Լրահոս

Արա Բաբլոյանի մութ անցյալը. Նա ներողություն է խնդրել

 

Կադրային անսպասելի եւ անակնկալ լուծումներ նախընտրող Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին զարմացրեց հերթական անգամ, ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրելով Արա Բաբլոյանին: Բաբլոյանը ՀՀԿ-ական պատգամավոր է շատ վաղուց, թեեւ երբեք չի եղել քաղաքականության առաջնագծում: Փոխարենը, Արա Բաբլոյանն առաջնագծում է հայտնվել ուրիշի փոխարեն քվեարկությունների գործում:
Այդ առումով նրա քաղաքական կենսագրությունն ունի փոձառություն: Օրինակ, Արա Բաբլոյանը աղմկոտ պատմության կենտրոնում հայտնվեց 2012 թվականի փետրվարին, երբ լրագրողները արձանագրել էին ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների քվեարկությունն ուրիշի փոխարեն: Այդ թվում, օրինակ, Արեգ Ղուկասյանի՝ Արցախի նախկին նախագահ, ներկայում Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանի եղբոր, կամ Հերմինե Նաղդալյանի, կամ Գագիկ Մելիքյանի: Նաեւ Արա Բաբլոյանի:
Բայց, Արա Բաբլոյանն այդ պատմության մեջ ցուցաբերեց բացառիկ վարք: «Բռնվածներից» նա միակն էր, որ հրապարակավ ներողություն խնդրեց այդ արարքի համար եւ հայտարարեց, թե սխալ է արել:
Մյուսներն այդպես էլ չընդունեցին այն, ինչ արձանագրել էին լրագրողները: Ըստ ամենայնի Արա Բաբլոյանի այդ բացառիկ վարքն էլ արժանացել է Սերժ Սարգսյանի ուշադրությանը, եւ այժմ, հինգ տարի անց, նա տալիս է իր գնահատականը, համարելով, որ բացառիկ վարք դրսեւորած եւ սխալի համար ներողություն խնդրած Արա Բաբլոյանն արժանի է գլխավորել Ազգային Ժողովը:
Հիմա երեւի Գագիկ Մելիքյանն ու Հերմինե Նաղդալյանը, որոնք կրկին պատգամավոր են, շատ են ափսոսում, որ հինգ տարի առաջ ներողություն չխնդրեցին ուրիշի փոխարեն քվեարկելու համար:
Այդպիսով, թերեւս պարզ է, թե Արա Բաբլոյանի հատկապես որ արժանիքն է դեր խաղացել Ազգային Ժողովի նախագահ դառնալու հարցում: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին եւ կատարել է մի քայլ, որից հետո ՀՀԿ-ականները երեւի կսկսեն ներողություն խնդրել ոչ միայն արածների, այլեւ չարածների համար: Ավելին, նրանք գուցե որեւէ բան անելուց առաջ կվարվեն այնպես, ինչպես հայտնի ֆիլմում անմարդաբնակ կղզում Ռոբինզոնին հանդիպած ցեղերի ներկայացուցիչները՝ ներողություն կխնդրեն որեւէ վատ բան անելուց առաջ, որպեսզի հետո չմոռանան խնդրել:
Ակնառու է նոր քաղաքական մշակույթի ահռելի ներուժը, որ իր կարդային որոշումով ՀՀԿ-ին հաղորդում է Սերժ Սարգսյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing