Լրահոս

«Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել» Վանոյի նամակը Վազգենին

 

Այսօր հոկտեմբերի 27-ն է՝ Հայաստանի նորագույն շրջանի ողբերգական իրադարձություններից մեկի 18-րդ տարին:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում ընթանում էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը, նիստերի դահլիճ ներխուժեցին մի խումբ զինված անձինք (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան), որոնք կրակոցներ արձակեցին դահլիճում՝ որպես հիմնական թիրախ ունենալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: Կրակոցներից զոհվեցին նաեւ Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանը անձնական նամակ էր գրել Վազգեն Սարգսյանին, որտեղ նրան զգուշացնում էր վերջինիս դեմ դյութվող դավի ու նախապատրաստվող աղետի մասին: Նամակն ավարտվում էր հետեւյալ տողերով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով…

Զանգիր խոսենք։

Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։

P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:

Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»:

Վանո Սիրադեղյանի ակնարկած հայտը առաջիկա խորհրդարանական ընտրություններն էին: Նա Վազգեն Սարգսյանին զգուշացնում էր մինչեւ ընտրությունները դյութվող դավից (Վանոն մի փոքր սխալվեց ընդամենը ժամանակային հարցում. դավը եղավ, բայց ընտրություններից հետ):
Այդ ընտրություններին Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը մասնակցում էր Կարեն Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ. ստեղծվել էր «Միասնություն» անունով նախընտրական դաշինք: Խորհրդարանական ընտրություններում այդ դաշինքի հաղթանակը կնշանակեր անգլիական թագուհու կարգավիճակ 1998-ի պետական հեղաշրջման արդյունքում նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների համար: Թիմակիցների շարքում էր այդ ժամանակ Հայաստանի Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը:

hoktemberi 27

1998-ի պետական հեղաշրջումը կազմակերպվել էր Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այնուհետեւ Վազգեն Սարգսյանի գործոն աջակցությամբ էր Ռոբերտ Քոչարյանը դարձել նախագահ՝ նախագահական ընտրություններում հաղթելով Կարեն Դեմիրճյանին: Դեռ այդ տարիներին խոսակցություն կար, որ Վազգեն Սարգսյանը փոշմանել էր իր քայլերի ու դերակատարության համար ու որոշակի հակադրության մեջ մտել Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի հետ՝ դաշինք կազմելով Կարեն Դեմիրճյանի հետ:

1999-ի մայիսի 30-ն կայացած խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքը հաղթեց՝ հավաքելով 41,69 տոկոս ձայն. Կարեն Դեմիրճյանը դարձավ Ազգային ժողովի նախագահ, Վազգեն Սարգսյանը՝ վարչապետ: Ռ. Քոչարյանի ու նրա համախոհների դիրքերը թուլանում էին, Քոչարյանի նախագահությունը ձեւական էր, ռեալ իշխանությունը Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ձեռքում էր:

Այդ ընտրություններից 5 ամիս անց տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի սպանդն ու պետական իշխանության գլխատումը: Վանոյի խոսքով ասած՝ «կերան» ոչ միայն Կարեն Դեմիրճյանի, այլեւ Վազգեն Սարգսյանի ու մյուսների գլուխները:

Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում ռեալ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքը:

 

Համլետ Կիրակոսյան



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am