Լրահոս

Արցախի հարցով մի խեղկատակություն է կազմակերպված. Սերժ Սարգսյանը չի կարող չհամաձայնվել, քանի որ խամաճիկ է. Աշոտ Գրիգորյան

 

1389276138_arm135004033943-600x400

armlur.am — ArmLur.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: – Պարո‘ն Գրիգորյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Վիեննայում խմբի անդամներին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին: Ըստ ձեզ, ի՞նչ արդյունքների և ի՞նչ քայլերի մասին է խոսքը: – Նախորդ հարցազրույցի ժամանակ ես ձեզ հայտնեցի, որ երբ որ մենք վերլուծեցինք քառօրյա պատերազմի արդյունքները, ես գլխի ընկա, որ սա 2010 թվականի հունիսին իմ ունեցած տեղեկատվության շարունակությունն էր: Բավականին բարձր մակարդակի կազմակերպված էր և մեզ համար ամեն ինչը նոր պարզ դարձավ: Մոտակա ամիսներին պետք է փորձեն հարցը լուծել ըստ Կազանում ստորագրած պայմանագրի: Չնայած այն Մեդվեդի հովանու ներքո էր եղել, բայց ամեն ինչ համաձայնեցված էր Մինսկի խմբի անդամների հետ: Վերջին ամիսներին Հայաստանում բարձրացված աղմուկը, որ Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին, դրանք անիմաստ հայտարարություններ են, քանի որ Կազանյան փաստաթղթերը հիմնվել են Մադրիդյան սկզբունքների վրա, իսկ դրանք ժամանակին ավելի սարսափելի ծրագրից փրկվելու համար էլ առաջարկված: Իսկ ավելի սարսափելի ծրագիրն այն էր, ինչ ամերիկացիներն էին առաջարկում. փոխանակել Մեղրիի հատվածն Արցախի հետ: Դրանից փրկվելու համար ստեղծվեցին Մադրիդյան սկզբունքները, որը ինքնին զարգացման կարիք ուներ և դրա սկզբնական հատվածում կային հնարավոր ուղիներ, որը մեզ համար դրական արդյունքներ կապահովեր, սակայն Կազանյան փաստաթղթերում բոլոր այդ դրականը վերացվեց, զարմանալիորեն Սերժ Սարգսյանն անմիջապես ստորագրեց, իսկ Ալիևը` ոչ: Իլհամ Ալիևը, բնականաբար, դիվանագետ է և լավ հասկանում է` ինչ է անում: Որպեսզի նա 100 տոկոսով ստանա Արցախը, վարում է այս քաղաքականությունը, չնայած լավ հասկանում է, որ, եթե կազանյան սկզբունքներն ինքը զիջի, ապա դա նույնպես հայերի համար Արցախի կորուստ է: Սակայն նա վարելով նուրբ դիվանագիտություն, Վիեննայում ցույց տվեց, թե իբր իր համար վատ պայմաններ են առաջարկվում, որպեսզի իրեն «ստիպեն» գնալ դրան, և Սերժ Սարգսյանն էլ մեզ ներկայացնի, որ տեսեք` ինչ մեծ հաջողության հասանք, ինչ ուժեր կիրառեցինք` ստիպելով Ալիևին ստորագրել: Իսկ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը բացարձակ անընդունելի է մեզ համար. մենք ոնց կարող ենք ընդունելի համարել մի փաստաթուղթ, որտեղ մենք կատարում ենք քայլեր` դիմացինից նույնիսկ խոստումներ չստանալով: Ճիշտ է` խոստումների դիմաց տարածքներ չեն տալիս, բայց հիմա խոստումներ էլ չկան Ալիևի կողմից: Նա անընդհատ հայտարարում է, որ Ղարաբաղն ունի հարցի լուծման միակ ձև. նա պիտի մնա Ադրբեջանի կազմի մեջ, իրենք էլ կորոշեն` ինչ անկախության ձև նրան տան: Ուորլիքը շատ նրբորեն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահների անունից և արդեն համանախագահողները հայտարարում են, որ լուծումը մոտ է և «ստիպում են», որ Ալիևը ստորագրի այդ փաստաթուղթը: Ահա այսպիսի մի խեղկատակություն է կազմակերպված մեզ համար, որի արդյունքում գլխավոր խեղկատակ Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը: – Բայց, այնուամենայնիվ, եթե չհամաձայնվեն, ի՞նչ է սպասվում. նոր պատերա՞զմ: – Սերժ Սարգսյանը չի կարող չհամաձայնվել, քանի որ նա այսօր ՀՀ-ի լեգիտիմնախագահը