Առանց մի կրակոցի պարզ դարձավ ամեն ինչ. Ինչ կատարվեց Ադրբեջանի հետ

348

lragir.am — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ բավական մեծ ծախսեր են անում ԱՄՆ բանակը հզորացնելու, ավելի ուժեղ դարձնելու համար, որպեսզի ԱՄՆ լինի առավել անվտանգ: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ չի ունենա իր բանակը օգտագործելու անհրաժեշտություն: Թրամփը ասել է նաեւ, որ ինչքան ուժեղ է ամերիկյան կողմը, այնքան քիչ է զինված ուժերի օգտագործման հավանականությունը:

Թրամփն այլ բան չի ասում, քան «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» հայտնի, գուցե նույնիսկ ծեծված բանաձեւը: Ծեծված, որովհետեւ այդ բանաձեւը շատ հասարակությունների դեպքում ունի ավելի շատ զգայական, պաթետիկ կիրառություն, առանց խորքային ըմբռնումների, գրեթե կենացի մակարդակում:

Խորքում, բանաձեւն անշուշտ իր մեջ պարունակում է աշխարհքաղաքական ամբողջ փիլիսոփայությունը՝ խաղաղություն ավելի շատ ստանում են նրանք, ովքեր ուժեղ են, միշտ պատրաստ պատերազմի:

Այդ բանաձեւն առավել եւս կենսափիլիսոփայություն է այն ժողովուրդների կամ հասարակությունների համար, որոնք ապրում են անմիջական եւ մշտական վտանգի կողքին: Այդ շարքում է Հայաստանը, եւ ԱՄՆ նախագահը անշուշտ ակամա, բայց փաստացի խոսում է նաեւ Հայաստանի անվտանգության բանաձեւի մասին:

Այս խնդիրը արդիական է միշտ, առավել եւս այժմ, երբ վերստին աշխուժացել են խոսակցությունները հնարավոր ռազմական գործողությունների, պատերազմի հավանականության մասին, ինչի պատճառ է վերջին երկու ամիսներին Ադրբեջանի աշխուժացումը սահմանին՝ Արցախի եւ Հայաստանի՝ Նախիջեւանի ուղղությամբ:

Պատերազմի հավանականությունը մի հարց է, որը դուրս է Ադրբեջանի որոշումների տիրույթից: Դա գիտե նաեւ Ադրբեջանը, որն անկասկած ցանկանում է ստանալ այդ որոշումն աշխարհքաղաքական մակարդակով: Չի ստացվում, եւ թե Ռուսաստանը, թե Նահանգները, թե հարեւան Իրանը պարբերաբար զգուշացնում են Բաքվին եւ մերժում «հայցերը»: Բաքուն կարող է իհարկե նրանց չլսել, բայց հայտնի անեկդոտի օրինակով՝ ինչպես կինը չի լսել ամուսնուն, մի օր չի տեսել նրան, երկու օր, երեք օր, չորրորդ օրը աջ աչքը մի թեթեւ սկսել է տեսնել:

Բաքվի ինքնագլուխ պատերազմը ունենալու է Ադրբեջանի համար այդ հետեւանքը, ինչը առանց որեւէ կրակոցի պարզ դարձավ Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթարից հետո, երբ ժամերով խավարի մեջ էր ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն: Հետո Բաքվի երկնաքերի վրա հայտնվեց Հայաստանի եռագույնով լուսավորությունը, պատահական, բայց խորհրդանշական սխալով: Ընդամենը մի քանի որ առաջ հեռահար հրթիռների հզորություն ցուցադրող Բաքուն մի քանի օր անց պարզվեց, որ կախված է «մի կում ՀԷԿ ջրից»՝ մի գեներատորից:

Այդ ամենը պաթետիկ հեգնանքի տիրույթում չէ, այլ պրակտիկ քաղաքականության, որտեղ նաեւ Հայաստանի պատերազմին պատրաստ լինելու էֆեկտն է, այլապես ապրիլյան քառօրյան կշարունակվեր մի փոքր էլ, ու Արցախի հարցը կլուծվեր նորովի, բայց ոչ հայկական կողմերի օգտին: Բայց չշարունակվեց, որովհետեւ նույնիսկ պատերազմին անպատրաստ թվացող Հայաստանը դիմադրեց:

Հետո սկսեց պատրաստվել պատերազմի, իսկ հիմա այդ գործում բացվել է երկրորդ շնչառությունը՝ Հայաստանում բացահայտվում են միլիոնների եւ միլիարդների չարաշահումները, ապամոնտաժվում են պետությունը քայքայող կոռուպցիոն սխեմաները: Հայաստանը լիովին նոր թափով ստանձնում է ժողովրդավարության եւ արդիական քաղաքակրթության ռեգիոնալ առաջատարի դերը, ստանձնում է ուշ՝ մոտ քառորդ դար ժամանակի կորստով, բայց կարծես թե բավական վստահ եւ ոչ ուշացած:

Այդ դերը հնարավոր չէ կատարել՝ չլինելով ժողովրդավարական, մյուս կողմից մշտապես պատրաստ չլինելով պատերազմի: Զարգանալ, արդիականանալ պատերազմի պատրաստ լինելու համար եւ պատերազմի պատրաստ լինել զարգանալու եւ արդիական պետականություն կառուցելու խաղաղ հնարավորություն ապահովելու համար:

Հայաստանի պետականաշինության եւ ռեգիոնալ, միջազգային սուբյեկտության այլ տրամաբանություն, այլ բանաձեւ, կամ ավելի շուտ անվտանգության ավելի բարձր գործակցով այլ բանաձեւ չկա, առավել եւս, եթե դա չկա նույնիսկ ԱՄՆ համար: Ու թերեւս ոչ մեկի համար չկա ու չի եղել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache