Լրահոս

Արցախը «ատամ է ցույց տալիս»

 

1463332589-2344

yerkir.am-ը գրում է. ԼՂՀ նորընտիր օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն օրեր առաջ բաց նամակով դիմել էր «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին՝ հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ։ Մելիքյանը, հիմնավորելով, որ ղարաբաղյան հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ արցախցիների ինքնորոշման իրավունքի և ձեռք բերած անկախության պաշտպանության համար մղվող գոյապայքար, նախ դրոշի ցուցադրման համար հայ մասնակցի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը բնորոշել է որպես խոսքի ազատության իրավունքի և եվրոպական արժեքների ոտնահարում, ապա կազմակերպիչներին կոչ արել՝ «մնալ երգի մրցույթի ձևաչափի շրջանակում և չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»։

Որքան էլ կարևոր էին Արցախի օմբուդսմենի բաց նամակի ճիշտ և թիրախային շեշտադրումները, այնուամենայնիվ, ամենաէականն ինքնին հրապարակային նամակով հանդես գալու քայլն էր։ Այն ոչ միայն Արցախի ինքնիշխանությունը, այլև տարբեր հարթակներում Ստեփանակերտի ինքնուրույն գործելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և սեփական շահերը պաշտպանելու կարողությունն ընդգծելու միտում ուներ։ Մելիքյանի քայլը տեղավորվում է այն նոր մարտավարության համատեքստում, որը կարծես թե որդեգրում է Ստեփանակերտը, և որի էությունը Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սանձազերծումն է, առնվազն՝ խաղաղ կարգավորման գործընթացում որպես լիարժեք բանակցային կողմ ներգրավվելը։

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է․ «Այսօր ժամանակն է Արցախի միջազգային ճանաչման համար: Արցախը պետք է ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ ողջ միջազգային հանրության: Դա լինելու է կարևորագույն գրավականը Արցախի անվտանգության ապահովման, զարգացման համար»: Ավելի վաղ ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ խորհրդարանում Միրզոյանը հայտարարել էր․ «Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկմանը և մշակմանը չի մասնակցել ԼՂՀ-ն, ուղղակի կենսունակ չէ։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, որ արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ։ Եվ բանակցային գործընթաց ասելով ՝ մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը»։

Պետք է ենթադրել, որ այս պահանջները նման կոշտությամբ առաջադրելու մարտավարության համար հիմք է հանդիսացել ոչ միայն ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը, այլև ԼՂՀ-ն որպես առանձին սուբյեկտ նկատելու՝ միջազգային հանրության տված որոշակի ազդակները։ Միջազգային լրատվամիջոցները ռազմական գործողություններին անդրադառնալիս հայկական կողմից հղում էին կատարում առավելաբար ոչ թե Երևանին, այլ Ստեփանակերտին։ Իսկ ամերիկայն CNN-ն ընդհանրապես զուգահեռ հարցազրույց էր վերցնում Ադրբեջանի և ԼՂՀ արտգործնախարարներից՝ նրանց դնելով նույն հարթության վրա։ Այսինքն ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքը հաստատեց, որ կա ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման գործընթացը զարգացնելու միջավայր, և Ստեփանակերտը հիմա փորձում է լցնել այդ միջավայրը։

Նախորդ օրերին Արցախում էին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի, տարածաշրջանային հանձնախմբերի, գրասենյակների ներկայացուցիչները։ Դատելով նրանց հետ Կարեն Միրզոյանի հանդիպման մասին հաղորդագրությունից՝ քննարկման հիմնական թեման եղել է Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի ռեսուրսը ԼՂՀ-ի ճանաչմանը գործընթացի խթանմանը ծառայեցնելը, միասնական քաղաքականություն իրականացնելու հարցը։ Պետք է ենթադրել, որ առաջիկայում դրան ուղղված ակտիվ նախաձեռնությունների ականատեսը կլինենք։

Ստեփանակերտի այս ակտիվությունը հետաքրքրական է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի աշխուժացման ֆոնին։ Ինչպես հայտնի է՝ ՄԽ համանախագահները փորձում են մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս ֆոնին անկախության ճանաչման և բանակցություններում ԼՂՀ-ի ընդգրկման Ստեփանակերտի ներկայացրած պահանջները հաստատում են, որ Ստեփանակերտը փորձում է հակադրվել մադրիդյան սկզբունքների վրա հիմնված բանակցությունների տրամաբանությանը։ Մայիսի 12-ին, նույն օրը, երբ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ վերահաստատեցին, որ կարգավորման բանակցությունները հետագայում պետք է ընթանան արդեն բանակցային սեղանին գտնվող կարգավորման սկզբունքների շրջանակում, բավականին ռազմատենչ հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ-ի ԱԳՆ-ն։ 1994թ. մայիսի 12-ին ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի 22-ամյակի առթիվ արված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր․ «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք և հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ»։ Սա ոչ այլ ինչ է, քան գործընթացները Արցախի շահերի դեմ զարգանալու դեպքում ընդհուպ պատերազմի միջոցով իր անկախությունը պաշտպանելու թաքնված սպառնալիք, որի իրական հասցեատերը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը։ Ի դեպ, ինչպես ԼՂՀ օմբուդսմենի նամակի, այնպես էլ ԱԳՆ-ի այս հայտարարության մեջ ամենագլխավորը հենց առիթներն օգտագործելով Ստեփանակերտի դիրքորոշումները միջազգայնացնելու նախաձեռնությունն է։

Քանի դեռ Հայաստանը, կարգավորման բանակցությունների վերսկսման նախապայմաններ է առաջադրում՝ պատրաստակամություն հայտնելով բանակցել միայն հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական ագրեսիայի բացառման շուրջ, Ստեփանակերտը փորձում է «մխրճվել» կարգավորման ընդհանուր գործընթացների մեջ։

Պետք է ենթադրել, որ սա այսպես կոչված կանխարգելիչ մարտավարություն է, որի նպատակը նախ կարգավորման քաղաքական գործընթացքում ԼՂՀ-ի սահուն ներգրավման նախադրյալներ ստեղծելն է, ապա նաև՝ հայկական կողմին առաջարկվող կամ գուցե պարտադրվող «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը Ստեփանակերտի անհամաձայնության հիման վրա չեզոքացնելը։

Ամեն դեպքում ապրիլյան սրացումը էականորեն բարձրացրել է ԼՂՀ-ի՝ իբրև ինքնուրույն խաղացողի կարգավիճակը։ Երևանը ոչ միայն պետք է անուղղակիորեն պաշտպանի այս գիծը, այլև «խաղադրույք» կատարի ԼՂՀ-ի հնարավոր անհամաձայնությունների վրա:

Գևորգ Դարբինյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am