Լրահոս

«Առավոտյան քույրերից մեկը, միջանցքում ինձ տեսնելով, ասեց. «Քիչ է փող չտվեցիր, մի հատ էլ չթողեցիր գիշերը քնենք»

 

Վերջերս, լրատվական կայքերից մեկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքի» անմխիթար վիճակում գտնվող հիվանդասենյակների նկարներն էր հրապարակել, նյութում նշված էր, որ հիվանդ բալիկներից մեկի մայրն է նկարները տվյալ կայքին տրամադրել:

Նյութը կարդալուց և նկարները նայելուց հետո մոտս հիշողություններ առաջացան՝ շատ վատ հիշողություններ… 2016 թ.-ի հունիսի 14-ին մոտ 40 աստիճան ջերմությամբ 5 ամսական աղջկաս մեկ այլ մանկական հիվանդանոցից (իրենց մոտ ազատ տեղ չկար) այդ «հիվանդանոց» ուղարկեցին՝ սուր բրոնխիտ ախտորոշմամբ: Իմանալով իրենց դիմելու պատճառը՝ պատասխանեցին, որ սպասենք: Մոտ 10 րոպե սպասելուց հետո նորից նույն պատասխանը…

Երրորդ անգամ մոտենալուց հետո ընդունարանի աշխատակցուհին պատասխանում է, որ դեռ նոր ենք եկել, ի՞նչ ենք շտապում, բժիշկները բոլորը զբաղված են: Ամուսինս ձայնը բարձրացրեց, և որտեղից որտեղ հայտնվեց շատ «զբաղված» բժշկուհիներից մեկը, և իմանալով ախտորոշումը, կարգադրեց շտապ երեխային հիվանդասենյակ տեղափոխել՝ ասելով, որ գրանցումը առանց երեխայի անեն:

Հիվանդասենյակ մտնելուց րոպեներ անց սկսվե՜ց… Սկզբից մոտեցավ մայրապետը (սանիտարը)՝ տարեց մի կին, և ասաց, որ բժիշկները 6-ից հետո տուն են գնալու, ինքն ու քույրերն են գիշերը հիվանդանոցում լինելու, իրենց «նայեմ», որ իրենք էլ ինձ ու երեխային լավ նայեն: Ասացի, որ մոտս 20 000-անոց է, առանց ամաչելու պատասխանեց, որ իրանց մոտ մանր շատ կա, կմանրեն: Չգիտեմ՝ անսպասելի պատասխանն էր պատճառը, թե ասվածի տոնը, պատասխանեցի, որ իրենց տալու ոչինչ չունեմ: Դեռ չէի սթափվել, ասացին, որ պետք է փոքրիկին կաթիլային միացնեն: Կաթիլայինը միացնելուց հետո քույրը ասաց, որ 6-ին տուն է գնալու, մինչև այդ աշխատեմ իրեն մոտենամ…

Երբ հիվանդասենյակում բուժ.աշխատող չկար, նույն սենյակում պառկած մայրիկին հարցրեցի՝ իրենից էլ են փող ուզո՞ւմ: Պատասխանը սպասելի էր. «Առանց փողի էս հիվանդանոցում ոչինչ չկա: Եկած օրից ամեն հերթափոխի սանիտարին ու քույրերին մարդա 1000 դրամ եմ տալիս, իսկ սիստեմա միացնողին եթե չես տալիս, երեխուն տանջում ա: Ամեն օր շուտ փող կտաս, որ երեխուդ շատ չլացացնի»… Ամբողջ գիշեր երեխան չքնեց, լացում էր, ջերմությունը բարձր էր: 2 անգամ մոտեցա քույրերի սենյակին, ասացի, որ 39 աստիճան է`«ոչինչ, գնա՛ պալատ, կգամ»…

Դեռ գալիս է… Առավոտյան քույրերից մեկը, միջանցքում ինձ տեսնելով, ասեց. «Քիչ է փող չտվեցիր, մի հատ էլ չթողեցիր գիշերը քնենք»…

Օրը փոխվեց, հերթափոխը ՝ նույնպես, բայց էական ոչինչ չփոխվեց:

-Բարև Ձե՛զ, այսօր ես եմ Ձեր սենյակի քույրը, օրվա ընթացքում ինձ կտեսնեք…

-Բարև Ձե՛զ, ես էլ Ձեր մայրապետն եմ, ինձ էլ կտեսնեք…

Երբ հերթական փող ուզող քույրին կատակով ասեցի, որ Շամշյանին ասելու եմ՝ գա, նկարի՝ ինչ է կատարվում, հետո պարզվեց, որ ասածս լուրջ են ընդունել: Այդ օրվանից սկսած դադարեցին ինձնից փող ուզել, ու արդյունքում շահեցին նաև այն բալիկների մամաները, որոնց հետ այդ օրերի ընթացքում ընկերացել էի: Նրանք նույնպես ազատվեցին ամենօրյա «պարտադիր» մուծումներից: Իսկ այն, ինչ անում են դուրսգրման ժամանակ, ահավոր է: Աղջիկներից մեկի դուրսգրման թղթերը ավագ քույրը չէր լրացնում, ասելով`«ինձ նայի», որ գործդ անեմ:

Իսկ երբ ասել էր, որ ինքը ինչու՞ պետք ա փող տա, իր ամուսինը պայմանագրային զինծառայող է, ավագ քույրը պատասխանել էր. «Ինձ ի՞նչ, ես իմ փողն եմ ուզում»…1000 դրամ էր տվել, ասել էր՝ ձեռ ես առնում, գոնե 3000 տուր… Էլ չեմ խոսում բաժանմունքում, հիվանդասենյակներում և սանհանգույցում տիրող հակասանիտարահիգիենիկ վիճակի մասին: Քույրերի սենյակ մտնելու համար հակագազ էր անհրաժեշտ, որ ծխախոտի հոտից չխեղդվենք…

Իսկ երբ հիվանդասենյակներից մեկում կարիճ էին պատի վրա նկատել ու աղմուկ բարձրացրել, սանիտարը շատ հանգիստ տոնով ասել էր, որ առաջին անգամը չի, հանգիստ մնան… Երբ հասավ մեր դուրսգրման օրը, լսեցի, որ ասում են՝ վերջապես գնում է, ազատ շունչ կքաշենք: Ես իրենց խոստացա, որ նյութ եմ գրելու հիվանդանոցում տիրող իրավիճակի մասին: Ես իմ խոսքի տերն եմ, ոչի՛նչ, որ 1 տարի ուշացումով խոստումս կատարեցի…

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն իմ աղջկան բուժող բժշկուհուն՝ Մարինա Հրաչիկովնային:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aravot.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing