Արցախի «պոլիտբյուրոյի» հոգեվարքը

59

lragir.am — Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքը Սասուն Միքայելյանի հայտարարությանը բացահայտեց որոշակի հանգամանքներ, եւ այդ հայտարարությունն ակնհայտորեն առիթ էր Արցախի այդ պաշտոնյաների համար:

Հայաստանում նախկին իշխող կոռուպցիոն համակարգի հեռացումից հետո Արցախի իշխանությունը, որն այդ համակարգի շարունակությունն էր, հայտնվեց օդում: Սկսվեցին բողոքի ելույթներ, սակայն Նիկոլ Փաշինյանը աջակցություն հայտնեց Բակո Սահակյանին, ով իր հերթին խոստացավ բարեփոխումներ: Սակայն ոչ մի բարեփոխում էլ տեղի չունեցավ, եղան ընդամենը կադրային փոփոխություններ: Բարեփոխումներ չէին էլ կարող լինել, քանի որ այդ բառի իմաստը բավական դժվարընկալելի է Արցախի իշխանության, իսկ ավելի ճիշտ՝ «պոլիտբյուրոյի» համար, որը կազմված էր ուժայիններից ու Բակո Սահակյանի մի քանի մերձավորներից:
«Պոլիտբյուրոն» զգաց, որ կորցրել է իշխանությունը, սակայն ակնհայտորեն չէր ցանկանում հաշտվել այդ մտքի հետ:

Հոկտեմբերի սկզբին, երբ Հայաստանում «հակահեղափոխության» փորձ արվեց, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը փոխելու եւ վարչապետ ընտրելու մտադրության տեսքով, Արցախի «պոլիտբյուրոյին» թվաց, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը եւ Բարգավաճ Հայաստանը կիրականացնեն հեղաշրջումը, եւ իրենք կվերագտնեն իրենց դիրքերը, պահելով իշխանությունը:

Զուգահեռ, Արցախում սկսեցին ինտենսիվորեն տարածվել շշուկներ, որ Հայաստանի նոր իշխանությունը հանձնելու է Ղարաբաղը, որ Նիկոլ Փաշինյանը որդուն փախցրել է Արցախից, որ նա քանդում է բանակը եւ այլն: Հատկապես ակտիվ էին Արցախի նախագահի խորհրդականներն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Մոտիվացիան բավական ցցուն երեւում է նրանց գրառումների պաթոսի տակ, քանի որ Բակո Սահակյանի «բարեփոխումներից» հետո Արցախում ոչ միայն չեն վերացել, այլեւ շարունակվում են այն բոլոր արատավոր երեւույթները, որ եղել են նախկինում: Այդպիսով նաեւ փորձ է արվում քողարկել Ղարաբաղում «պոլիտբյուրոյի» գործունեության հետեւանքները: Միեւնույն ժամանակ, շարունակելով այդ ավանդույթները,  «պոլիտբյուրոն» ցանկանում է ցույց տալ, որ դեռեւս ինքն է դրության տերը:

Արժե նշել, որ երբ հայտարարվեց, որ ապրիլյան ռազմագործողություններով կորսված 800 հեկտարն անպետք հող է, այս մարդիկ, որ հիմա խոսում են վեհ բաներից, ծպտուն չհանեցին:

Երբ կոռուպցիան եւ քաղաքական սնանկությունը քողարկվում են անվտանգության, միասնականության եւ այլ քարոզներով, այդ արձագանքները նման են հոգեվարքի, նկատի առնելով նաեւ, որ Արցախի հանրային շրջանակներում արդեն տեղի են ունենում դանդաղ, բայց անդառնալի փոփոխություններ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache