Լրահոս

Ապրիլյան պատերազմում հայկական կողմից զոհերի թիվն ավելի մեծ է եղել, քան ներկայացնում է ՊՆ-ն

 

Ապրիլյան պատերազմում հայկական կողմից զոհերի թիվն ավելի մեծ է եղել, քան ներկայացնում է Պաշտպանության նախարարությունը։ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ 168 մահացածների պաշտոնապես ներկայացված ցանկը ոչ լիարժեք է։

Արթուր Սաքունցն ասում է. «Որոշակի հարցումների արդյունքում ունենք անուն-ազգանուններ, որոնք որևէիցե տեղ չեն հիշատակվել։ Այսինքն՝ 168-ի մեջ հիշատակված անուն-ազգանունները և մեր ունեցած պաշտոնական տվյալներում նշված քրեական գործերով անուն-ազգանունների միջև կա տարբերություն»։

Իրավապաշտպան կառույցի տվյալը պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել՝ հորդորելով ներկայացնել անուն-ազգանուններ։ Իսկ ՀՔԱՎ-ը խոստանում է առաջիկայում խոսել կոնկրետ փաստերով։

Ապրիլյան պատերազմում բանակում ի հայտ եկած թերություններն իրավակական գնահատականի չեն արժանացել։ Արձանագրում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իրավապաշտպան կառույցի հաղորդմամբ՝ ոչ բավարար է գործել բժշկական սպասարկումը, ինչը դուրս է մնացել իրավապահների տեսադաշտից։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ առնվազն երեք հոգի մահացել է ոչ թե մարտական գործողության ընթացքում, այլ ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրության հետևանքով։ Սրանցով գոնե պետք է քրեական հետապնդում իրականացվեր և պարզաբանվեր»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում այսօր էլ օրակարգային է և կենսական։ Քառօրյայից հետո ՀՔԱՎ-ը զոհերի ընտանիքներ այցելություններով  է պարզել՝ 61-ից միայն 4-ն ունի սոցիալական բավարար վիճակ։ Արթուր Սաքունցը վստահ է՝ պաշտոնյաների երեխաները չեն հայտնվում դիրքերում։ Նա դիմում է Պաշտպանության նախարարին՝ հակառակն ապացուցող թվեր ներկայացնելու կոչով.

«Հիմա եմ ես ասում, պարոն Պաշտպանության նախարար, ներկայացրեք այս պահին առաջնագծում քանի պաշտոնատար ընտանիքի երեխա է ծառայում, ասում են՝ ծառայում են, ծառայում են, բայց կարող է՝ զորամասերում ծառայում են տմբուշկի մոտ կամ Պաշտպանության նախարարությունում»։

Անցած նոյեմբերին իրավապաշտպանը հայտարարեց՝ անորակ վառելիքի և անսարք զինտեխնիկայի պատճառով զոհերն ավելի շատ են եղել։ Պաշտպանական գերատեսչությունը հերքել էր ասվածը, բայց վերջերս այդ փաստն ընդունեց նաև վարչապետ Կարապետյանը։ Անգամ դրանից հետո քրեական գործ չի հարուցվել՝ ուսումնասիրությւոն կատարելու համար։

Արթուր Սաքունցն ասում է. «Մարդկային զոհեր են եղել, խնդիրն այն չի, որ զուտ վառելիքն անորակ է եղել, ֆլեշի Բարսեղն առել ինչ-որ բան է խառնել։ Այդ վատ վառելիքի, զինտեխնիկայի չաշխատելու պատճառով մարդկային զոհեր են եղել։ Արձանագրենք, որ վառելիքի հետ կապված խնդիրները առկա են եղել, դա հիմնավոր է, և արձանագրում ենք, որ այդ ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara