Լրահոս

«Արա՛, դու երեւի չհասկացար, քեզ ԱԱԾ-ից են զանգել, իսկ դու կապիկություն ես անում»

 

341_medium

Քանդակագործ Հարութ Կարապետյանը, ով Առինջ գյուղի բնակիչ է, կարծում է, որ ՀՀ ԱԱԾ-ին հետաքրքրել է իր համեստ անձը հենց այն բանի համար, որ ինքը մեկն է եղել այն հայրենասեր քաղաքացիներից, ով պատրաստ է եղել մեկնել սահմանագիծ՝ հետ բերելու, Ս. Սարգսյանի բնորոշմամբ, կորցրած «անպետք 100 մետր հողատարածքը»: Հարութ Կարապետյանը կամավոր դիմել է, որպեսզի կորցրած տարածքները հետ բերել ցանկացող խմբի հետ մեկնի Արցախ՝ առաջնագիծ:

ԱԱԾ-ից քանդակագործին զրույցի են հրավիրել հեռախոսով: Զանգահարել են, ներկայացել, հետո ասել՝ եկ զրուցելու բան ունենք:

«Ներկայացավ, ասաց անուն, ազգանուն, պաշտոն, բայց չֆիքսվեց իմ մեջ, չմտապահեցի: Ասում էր՝ արի ընկերական հետդ մի երկու բան ունենք խոսելու, ես էլ իրեն ասացի՝ ԱԱԾ-ի հետ ընկերական չեն շփվում, այլ շփվում են պաշտոնական: Ասի՝ բարի եղեք ինձ փաստաթուղթ ուղարկեք, եւ ես Ձեր հարցերին պատասխանեմ: Ինձ պատասխանեց, թե՝ ինչ փաստաթուղթ, այ ախպեր, մենք քեզ մարդկային, ընկերական զրույցի, շփման ենք կանչում: Ես էլ ասացի՝ բայց ախր ձեր կառույցն այդ կառույցը չի, որ մարդկային, ընկերական շփվենք: Պետություն ներկայացնող կառույց եք եւ պարտավոր եք շփվել մարդկանց հետ միայն փաստաթղթով, օրենքի շրջանակներում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց Հարութ Կարապետյանը:

Նրան սկզբում հրավիրել են Աբովյան քաղաքի ԱԱԾ գրասենյակ: Երբ հրաժարվել է, առաջարկել են հանդիպել Առինջ գյուղի գյուղապետարանում:

«Ես էլ այդ ժամանակ գյուղում չէի, ասացի՝ չեմ կարող հիմա գալ, որովհետեւ գործ ունեմ եւ չգիտեմ երբ կհասնեմ գյուղ, որ գամ ձեզ հետ զրույցի: Այդ ժամանակ արդեն ասաց՝ արա՛, դու երեւի չհասկացար, քեզ ԱԱԾ-ից են զանգել, իսկ դու կապիկություն ես անում: Ես էլ ասացի՝ ես կապիկություն չեմ անում հաստատ եւ արա էլ չեմ: Ինձ հետ պարտավոր եք «Դուք»-ով խոսել: Եվ միայն ծանուցագրով կգամ ու էլ հրավերի համար մտքներով չանցնի մյուս անգամ զանգել, որովհետեւ ես այսպես կանչով չեմ գա, ու անջատեցի»:

Սրանից հետո չեն զանգել ԱԱԾ-ից: Մեր այն հարցին, թե ինչով էիք գրավել ԱԱԾ-ին, քանդակագործը պատասխանեց.

«Հաստատ ոչ իմ մասնագիտությամբ: Հա, արանքում էլ հարցրեց մասնագիտությունս, ասի՝ քանդակագործ եմ, ասաց՝ դե կգաս քանդակներից էլ կխոսանք»:

Հարութ Կարապետյանն իրեն համարում է ակտիվ քաղաքացի.

«Մաշտոցի պուրակ, Թռչկանի ջրվեժ: Հիմա այնքան էլ ակտիվ չեմ: Հիմնադիր խորհրդարանի անդամ էլ չեմ, բայց ընկերներ ունեմ իրենց միջից ու Խորենացիում էլ եղել եմ: Բայց ավելի շատ, որ մտածում եմ, դա կախված է ապրիլյան պատերազմի հետ: Երբ որ Ս. Սարգսյանն ասաց, որ կորցրել ենք տարածքներ ու դրանք մեզ պետք չեն, ում որ պետք են, թող գնան վերցնեն, Շուշիի գումարտակն էլ հայտարարություն տարածեց, թե մեզ պետք են այդ հողերը եւ մենք գնում ենք վերցնելու: Այդ ժամանակ կամավորներ սկսեց ցուցակագրել, ես էլ էի ցուցակագրվել որպես կամավոր, որ գնամ Ղարաբաղ: Ինձ թվում է՝ այդ ցուցակն իրենց մոտ է, հերթով կանչում են զրույցի»,- ասաց Հ. Կարապետյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing