Լրահոս

Առայժմ կատակով. Վարչապետի վիճակը բարդանում է

 

«Ոնց որ թե սրտով, ուզելով չեք անում, հա», հարցրել է Կարեն Կարապետյանը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, որը կառավարության նիստում ներկայացրել է ՃՈ բարեփոխման հայեցակարգի շրջանակում ճանապարհային երթեւեկության տուգանքների ուշացման համար սահմանված տուգանքները հանելու կամ նվազեցնելու որոշումը:
Վարչապետն իհարկե կատակել է, բայց թերեւս կատակի այն տարբերակներով, որոնց տողատակում թաքցնում կամ ի ցույց են դնում ճշմարտությունը: Կարեն Կարապետյանն ըստ երեւույթին ակնարկել է իր եւ ոստիկանության փոխհարաբերության հարցում առկա ճշմարտությունը, ակնարկելով, որ ոստիկանությունը «սրտով, ուզելով» չի անում այն, ինչ անում է:
Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանն ակնարկել է ոստիկանության օտարությունն այն խնդիրներից, որ իբրեւ վարչապետ դրել ու հետապնդում է իր եւ կառավարության առաջ:
Մինչդեռ այդ խնդիրներում ոստիկանության դերն անկասկած բավական մեծ է: Իհարկե ոչ միայն ոստիկանության, այլ ընդհանրապես իրավապահ համակարգի, նկատի ունենալով այն, որ Հայաստանում համակարգային բարեփոխումների գործընթացը չի կարող արդյունավետ լինել առանց իշխող համակարգի առանցքային դեմքերի կամ շրջանակների շահերը շոշափելու, ընդ որում՝ որոշ դեպքերում անգամ բավական կոշտ: Դա պահանջում է իրավապահ համակարգի, այդ թվում ոստիկանության լիարժեք աջակցությունը:
Մինչդեռ այդ աջակցության հարցում Կարեն Կարապետյանը կանգնած է խնդրի առաջ:
Դրա մասին նա ակնարկել էր նաեւ հունվարին տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ընթացքում, երբ ամփափում էր պաշտոնավարման 100 օրը: Բանանի ներկրման հայտնի թեմայով հարցուպատասխանի, հարցադրումների ծավալման ընթացքում Կարեն Կարապետյանն ի վերջո հայտարարել էր, թե պետք չէ իրեն «միլիցիա» դարձնել: Կարապետյանը դրանով ակնարկել էր, որ անելիք ունի նաեւ իրավապահ համակարգը, եւ իրավիճակը կարող է փոխվել, եթե իրավապահներն էլ աշխատեն լիարժեք:
Իրավապահ համակարգը դուրս է Կարեն Կարապետյանի վերահսկողությունից եւ ամբողջությամբ գտնվում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Առավել եւս, որ նա իշխող համակարգում չունի քաղաքական այնպիսի կշիռ եւ ազդեցություն, որի օգնությամբ կունենար այդ համակարգի վրա ազդելու թեկուզ փորձ կատարելու հնարավորություն:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն իբրեւ վարչապետ ինքը դեռեւս զգալիորեն գտնվում է Սերժ Սարգսյանի «խնամքի» ներքո եւ առաջնային խնդիրը տվյալ պարագայում այդ «խնամքից» դուրս գալն ու ինքնուրույն գործոն դառնալն է:
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ իրավապահ համակարգն այդ գործում Սերժ Սարգսյանի ձեռքին իսկապես զսպող, արգելակող լուրջ գործոն է, որին Կարեն Կարապետյանն առայժմ անդրադառնում է կատակով, լուրջ անդրադարձի ռեսուրսների բացակայության պայմաններում:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing