Լրահոս

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի

 

Այսօր՝ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:

Ոստիկանները խնդրել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն հրշեջ-փրկարարները՝ բնակարանի դուռը բացելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:

Փրկարարները, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ. քույրն ու մայրը եղել են Երևանում: Երևանից նշված վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

shamshyan.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing