Լրահոս

«Արցախը՝ Կարսի դիմաց». Հարձակումներ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ

 

Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ փորձել է պայմանավորվել Պուտինի հետ թուրքական շինարարական ընկերությունների դեմ արգելքը վերացնելու շուրջ եւ, ինչպես գրում են Բաքվի լրատվամիջոցները, առաջարկել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ դաշինք ստեղծել: Սակայն, ինչպես նկատել են ռուս լրագրողները, Ռուսաստանն այդպես էլ ոչինչ չի առաջարկել Թուրքիային: Համենայն դեպս, հրապարակայնորեն: Հնարավոր է, Ռուսաստանը զգացել է, թե այժմ որքան կարեւոր է Թուրքիայի համար:
Մինչդեռ, համաշխարհային մամուլում եւ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին բացասական գնահատականների իսկական հեղեղ է սկսվել: Մասնավորապես, ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Թուրքիայում քրդերի դրության մասին՝ փաստացի մեղադրելով Անկարային հազարավոր քրդերի սպանության ու անպատիժ հետապնդումների մեջ: Նույն օրը Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի ագրեսիան Սիրիայի դեմ:
Մի քանի եվրոպական երկրների քաղաքներ ցուցադրաբար արգելել են թուրք նախարարներին Թուրքիայի քաղաքացիների շրջանում սահմանադրական հանրաքվեից առաջ քարոզչություն իրականացնել: Խիստ սրվել են Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները:
ԱՄՆ-ում տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանի հետ կապերի համար աշխատանքից ազատված Մայքլ Ֆլինը, ով Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն էր, իրականում Թուրքիայում պաշտոնական լոբբիստն էր:
Ամերիկյան առաջատար վերլուծական լրատվամիջոցներում մեկը մյուսի հետեւից հրապարակումներ են լինում Էրդողանի սուլթանական հավակնությունների մասին:
Միաժամանակ իսկական հարձակում է սկսվել Ադրբեջանի իշխանության դեմ: Առաջին տիկնոջն Ադրբեջանի փոխնագանահ նշանակելն արեւմտյան մամուլում գնահատվել է որպես միապետական իշխանություն կառուցելու Ալիեւի փորձ: Սկսել են ավելի հաճախ գրել, որ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կարող են ընդունվել:
Հատկանշական է, որ հենց այս օրերին են Ադրբեջանին հանել Հանքարդյունաբերության թափանցիկության նախաձեռնություն միջազգային ազդեցիկ կազմակերպությունից, ինչը, փորձագետների կարծիքով, Ադրբեջանի համար կբարդացնի միջազգային ֆինանսական շուկայում վարկեր վերցնելը՝ դեպի Եվրոպա խողովակաշարեր կառուցելու համար:
Հատկանշական է նաեւ այն, որ նույն օրը Ստոքհոլմում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, շվեդական «Բոմբարդիեր» ընկերության ռուսական մասնաճյուղի աշխատակից Պավլովը, որին մեղադրել են Ադրբեջանական երկաթուղիներ ընկերությանը կաշառք տալու մեջ: Ի դեպ, երկաթուղին պատկանում է վերջերս պաշտոնից ազատված Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին:
Այս ցանկը կարելի է շարունակել, եւ այդ ֆոնին եռյակ միություն ստեղծելու Էրդողանի առաջարկը նման է Մոսկվայում փրկություն գտնելու փորձի: Ադրբեջանը նույնպես փորձում է աջակցություն գտնել Մոսկվայում, մասնավորապես, ղարաբաղյան թեմայով: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պարբերաբար կոչեր է անում վերադառնալ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցությունների ձեւաչափին, սակայն Մոսկվան առայժմ հրաժարվում է՝ հղում անելով Մինսկի խմբի համանախագահությանը:
Փորձագետները պնդում են, որ Ղարաբաղը ռուս-թուրքական օրակարգի մի փոքր մասն է, կան ավելի կարեւոր հարցեր: Մասնավորապես, համաշխարհային լրատվամիջոցները գրում են Մերձավոր Արեւելքում սահմանների վերանայման հավանականության մասին, եւ Թուրքիան կցանկանար ստանալ Ռուսաստանի աջակցությունը, եթե վերանայումը դիպչի Թուրքիային:
Մասնավորապես, որոշ փորձագետներ ասում են, որ Թուրքիան կարող է համաձայնվել «տալ» Ղարաբաղը՝ Կարսը պահպանելու դիմաց: Իսկ Կարսը, ինչպես հայտնի է, Թուրքիային է անցել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing