Արցախի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը հույս է հայտնել, որ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա օրենքի տառին համապատասխան

31

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանը նշեց, որ լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ցավ է ապրել:

«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում:

«Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է, սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով, պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և իրենց կուսակցությունն առնվազն նույնչափ շահագրգռված են, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի:

«Մարտի 1-ը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի բոլորին կոչ ենք անում առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»,- հավելել է Արթուր Թովմասյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache