Լրահոս

Արցախը հակադարձում է Հայաստանին

 

Մայիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային Ժողովի անդրանիկ նիստը: ԱԺ առաջին նիստին ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ երկրի համար կարևորագույն մի շարք խնդիրների:

Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաև ղարաբաղյան խնդրի մասին: Նա հայտարարեց, որ իր ղեկավարած իշխանությունը կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը.«Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։

Կազանում տապալված, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք  ռուսական «Коммерсантъ» թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է: Ռուսական պարբերականի հրապարակումը ՀՀ իշխանությունները չհերքեցին, ավելին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուս լրագրող Պոզների հետ զրույցում հաստատել էր տարածքների փոխզիջման տեղեկությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  հակառակ հայտարարությունը արեց: Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում սահմանների առումով:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը մանրամասն հիմնավորում է, թե ինչու Արցախը չի կարող հետ վերադառնալ նախկին սահմաններին.«Այսինքն՝ ի՞նչ է նշանակում «տարածքներ խաղաղության դիմաց»։ Այդ կատեգորիաները համարժե՞ք են իրար հետ։ Ես սա հարցնում եմ որպես տրամաբանություն ունեցող մարդ։ Խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղությունը։ Երբ Ադրբեջանն ասում է՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ խաղաղություն ենք տալիս, այսինքն՝ խաղաղության խոստում։ Ասենք թե տեսականորեն համաձայնում ենք, ու վաղը իրենք իրենց խոստումը չեն պահում, Արցախը դառնում է անկլավ, ինչպես եղել է 1988-91 թվականներին։ Իմիջիայլոց, այդ սահմանները կենսունակ չէին, և դա ցույց տվեց պատերազմը, այդ սահմանները հակառակորդի համար գայթակղիչ է, որ կարող են շրջափակել և ոչնչացնել Արցախը, որովհետև երբ դու պաշարված ես, անհնար է երկար դիմադրել։ Այսինքն՝ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության համակարգից, մեր սահմաններից, ինչը մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, ու Ադրբեջանը վաղը իր խոստումը չի պահում։ Ինչպես բազմիցս խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ մի քանի զինադադար է կնքվել»,-հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն է և պարզ է, որ նա պատահական հայտարարություններով հանդես չի գալիս: Նա նաև իր անձնական տեսակետը չի հայտնում, այլ հայտնում է Արցախի իշխանությունների պաշտոնական տեսակետը: Այսպիսով կարելի է համարել, որ Արցախը հակադարձում է Հայաստանին և հայտարարում է, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների իրենք չեն պատրաստվում տարածքներ հանձնել, քանի որ լավ են գիտակցում, թե այդ տարածքները ինչպիսի նշանակություն ունեն Արցախի անվտանգության տեսակետից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing