքում բավական ինտենսիվ քննարկվեց ղարաբաղյան թեման: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն ընդունեցին, որը խոշոր հաշվով նշանակում էր, որ բանակցային գործընթացը սառեցվում է:
Դա նշանակում է, որ Հայաստանին եւս մեկ հնարավորություն է տրվում դադարեցնել Մոսկվայի ու Բաքվի հետ «սեպարատ» խաղերը եւ ղարաբաղյան թեման տեղափոխել լիովին այլ՝ միջազգային անվտանգության մակարդակ:
Ոչ ոք աշխարհում Ադրբեջանին չի պատրաստվում հողեր վերադարձնել, բայց այդ հողերը հայկական վերահսկողության տակ պետք է իմաստավորվեն ոչ միայն որպես տարածքային ամբողջականության մաս, այլեւ միջազգային անվտանգության կարեւոր տարր: Դրանք պետք է վերաբնակեցվեն ու զարգանան, ինչի մասին միջազգային կառույցները հայկական կողմին ակնարկել են բազմիցս, այդ թվում մոնիտորինգների միջոցով:
Հայաստանին եւս մեկ հնարավորություն է տրվել ամրացնել սահմանները, պատրաստ լինել ռազմական ցանկացած արկածախնդրության: Արդյոք Սերժ Սարգսյանի այս այցը նշանակում է, որ հայկական կողմը գիտակցել է այս խնդիրները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing