Առաջին օգնություն երեխաների շնչուղիների մասնակի կամ լրիվ խցանման ժամանակ.ցուցումներ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

71

Շնչուղիների` օտար մարմիններով խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ, և որպես կանոն` լինում է ծնողների անուշադրության պատճառով, երբ նրանք չեն նկատում, որ երեխան փոքր առարկաներ է տանում բերանը: Ինչպես գրում է doctors.am-ը, շնչուղիները կարող են խցանվել նաև այն դեպքում, երբ լացող երեխային ստիպողաբար կերակրում են կամ դեղ խմեցնում:

Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր:
Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:
Ծնողները պետք է ուշադիր լինեն և լավ հիշեն այս դեպքերում օգնության ցուցաբերման քայլերը: Երբ երեխային շնչուղիների խցանման պատճառով սպառնում է շնչահեղձ լինելու վտանգը, ծնողը, բնականաբար, ժամանակ չի ունենա այդ պահին որևէ մասնագիտական գրականության օգնությանը դիմելու: Նա պետք է նախապես պատրաստ լինի դրան: Այսպիսի պատահարների դեպքում առաջին օգնության ցուցաբերման և երեխայի կյանքը փրկելու համար միայն հաշված րոպեներ են լինում:
Շնչուղիների խցանման կանխարգելումը
Երեխաների մոտ շնչուղիների խցանումների դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք է: Հետևելով մի շարք պարզ կանոնների` հիմնականում կարելի է կանխել այդ դժբախտ պատահարները:
– Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ` դեղ:
– Մի՛ կերակրեք երեխային, երբ նա խաղում կամ թռչկոտում է:
– Մի՛ տվեք երեխաներին մանր խաղալիքներ կամ այնպիսիք, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
– Թույլ մի՛ տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղում:
– Մինչև մեկ տարեկան երեխային մեծերի հետ սեղան մի՛ նստեցրեք կամ շատ ուշադիր եղեք, որ նա սեղանից որևէ բան չտանի բերանը:
– Մինչև մեկ տարեկան երեխայի ձեռքը հացի, շաքարի, մրգի կամ բանջարեղենի կտոր մի՛ տվեք: Միրգը կամ բանջարեղենը տվեք նրան համասեռ տրորված վիճակում: Եթե երեխան ատամներ հանելիս որևէ բան կրծելու կարիք ունի, տվեք նրան ռետինե խաղալիքներ:
– Փոքր երեխաներին կոնֆետ կամ կորիզներով պտուղներ մի՛ տվեք:
Շնչուղիների խցանում
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Երբ երեխան ինչ-որ բան կուլ տալիս միաժամանակ ներշնչում է, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են անցնել շնչուղիները և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:
Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշ քանակով օդ անցնում է շնչուղիները: Մասնակի խցանման դեպքում երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:
Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդ ընդհանրապես չի անցնում թոքերը, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ: Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ երեխան չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ էլ հազալ կամ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում:
Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է խուճապի չմատնվել և ճիշտ գործել:
Շնչուղիների մասնակի խցանում
Ի՞նչ անել
1. Վերցրեք երեխային, պառկեցրեք նրան ձեր ձեռքի նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխը ավելի ցածր լինի, քան մարմինը: Անպայման բութ մատով և ցուցամատով պահեք երեխայի գլուխը ստորին ծնոտից: Զգույշ եղեք, որ կոկորդի վրա չսեղմեք:
2. Մյուս ձեռքով հարվածեք երեխայի թիկունքին` նրա թիակների միջև այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, երեխան դադարի հազալ և սկսի նորմալ շնչել:
Շնչուղիների լրիվ խցանում
Ի՞նչ անել
1. Անմիջապես օգնության կանչեք որևէ մեկին և ուղարկեք նրան ահազանգելու շտապ օգնություն:
2. Պառկեցրեք երեխային ձեր նախաբազկի վրա և թիկունքին 5 հարված հասցրեք:
3. Շրջեք երեխային ձեր մյուս ձեռքի նախաբազկին: Երեխան պետք է լինի գլուխը մարմնից ցածր դիրքով: Պահեք երեխայի գլուխը ձեռքով: Ձեր ազատ ձեռքի մատնեմատը դրեք երեխայի կրծոսկրի վրա (դա այն ուղղահայաց ոսկրն է, որին կրծքավանդակի վրա միանում են կողերը)` պտուկները միացնող գծի մեջտեղում: Կատարեք կրծքավանդակի 5 սեղմում 1,5-2 սմ խորությամբ
4. Բացեք երեխայի բերանը, և եթե օտար մարմինը երևում է, ճկույթով զգուշությամբ հանեք այն բերանից:
5. Ընդգրկելով երեխայի բերանն ու քիթը ձեր բերանով` կատարեք ներփչում:
Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները ներկայացված հերթականությամբ`
1. Թիկունքին 5 հարված,
2. Կրծքավանդակի 5 սեղմում,
3. Բերանի ստուգում և ճկույթով մաքրում,
4. Ներփչում:
Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան սկսի շնչել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache