good-banner
Լրահոս

Առաջին ականը նոր կառավարության տակ

 

arm147402502236

lragir.am-Ասել, թե սպասելի էր, որ Կարեն Կարապետյանի եւ հայաստանյան քաղաքական իրականության բախման առաջին ճակատը դառնալու էր Կարապետյան-ՀՅԴ դիմակայությունը, երեւի թե այդքան էլ բարեխիղճ չի լինի: Բայց, արդեն իսկ որոշակիորեն ուրվագծված դիմակայությունը առաջին իսկ պահից տրամաբանական է եւ օրինաչափ, որի առողջ հանգուցալուծում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Դաշնակցությունն ազատի տնտեսական բլոկը: Կամ էլ Կարեն Կարապետյանը չպետք է զբաղվի տնտեսությամբ:Ընդ որում, այդ տրամաբանությունը կամա թե ակամա արտահայտել է նաեւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով նախօրեին Կարեն Կարապետյանի անցկացրած կառավարության առաջին նիստում նրա ու Արծվիկ Մինասյանի հայտնի երկխոսությանը :

Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ եթե Կարապետյանը տուրք տա շոուների տրամաբանությանն ու անձնական հավակնություններին, ապա այդպես չեն կարող շարունակել երկար: Միաժամանակ նա նշում է, որ եթե Կարապետյանը համաձայն չէ Արծվիկ Մինասյանի հայեցակարգին, ապա պետք է ներկայացնի իր հայեցակարգն, ու քննարկեն:

Բանն այն է, որ կառավարությունը չի կարող աշխատել այդպես, երբ էկոնոմիկայի նախարարն ու վարչապետը հայեցակարգային բանավեճի մեջ են: Չի կարող աշխատել այդպես որեւէ կառավարություն, առավել եւս այնպիսին, որի առաջ դրված է տնտեսությունը ոչ թե զարգացնելու, այլ գործնականում վերակենդանացնելու խնդիր, միաժամանակ լիովին վերափոխելով այն: Իսկ դա Հայաստանից պահանջում է մեղմ ասած ոչ սովորական տնտեսական քաղաքականություն: Բայց ոչ սովորական բովանդակությամբ, ոչ թե մշակման մեթոդաբանությամբ, երբ էկոնոմիկայի նախարարն ու վարչապետը հայեցակարգեր են պարզաբանում, հայեցակարգեր են «կռվացնում»:

Անհրաժեշտ է ոչ սովորական, ստանդարտից, տեսություններից դուրս, նորարար, կրեատիվ տնտեսական քաղաքականություն, որն իրականացնել հնարավոր է միայն տնտեսական մեկ միասնական թիմով, երբ տնտեսական քաղաքականության գլուխ հանդիսացող վարչապետն ու իրականացնող նախարարները միմյանց հասկանում են կես խոսքից, կամ ընդամենը հայացքով, երբ նրանք պատկերավոր ասած կարող են միմյանց հետ չլինել կապի մեջ շաբաթներով, բայց համոզված լինել, որ անում են նույն գործը:Ակնհայտ է, արդեն իսկ պրակտիկ օրինակով, որ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ-ն այդ թիմը չեն ու չեն կարող լինել: Նրանք տարբեր գաղափարախոսական դաշտերում, պատկերացումների տարբեր հարթություններում գտնվող սուբյեկտներ են:

Եթե անգամ ենթադրենք, որ երկուսին էլ մղում է պետության եւ հանրության հանդեպ անմնացորդ մի պատասխանատվություն եւ իրավիճակը արագորեն փոխելու ձգտում, միեւնույն է, միայն մղումն ու ձգտումը քիչ է բան փոխելու համար, պետք է թիմային մտածողություն փոփոխության ենթակա առարկայի եւ առկա խնդիրների լուծումների, հեռանկարների շուրջ, ընդհանրապես աշխարհճանաչողության եւ տեսլականի շուրջ:Ընդ որում, տվյալ պարագայում բացարձակապես չկա խնդիր, թե ում պատկերացումն է լավը կամ ճիշտ: Առավել եւս, որ երկու դեպքում էլ անկասկած շարժիչ ուժը իշխանության խնդիրն է: Այդուհանդերձ, որեւէ առարկայական, համակարգային եւ հետեւողական գործընթացի համար հարկավոր է մեկ թիմ, եւ կառավարության ֆինանսա-տնտեսական բլոկում դա պետք է լինի կամ ՀՅԴ թիմը, կամ Կարեն Կարապետյանի թիմը:

Թիմային քաղաքականության բովանդակային դիտարկումն ու ընթացքի եւ արդյունքի գնահատումը արդեն կլինի այլ հարց:Այդ իմաստով, անկասկած է, որ Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթացում այդ խնդրի լուծում չստանալու դեպքում դա լինելու է նոր կառավարության տակ դրված ական: Ընդ որում, պետք չէ բացառել նաեւ, որ դա ձեռնտու ական կարող է լինել գուցե բոլորի համար՝ հետո դրա համար միմյանց մեղադրելու, պատասխանատվությունը գցելու, քավության նոխազ կերտելու անհրաժեշտ հիմք ունենալու առումով:

Բայց դա չի կարող ձեռնտու լինել հանրային եւ պետական շահի տեսանկյունից, առնվազն պատասխանատվության խնդիրը կոնկրետ եւ հստակ սահմանելու առումով:Ընդ որում, դիմակայության լուծումը կարող է նաեւ չլինել «վիրահատական» տարբերակով: Ավելին, դիմակայությունն ինքնին կարող է նույնիսկ չհաղթահարվել, որպես այդպիսին, բայց դրվել այնպիսի հունի կամ ֆորմատի մեջ, որ ապակառուցողական բնույթից այն ստանա հակառակ էֆեկտի հնարավորություն:

Օրինակ, սոցիալիստական գաղափարախոսությամբ ՀՅԴ-ին (իհարկե հայաստանյան կուսակցությունների եւ այդ թվում ՀՅԴ դեպքում մեծ հարց է գործնականում գաղափարախոսությանը հավատարմությունն ու հետեւողականությունը) վստահվի սոցիալական ոլորտը, որն ինչ որ առումով մրցակցության մեջ կարող է լինել տնտեսական բլոկի հետ: Այդ մրցակցությունը կարող է բերել եթե անգամ անուղղակի, այդուհանդերձ որոշակիորեն նաեւ հանրության համար դրական միտման:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing