Լրահոս

Գեղավարի՝ «քելեք տղեք քվեարկեք», 1000 դրամ հավաքելով բանակ ու պետություն չեն սարքում

 

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը:

–Տիկին Հովհաննիսյան, այս օրերին ամենաբուռն քննարկվող թեման «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծն է, նախատեսվում է յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձել: Ի՞նչ կարծիք ունեք այս նախագծի վերաբերյալ:

-Ես կարծում եմ, որ այս նախագիծը թերի է: Դա շատ նման է նրան, որ մի խումբ լավ տղերք հավաքվեն, հատկապես պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ մեջները լինի, և որոշեն, ասեն. «Տղերք, ցրտերն ընկել են, եկեք 1000-ական դրամ «քցվենք», էթանք մի փոր խաշ ուտենք»: Այս նախագիծը թերի է, որովհետև դրանով հարց չի լուծվում: Անկախ նրանից, որ անհավասարություն գոյություն ունի, որ միլիոնավոր դոլարներ թալանած մարդիկ պիտի 1000 դրամ տան և վերջին չքավորը նույնպես, անկախ նրանից, որ կոռուպցիան բանակում և ոչ միայն բանակում, կերել է բոլոր օղակները, անկախ նրանից՝ դա թափանցիկ գործընթաց կլինի, թե չի լինի, անկախ այն բանից, որ անհեթեթություն է այն, որ միայն 2017-ի հունվարի 28-ից հետո վիրավորվածներին և զոհվածների ընտանիքներին պետք է հասնի այդ օգնությունները, թերի նախագիծ է, որովհետև հարցը հիմնովին չի լուծվում: Այդպիսի նախագծերը պետք է մասնագետների, փորձագետների, հանձնաժողովների կողմից մշակված լինեն՝ հաշվի առնելով նաև մյուս երկրների փորձը, և հարցը պետք է հիմնովին լուծել:

Նախ սկսենք զինվորագրվելուց: Մարդիկ շատ լավ գիտեն, որ առաջնագծում ծառայում են միայն չքավոր ընտանիքների երեխաները, որ շատ-շատ մեծահարուստների երեխաներ ընդհանրապես չեն ծառայում:

Զինվորի վիճակը պետք է ապահովված լինի ոչ թե միայն հանգանակված գումարով, այլ պետության կողմից սահմանված օրենքներով: Ծառայելուց և վերադառնալուց հետո նա պետք է առավելություններ ունենա, որովհետև նա իր պարտքը կատարել է հայրենիքի հանդեպ, նա սահմանն է պահել: Պետք է առողջության լիարժեք ապահովագրություն ունենա, պետք է, ասենք, արտոնյալ պայմաններով վարկ վերցնելու, անվճար ուսման հնարավորություն ունենա և այլն:

–Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ կարծում եք այս նախագիծն անհրաժեշտ է, բայց պետք է լրացումնե՞ր կատարել:

-Անհրաժեշտ է, բայց պետք է ճիշտ նախագիծ լինի՝ մանրամասն ուսումնասիրված, և այդ նախագծով արտոնություններ տրվեն զինծառայողին: Կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը պետք է լուծվի: Այդ գումարները չպետք է հավաքել գեղավարի՝ ասելով. «Քելեք, տղե՛ք, քվեարկեք, 1000-ական դրամ տվեք»: Այդպես պետություն չի լինում, բանակ չի լինում: Ամեն մի քայլի ուզում են փաստել, որ չկա պետություն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...