չէ: Նա խամաճիկ է և ստիպված է անել այն, ինչ իրենից պահանջում են, հակառակ դեպքում, նրա գոյության հարցը կդառնա քննարկման առարկա: Նոր իշխանությունը լիովին իրավունք կունենա նոր պայմաններ առաջարկելու և, եթե Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից, բնական է` նոր գիծ է քաշվում պայմանավորվածությունների վրա, և ով էլ լինի իշխանության գլխին, նա կթելադրի նոր պայմաններ: – Իսկ Ռուսաստանն այս ամենում ինչպիսի՞ դերակատարում ունի: – Որպես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը չի կարող հրաժարվել մեզ հետ ստորագրած պայմանագրերից: Իսկ ինչպե՞ս անել, որպեսզի Արցախի վրա ևս անդրադառնան այդ պայմանագրերը, շատ պարզ է. պետք է անմիջապես Արցախը միացնել Հայաստանին: Երբ որ դա կատարվում է, դրանից հետո բոլոր պայմանագրերն անդրադառնում են նաև Արցախի վրա: Ռուսաստանը մյուս համանախագահների հետ համատեղ տվել է իր համաձայնությունը վերևում ներկայացված սցենարին: Ռուսաստանը հարցը վերցրել է իր վրա, որպես մեր բարեկամ երկիր, հարցն արագ լուծելու միտումով: Սակայն այն չստացվեց, քանի որ մի հարցում բոլորը սխալվեցին. ոչ ոք չէր սպասում, որ հայ զինվորն այսպես կպաշտպանի իր հողը և սարսափով նկատեցին, որ եթե չորս օրը դառնա ութ, ծրագրի ընթացքը կփոխվի և հայկական բանակը կմտնի Ադրբեջան: Հիմա արդեն բոլորն այն մասին են խոսում, որ կասեցվել է հայոց բանակի առաջխաղացումը և այն թատրոնը, որ մենք զենքի պակաս ունենք, այդպես չէ. մենք ունենք զենքեր, որ եթե կիրառենք, Ադրբեջանից ոչինչ չի մնա: – Այդ դեպքում ինչո՞ւ այդ կարծիքն այդպես տարածվեց: Բոլորը խոսում էին զենք չունենալու և 80-ականների զենքերով դիմակայելու մասին: – Որովհետև սցենարի իմաստն այն էր, որ եթե պատերազմ լինի, մենք կորած ենք և պետք է շտապ ստորագրենք բոլոր պայմանագրերը: Այս խաղի արդյունքում Ադրբեջանը պետք է մեծահոգաբար զիջեր և ստորագրեր Կազանյան փաստաթուղթը և տիրանար ազատագրված տարածքներին, դրանից հետո Մինսկի խմբի համանախագահներն իր վրա պետք է վերցնեին ապահովությունը: Մեր փորձագետների կարծիքը ասվածին համարժեք է և մենք վաղուց արդեն նախատեսում էինք ստատուս-քվոյի խախտումը և Կազանում ստորագրված փաստաթղթերի քննարկում: Այս հարցում իր մեծ դերակատարում է ունեցել նաև Թուրքիան, որը բավական ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Չմոռանանք, որ ազատագրված տարածքներում բազմաթիվ տեխնիկական միջոցներ են տեղադրված և տարածքները մինապատված են, սակայն հարձակման ժամանակ, չգիտես ինչպես, ինչպես մի գիշերվա մեջ ազերական բանակը մտան ազատագրված տարածքներ: : Մեր գեներալիտետը միշտ ինձ ասել է, որ անհնար է ադրբեջանական զորքերի մուտքը Արցախ, քանի որ բազմաթիվ տեխնիկա է տեղադրված և այդ տարածքները չպետք է զիջել, քանի որ այդ դեպքում մենք կմնանք ամբողջովին մերկ: Բոլորս էլ գիտենք, որ ազատագրված տարածքները մեր փրկությունն են, մենք ոնց կարող ենք այն հանձնել թշնամուն, հավատալով Մինսկի խմբին, և այն էլ Թուրքիայի և ազերիների մեջքին կանգնած ԱՄՆ-ին: Բնական է, որ Ռուսաստանը ոչ մի ավելորդ քայլ չի ուզում անի Հայաստանը պաշտպանելու համար, քանի որ Հայաստանն ինքը դա չի անում: Այս իրավիճակում մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, ևս մեկ անգամ հասկանանք, որ ապրիլյան իրադարձությունները կարող են կրկնվել ևհամախմբվենք, սպասվող արհավիրքը կանխելու համար: Միայն դա կփրկի մեզ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing