Լրահոս

«Առաջին միլիոնի» գաղտնիքը. Ինչու օլիգարխները հեռացան առանց կռվի

 

RA National Assembly session took place

lragir.am — Մամուլն այսօր գրել է Արարատի մարզում Հովիկ Աբրահամյանի «դավադրության» մասին, որտեղ ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն պարտվել է Բարգավաճ Հայաստանին: Ասում են, որ Հովիկ Աբրահամյանը դրանով վրեժ է լուծել հրաժարականի համար եւ իշխանափոխության հայտ ներկայացրել:
Մամուլը նաեւ ակտիվորեն գրում է, որ կառավարությունից դուրս են բերվել օլիգարխները՝ հարուստ մարդիկ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որոնք հաջողությամբ համատեղել են բիզնեսը բարձր պաշտոնների հետ: Այդ մարդիկ, չնայած բիզնեսով զբաղվելու արգելքին, շատ հարմարավետ ու պաշտպանված են զգացել իրենց: Նրանց պաշտպանել են ոչ միայն ենթակա մարմինները, այլ նաեւ օրենքների ամորֆ լինելը, որոնցում սողանցքներն ավելի շատ են, քան կանոնները:
Սակայն ինչ-որ բան նրանց դուրս է մղել կառավարությունից: Մի քանի պատճառ է նշվում, որոնց թվում են միջազգային վարկային կազմակերպությունների եւ ներդրողների պահանջները: Թերթերը գրում են, որ միջազգային կազմակերպությունները վերջնագիր են ներկայացրել իշխանությանը՝ պահանջելով բարձրացնել հարկերի հավաքման մակարդակը, ինչը նշանակում է գումարներն ու սեփականությունը դուրս բերել ստվերից: Դրանով է պայմանավորված Հարկային օրենսգրքի արագացված ընդունումը: Դրանով է բացատրվում այն, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար խոսում է «ստվերի» մասին:
Իսկ ինչպե՞ս կարելի է միջոցները դուրս բերել ստվերից: Երեկ արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակված Արփինե Հովհաննիսյանը, ով ճակատագրի հեգնանքով Հովիկ Աբրահամյանի պրոտեժեն է, օրենք է ներկայացրել, որը հնարավոր է այն «ցախավելն է», որով օլիգարխներին դուրս են արել կառավարությունից: Նոր օրենսդրության համաձայն՝ անօրինական հարստացումը քրեականացվելու է, հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը: Պաշտոնյաների իրական սեփականությունը ջրի երես դուրս բերելու գործընթաց է սկսվելու, իսկ գնումների գործընթացի ժամանակ անհրաժեշտ է լինելու նշել ընկերության իրական սեփականատիրոջը: Հաջորդ քայլը, նախարարի խոսքով, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է լինելու:
Օրենքը, նախարարի կարծիքով, կատարյալ չէ եւ մշակման կարիք ունի, սակայն փաստը, որ պաշտոնյաները ստիպված են լինելու բացատրել իրենց կարողության գոյացումը, շատ բան կարող է փոխել: Հիմա պաշտոնյաները պարտավոր չեն անել դա: Նրանք կարող են ասել, որ կարողությունը ժառանգություն են ստացել կամ էլ նվեր՝ հարազատներից, ինչն էլ անում են: Սակայն օրենքի ընդունումից հետո նրանք ստիպված են լինելու ապացուցել փաստաթղթերով:
Անկասկած, օրենքը չի կարող բալասան լինել խորապես կոռումպացված հայկական համակարգի համար: Սակայն չի բացառում, որ դրա արագ ընդունումն է ստիպել օլիգարխ-նախարարներին «առանց մարտի» լքել պաշտոնները: Նրանցից ո՞վ կարող է բացահայտել «առաջին միլիոնի» մասին ճշմարտությունը: Չէ՞ որ դրա համար հարկ կլինի բացահայտել Հայաստանում մենաշնորհների եւ քվոտաների ողջ արատավոր քարտեզը, ստվերային սխեմաները, որոնք տանում են օֆշորներ, հարավ ու հյուսիս: Հայաստանում դժվար է միլիոն կուտակել օրենքի շրջանակում:
Այս կարեւոր օրենքը, որը կարող է փոխել Հայաստանում իշխանության մատրիցան, կգործի՞: Բոլորի մոտ կասկածներ կան, եւ երեկ Արփինե Հովհաննիսյանը փորձել է ցույց տալ մեխանիզմները, որոնք վերահսկելու են օրենքի կատարումը: Առաջին հերթին նա նշել է Հակամենաշնորհային մարմինը, որը պետք է ստեղծվի:
Ի՞նչ մարմին է լինելու դա եւ ո՞վ է գլխավորելու այն: Ու՞մ է այն ենթարկվելու: Մինչեւ չտրվեն այս հարցերի պատասխանները, օլիգարխները հանգիստ սպասելու են վերադարձին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...