Առաջիկայում բազմաշերտ իշխանության ներսում սպասվում է նյարդերի պայքար

0

mitk.am — Մայիսի 1-ին վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ աջակցությունն ավելի կարևոր է, քան մյուս երեք խմբակցություններինը միասին վերցրած: Դա թելադրված է խորհրդարանական ստատուս-քվոյով և ինստիտուցիոնալ նոր իրողություններով: 

Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի գրեթե համանման մեկնաբանությունները:

Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին ընտրությանը: Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ, սա էլ Վահրամ Բաղդասարյանի տեսակետն է:

ՀՀԿ-ում բացահայտ չեն ասում, սակայն ակնարկում են, որ պատրաստ են անհրաժեշտ քվեներն ապահովել, որպեսզի Փաշինյանն ընտրվի վարչապետ: Իհարկե, Բաղդասարյանի խոսքում ակնհայտորեն տողատակ կա, որը ենթադրում է որոշակի երկխոսության, գուցե նաև պայմանավորվածությունների անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի և նրա շարժման հետ:

Նման իրավիճակը բազմաշերտ հանգուցալուծումների հնարավորություն է ընձեռում, սակայն որոշակիացնում է ապագա ամիսների, գուցե տարիների համար քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտներին, որոնց փոխհարաբերությունները, կոմպրոմիսները կամ մրցակցությունը ձևավորելու են քաղաքական օրակարգը:

Խորհրդարանական կառավարման համակարգը երբեմն ենթադրում է նման համակեցություն, որը, մի կողմից, գոնե ժամանակավորապես վերացնում է խորհրդարանի լեգիտիմության դեֆիցիտը, մյուս կողմից` թույլ է տալիս սահմանադրական կարգավորումներով լեգիտիմացնել փաստացի իշխանափոխությունը:

Հեղափոխությունը հրապարակներում, փողոցներում մայիսի 1-ին թերևս ավարտում է իր առաքելությունը, և նոր կառավարության խնդիրն է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ գործընթացի հաջողություններին: Մյուս կողմիցայս խորհրդարանի պարագայում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խիստ հարաբերական է, որովհետև առերևույթ նահանջած քրեաօլիգարխիան խորհրդարանում ունի ամենամեծ ներկայությունը և փորձելու է սրբագրել հեղափոխության հետևանքներըխորհրդարանական արտահերթ ընտրությունները համարելով ռևանշի գործիք:

Առաջիկայում բազմաշերտ իշխանության ներսում սպասվում է նյարդերի պայքար, որտեղ հին համակարգը փորձելու է կապիտալացնել իր ահռելի ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսները, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը` հեղափոխության, փողոցի էներգիան: Հեղափոխության պիկին օբյեկտիվորեն հաջորդում է անկումը: Սա թերևս գիտակցում են հանրապետականները, ովքեր փորձում են խաղալ ժամանակի վրա: Ժամանակի գործոնը խիստ կարևոր է նաև Նիկոլ Փաշինյանի թիմի համար. այն կարող է ծառայել նոր որակի պետության ձևավորմանը, կամ ռեստարտի հնարավորություն ընձեռել օլիգոպոլ համակարգին:

Մյուս կողմից` Վահրամ Բաղդասարյանի այսօրվա խոսքում առկա է թաքնված «բայց», ինչը ՀՀԿ-ին թույլ է տալիս իրավիճակի նույնիսկ մասնակի փոփոխության պարագայում վիժեցնել Նիկոլ Փաշինյանի ընտրության գործընթացը:

Այս հանգամանքը զգոնության ազդակ պետք է լինի համաժողովրդական շարժման ղեկավարների համար: Թավշյա հեղափոխության, այսպես կոչված, փողոցային փուլն ավարտված կարելի է համարել միայն այն բանից հետո, երբ մայիսի 1-ին խորհրդարանի լուսատախտակը ցույց տա Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հավաստող քվեարկության պատկերը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache