Արցախի միացումը Ռուսաստանին

5

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է ակնարկ, որը պատմում է Ռուսաստանին Արցախի միացման մասին:

Արցախ անունն առաջացել է Հայկ նահապետ Արա որդու անունից: Այն ըստ Աշխարհացույցի` հայոց 11-րդ նահանգն է եղել և միշտ եղել է հայոց միջնաշխարհում:

Դեռ հնուց հայոց բանակի կորիզն է կազմել արցախական այրուձին: Արարատյան, Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի և Բագրատունի արքայատոհմերի կառավարման ժամանակ Արցախը միշտ մեր հայրենիքի անբաժան մասն է կազմել, իսկ օտար տիրապետության ժամանակահատվածում` միշտ առաջիններից է սուր ճոճել թշնամու դեմ` հանուն ազատության: 18–19 րդ դարերում, երբ թշնամու լծից տառապող հուսահատ հայությունը իր հայացքն ուղղեց դեպի հյուսիս` Ռուսաստան, Արցախը, փաստորեն, դարձյալ առաջինն էր, որ պայքարի սուր բարձրացրեց և Ռուսական կայսրությանը հրավիրեց Անդրկովկաս` հույս ունենալով քրիստոնյա Ռուսաստանի միջոցով գտնել փափագած ազատությունը…

19–րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունն իր իշխանությունը հաստատեց նախ ներկայիս Վրաստանի, ապա` Ադրբեջանի տարածքներում: Հերթը հայկական տարածքներինն էր: Այդ առումով առաջինը, բնականաբար, պիտի լիներ Արցախը:

Խամսայի մելիքությունները, որ, ըստ էության, կիսաանկախ իշխանություններ էին, երկարատև անհավասար պայքար էին մղում թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և անզոր լինելով ինքնուրույն ազատագրվել օտար տիրապետությունից` իրենց հայացքը հառել էին դեպի հյուսիս և ակնկալում էին Ռուսական կայսրության հովանավորչությունը` միամտաբար կարծելով, թե կարող են հյուսիսի օգնությամբ անկախ հայկական պետություն ստեղծել:

Այդ պատճառով էլ` արցախցիները առավել ևս, ամբողջովին լծվեցին ռուսական ռազմական սայլին` 1804 թվականին սկսված ռուս – պարսկական պատերազմի ժամանակ: Իր հերթին Շուշիի Իբրահիմ խանը զգալով, որ Ռուսաստանին դիմակայելն անօգուտ է` առանց կռվի ճանաչեց ռուսական գերիշխանությունը: Ստացվեց այնպես, որ Արցախի մելիքները պայքարելով նաև Իբրահիմ խանի դեմ` ցանկանալով նրան վտարել Արցախի տարածքներից` դաշնակցեցին ռուսների հետ, սակայն վերջիններիս միացավ նաև հայության ոխերիմ թշնամի Իբրահիմ խանը: 1805 թվականի մայիսի 14-ին Գանձակի մոտակայքում` Քյուրակչայ գետի ափին Իբրահիմ խանն ու ռուսական բանակի հրամանատար կոմս Ցիցիանովն ստորագրեցին համաձայնագիր, որով Իբրահիմ խանը ճանաչում էր Ռուսաստանի գերիշխանությունը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին նաև Գանձակի և Թիֆլիսի հայոց հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը, Վարանդայի մելիք Ջումշուդ Մելիք – Շահնազարյանը:

Սույն պայմանագրով Արցախում տարածվում էր ռուսական գերիշխանությունը, Շուշիում հաստատվում էր ռուսական կայազոր: Ռուսները հուսախաբ արեցին արցախահայությանը` Արցախի կառավարումը թողնելով Իբրահիմ խանի ձեռքին, որին սակայն, պիտի հսկեին ռուսական պաշտոնյաները:

Սույն համաձայնագիրը, սակայն, հնարավորություն ընձեռնեց Արցախը լքած և Լոռիում հաստատված հայ ազգաբնակչությանը և մելիքներին` հայրենի օջախներ վերադառնալ:

Ռուսական հրամանատարության այս երկդիմի խաղը պայմանավորված էր նրանով, որ նրանք այսուհետ Իբրահիմ խանին պիտի օգտագործեին որպես հայկական շարժումները կառավարող գործիք: Թողնելով պաշտոնում հայերի ոխերիմ թշնամուն` Ռուսաստանը ցանկանում էր պատերազմի ժամանակ միշտ լարված պահել հայ – թուրքական հարաբերությունները Արցախում և այդպիսով հայերին միշտ օգտագործել իրենց ռազմական գործողություններում:

Ինքը` Իբրահիմ խանը, որի ռուսական «կողմնորոշումը» պայմանավորված էր սոսկ ռուսական զենքի հաջողություններով` առիթ էր որոնում կրկին պարսիկներին միանալու և անգամ գաղտնի բանակցում էր պարսկական թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ:
Շուտով Աբբաս Միրզան մեծաքանակ զորաբանակով հարձակվեց Արցախի վրա: Հայերը Վարանդայի մելիք Ջումշուդի Շահնազարյանի գլխավորությամբ համառ դիմադրություն ցույց տվեցին: Պարսիկները պաշարեցին Շուշիի բերդը, բայց գրավել չէին կարողանում:
Իբրահիմ խանն ընտանիքով (24 հոգի) գիշերը դուրս է գալիս բերդից` ցանկանալով միանալ պարսիկներին: Այդ մասին իմանալով մելիք Ջումշուդից` ռուսական բանակի հրամանատար Լիսևիչը կալանավորում է խանին և սպանել է տալիս նրան ու ընտանիքի բոլոր տղամարդկանց:

Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից 600 հոգանոց ջոկատ է շարժվում` Կարյագինի գլխավորությամբ: Պարսիկներն իմանալով այդ մասին` ծուղակ են պատրաստում և Ասկերանի մոտ` Կառկառ գետի ձախ ափին շրջապատելով ռուսական ջոկատը 10 000-ոց զորաբանակով: Անհավասար մարտում ռուսական ջոկատն իսպառ ջախջախվում է: Վիրավոր Կարյագինը մի քանի զինվորներով խույս է տալիս Շահբուլաղ բերդ: Աբաս Միրզան գրավում է Շահբուլաղը, բայց Կարյագինին ձեռք գցել չի հաջողվում: Մինչ պարսիկների ներխուժունը Վանի յուզբաշին բերդի պաշտպաններին գաղտնուղով դուրս է հանում:

Շուտով հաջողության նժարը թեքվում է ռուսների կողմը: Արցախ են մտնում ռուսական նոր զորամիավորումներ, որոնք Աբաս Միրզային քշում են Արաքսի աջ ափը:

1812 թվականին, օգտվելով ռուս–ֆրանսիական պատերազմի առիթից` Աբաս Միրզան կրկին պատերազմ է հայտարարում Ռուսաստանին ու հարձակվում է Արցախի վրա: Սակայն ռուսական բանակը ոչ միայն հաջողությամբ դիմագրավում է պարսկական հարձակմանը, այլև ջախջախելով Աբաս Միրզային` լուրջ սպառնալիք է ստեղծում Պարսկաստանի անվտանգությանը: Պարսիկներն ստիպված հաշտություն են խնդրում:

1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցնում Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները, Վրաստանը, Դաղստանը, Շորագյալը…
Պարսկաստանը զրկվում է Կասպյան նավատորմից, Մեղրին ռուսները զիջում են պարսիկներին: Ռուսական կողմից պայմանագիրն ստորագրեց Ռտիշևը, պարսկական կողմից` Աբդուլ Իսան խանը:

1816 թվականին գեներալ Վալերյան Մադաթովը նշանակվեց Անդրկովկասի ռուսական բանակի հրամանատար, իսկ 1817 թվականին` Ղարաբաղում, Շաքիում և Շիրվանում նահանգային ռազմական հրամանատար:

Շուտով Ղարաբաղի Մեհտի – Ղուլի խանը, Շաքիի և Շիրվանի խաները, հրահանգ ստանալով Աբաս Միրզայից` սկսեցին նոր պատերազմի նախապատրաստվել: 1822 թվականին Մադաթովը վերջնականապես վերացրեց այս խանությունները: Պարսիկները դիմում են ռուսական իշխանություններին` այս տարածքների մի մասը վերադարձնելու պահանջով: Մերժում ստանալով` Պարսկաստանը նոր պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ:

Աբաս Միրզան անակնկալի բերելով ռուսական հրամանատատարությանը` գրավում է Զանգեզուրն ու Արցախը` բացի Շուշիից: Շուշիի կայազորը հայերի օգնությամբ պաշտպանության է դիմում: Պարսիկները 80 000 բանակով շուրջ 48 օր պաշարեցին քաղաքը: Պարսիկները շուտով գրավեցին նաև Գանձակը: Բայց 1826 թ. ամռանը Մադաթովը ետ վերցրեց Գանձակը: Ապա Մադաթովը շարժվեց դեպի Արցախ, որ ստիպեց պարսիկներին խուճապահար փախչել: Պարսկական բանակը մեծ կորուստներով լքեց Արցախի սահմանները: Մադաթովն սկսեց իր պարսկական արշավանքը:

Նա արագ հարվածներով մի քանի ճակատամարտերում ջարդեց պարսկական զորքերին, գրավեց Թավրիզը, ուղղակի սպառնալիք ստեղծելով մայրաքաղաքի համար: Ֆաթալի շահն ստիպված էր հաշտություն խնդրել: 1828 թվականի փետրվարի 10-ին Թավրիզի մոտ` Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով էլ վերջ տրվեց պատերազմին: Պարսկաստանը ընդմիշտ կորցրեց Արցախն ու Արևելյան Հայաստանը:

Հետագայում Արցախը Ռուսական կայսրության կազմում մտավ Ելիզավետապոլի նահանգի կազմի մեջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache