Առաջիկա ԲԷՑ-ը 310 մլն դրամ կվերադարձնի բյուջե. Դավիթ Սանասարյանն ամփոփում է իր 100 օրը

40

Պետական վերահսկողության ծառայությունը այս ընթացքում հասցրել է ուսումնասիրություններ իրականացնել 6 ընկերություններում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով, իրենց թիմը համալրվել է պրոֆեսիոնալներով. «Իրականում դժվար է զբաղվել պրոֆեսիոնալ գործով և ստանալ ավելի քիչ, քան կարող էին ստանալ մասնավոր հիմնարկում։ Զրոյից կառույցն հիմնելը շատ դժվար, բայց կարեւոր ու հաճելի գործ է»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, ոստիկանության ենթակայության տակ գործող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում:

«Վերջինս լուծարման պրոցեսում էր, դրա համար շտապ արեցինք մեր գործողությունները, որ հասցնենք, հետքերը շատ չվերանան: «Ուկրինվեստ»-ում ենք ուսումնասիրություն արել, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել:

Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ագրարային համալսարանում եւ ունենք արդեն արդյունքներ: ԵՊՀ-ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց ամռանը դադարեցրինք, հիմա շարունակելու ենք: ԵՊՀ-ից վերցրել ենք փաստաթղթերը, սակայն բուն ուսումնասիրության գործընթացը կսկսենք ավելի ուշ, երբ կավարտենք ագրարայիան համալսարանում ուսումնասիրությունները: Բոլոր բուհեր մտնելու ենք: Նաեւ ամփոփում ենք Էջմիածին քաղաքի ուսումնասիրությունները»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ բոլոր այս կառույցներում, ըստ նախնական գնահատականների, հանցակազմ պարունակող իրավիճակներ կան, որոնց մասին կխոսեն իրավապահները:

Հարցին, թե այդ ուսումնասիրություններն ինչ արդյունքների են բրել, Դավիթ Սանասարյանն ասաց. «Առաջին արդյունքը, որ ունենք ԲԷՑ-ին ծառայություն մատուցող մեկ ընկերության նախահաշվային արժեքը 40 մլն դրամով նվազեցվել է: Այսինքն նա շարունակելու է ծառայություն մատուցել, բայց 40 մլն դրամով ավելի նվազ արժեքով: ԲԷՑ-ը ինքնակամ  140 մլն դրամ առաջիկայում պետական բյուջե կվերադարձնի, իրենք ընդունել են այդ պարտավորությունը»:

Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին ԲԷՑ-ից կվերադարձնեն մոտ 310 մլն դրամ, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, 210 մլն դրամ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից, 1,5 մլն դոլար՝ ԲԷՑ-ին սպասարկող միջազգային կապալառու կազմակերպությունից, նաեւ 40 մլն դրամ եւս ԲԷՑ-ի հետ աշխատող կազմակերպությունից:

Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի խոսքով, իրենք ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարներին, վերջիններս գնահատական են տալիս: Դրա արդյունքում, ըստ Սանասարյանի, այդ կազմակերպություններն իրենք ցանկություն են հայտնում հատուցել պատճառված վնասը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache