Առանց ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՀԿ-ն չի կարող լինել ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն

92

armtimes.com — ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին վերջինս ասել էր ԱԺ ճեպազրույցների ժամանակ` մասնավորապես նշելով.

«Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ ԱԺ-ն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞»: Ավելի ուշ ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հանրապետականը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների:

Իրականում ներկա Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, եւ եթե ՀՀԿ-ն չգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ապա խախտվելու են Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի դրույթեր:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության են եկել, ձեւավորել նոր կառավարություն, իսկ Ազգային ժողովում մինչեւ այսօր առավոտ դեռեւս բացարձակ մեծամասնություն՝ իշխանություն էր Հանրապետականը: Բայց անգամ այս դեպքում այստեղ առաջանում է իրավական լուրջ ճգնաժամ. առանց ԱԺ լուծարման եւ նոր ընտրությունների ՀՀԿ-ն չի կարող լինել ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն:

Առաջին դեպքում՝ հանրապետականն ընդիմություն չի կարող լինել՝ ելնելով Ազգային ժողովի կանոնակարգից եւ ՀՀ Սահմանադրությունից: ԱԺ կանոնակարգ օրենքի 4-րդ գլխի հոդված 7-ի երրորդ մասի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյուքնում մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստացած ուժը համարվում է կառավարող, իսկ մյուս ուժերը՝ ընդդիմադիր: Այնինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շնորհիվ իշխանության եկած ՀՀԿ խմբակցության պատգավավորներ Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը հայտարարել են, որ իրենք կառուցողական ընդդիմություն են:

Բացի այս, ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից, իսկ հանրապետականն ունի ԱԺ նախագահի տեղակալի երկու պաշտոն. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

Մյուս դեպքում ամեն ինչ ավելի քան տրամաբանական է. հանրապետականը չի կարող լինել իշխանություն, քանի որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել նույն հանրապետական խմբակցության պատգամավորների մի մասի աջացությամբ: Պարզ ասած՝ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, որովհետեւ իշխանություն է Նիկոլ Փաշինյանի թիմը, եւ այդ թիմի մի մասը հանդիսացող ԵԼՔ խմբակցությունը` Ազգային ժողովում: Իսկ երկու իշխանութուն լինել չի կարող:



Загрузка...