Առաջին մերժումը. Ինչ է սպասվում ՀՀԿ-ին ու մյուսներին

34

Երեկ Արմենիա Մարիոտ հյուրանոցի սրճարանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ավարտից հետո փակեց սրճարանի հաշիվը։

Այդ հանդիպմամբ մեկնարկեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարքը, նախեւառաջ՝ խորհրդարանի խմբակցությունների: Այսօր եւ վաղը հանդիպումներ են լինելու ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ:

Խորհրդանշական է, որ ՀՀԿ-ի հետ հանդիպումը տեղի ունեցավ Արմենիա Մարիոտում: Ապրիլյան հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը այս հյուրանոցը հռչակեց ժողովրդական բրենդ:

Այստեղ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իշխանությունը խաղաղ փոխանցելու հարցով: Սերժ Սարգսյանը խոսեց կոշտ, զգուշացրեց Փաշինյանին, սակայն մեկ օր հետո հրաժարական տվեց, հայտարարելով, որ Նիկոլը Ճիշտ էր:

Այստեղ պետք է տեղի ունենար նաեւ հանդիպումն այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց, ունենալով Սարգսյանի «դառը փորձը»:

Եվ ահա, երեկվա հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ից չի ստացվել ԱԺ արտահերթ ընտրության համաձայնություն: Նա ասել է սակայն, որ մի հանդիպումով հարցը չի լուծվում, եւ լինելու է բանակցային գործընթաց:

ՀՀԿ-ն փաստացի գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով, առաջին անգամ մերժելով Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Վահրամ Բաղդասարյանը կրկին բերել է ՀՀԿ-ականների ու արտահերթ ընտրությանը դեմ արտահայտվողների անհեթեթ փաստարկները՝ էյֆորիայի, քաղաքական ուժերի կայացման եւ այլնի մասին: Ասելիք ու փաստարկներ չկան, ՀՀԿ-ն պարզապես ցանկանում է առեւտրի մեջ մտնել նեղ խմբակային հարցեր լուծելու համար:

Նույն վիճակն է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում: Կասկած չկա, որ մինչեւ «Նիկոլը ճիշտ էր» ասելը նրանք նույնպես կփորձեն լուծել իրենց խմբակային հարցերը:

Այս երեք ուժերը դարձել են խցան Հայաստանի զարգացման ու վերափոխումների ճանապարհին: Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ եթե բանակցություններն արդյունք չտան, անհրաժեշտ կլինի փողոցի ճնշումը:

Կասկած չկա, որ բավական է մի փոքր ճնշում՝ եւ այդ խցանը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռամիասնությամբ, կթռչի, քանի որ շշին նրան ոչ մի ամրան այլեւս չի պահում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache