Լրահոս

Արցախի խնդիրը լուծված է

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, որ առանց վստահության մեխանիզմների ներդրման հնարավոր չէ արդյունավետ բանակցություն: Խոսքը վերաբերում է Արցախի խնդրին: Ֆրանսիայի դեսպանը փաստորեն իր աջակցությունն է հայտնում պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, որում շեշտադրվում է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման առաջնահերթությունը:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ չկա Ադրբեջանի հետ նախագահների մակարդակով հանդիպման իմաստ, եթե հանդիպումից հետո Ալիեւը միեւնույն է շարունակելու է անարգել ու անպատիժ խախտել հրադադարի ռեժիմը կամ պարզապես զբաղվել մարդասպան շանտաժով:Փարիզը դեռեւս Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո է Երեւանում իր դեսպանի միջոցով հայտարարել, որ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը առաջնահերթություն է:

Ընթացիկ տարվա մարտին, Փարիզում հյուրընկալելով Սերժ Սարգսյանին, Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարեց, որ հրադադարի մեխանիզմի ներդրումը թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին:Դրանից մի քանի օր անց ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Բաքուն դեմ է այդ մեխանիզմի ներդրմանը, քանի որ դրանով ավելի կամրապնդվի ստատուս-քվոն, եթե հրադադարի պահպանման մեխանիզմը ներդրվում է առանց հայկական զինուժը հետ քաշելու:Ադրբեջանի այդ հայտարարությունը բացահայտում է հրադադարի պահպանման մեխանիզմի գաղափարի բուն էություն: Այդ մեխանիզմը Կովկասում անվտանգության համակարգի վերափոխման առանցքային տարր է, որի նպատակն է ապահովել ներկայիս հավասարակշռությունը:

Այդ հավասարակշռությունն ապահովված է Արցախի առաջին պատերազմի արդյունքով:Բավական բարդ է դրան միջազգային իրավունքի ուժ տալը, հատկապես նկատի ունենալով այն, որ այդ հարցում բացարձակ անարդյունավետ քաղաքականություն է վարել Հայաստանը՝ անցնող երկու տասնամյակի ընթացքում: Հայաստանի երկու տասնամյակի այսպես կոչված կարգավորման պետական քաղաքականության հետեւանքով ոչ թե արձանագրված հավասարակշռությունն է ստացել միջազգային իրավունքի ուժ, այլ Ադրբեջանի «պատերազմի իրավունքն» է հասունացել:Ապրիլից հետո իրավիճակը փոխվել է, Ադրբեջանը մսխեց այդ իրավունքը:

Բայց իրավիճակը չի կարող երկար ժամանակ մնալ «իրավունքից դուրս»: Հետեւաբար, ժամանակի ընթացքում ինչ որ մեկը պետք է ձեռք բերի նոր «իրավունք», իրադրությունը պետք է բերի որեւէ վիճակի կամ հեռանկարի «իրավականացման»:Հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակի անարդյունավետությունը, բավական բարդ է տարածաշրջանային անվտանգության հավասարակշռված համակարգի հիմք հանդիսացող ստատուս-քվոն ճանաչել միջազգային իրավունքով:Հրադադարի պահպանման մեխանիզմի գաղափարը այդ իրավունքի «փոխարինողն» է, որը պետք իրավականացնի ստատուս-քվոն, այդպիսով «միջազգային իրավունքի» միջանկյալ ուժ տալով դրան:Հենց դրա վրա պետք է կառուցվի տարածաշրջանում անվտանգության նոր համակարգը: Արցախի խնդիրը ինքնին որպես հակամարտություն, որպես զուտ արցախյան խնդիր լուծված է, ներկայում Արցախի խնդրի առումով լուծվում է կովկասյան անվտանգության նոր համակարգի խնդիրը:

Հայ-ադրբեջանական դիմակայություն կամ հակամարտություն կոչվածն այժմ ընդամենը մակերեսն է, կաղապարը կամ փաթեթավորումը, իսկ բուն քննարկվող խնդիրը տարածաշրջանային անվտանգության համակարգի վերակազմակերպումն է՝ որպես միջազգային անվտանգության եւ առաջին հերթին եվրոպական անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ:

Ահա Փարիզի աշխուժության եւ հրադադարի պահպանման մեխանիզմների, այլ կերպ ասած ստատուս-քվոյի՝ անվտանգության նոր համակարգի ռազմա-քաղաքական բազայի իրավականացման նախանձախնդրության շարժառիթը:Ստատուս-քվոն եվրոպական անվտանգության եւ կայունության սահմանն է, որը ներկայում պահում է հայկական զինուժը: Դրանից նահանջը նշանակում է եվրոպական անվտանգության սահմանի նեղացում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing