ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ

0

lragir.am — Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից` «Ազատ հայրենիք», Հայ Հեղափոխական դաշնակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, «Շարժում-88» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` անդրադառնալով վերջին օրերին ՀՀ–ում տեղի ունեցող իրադարձություններին։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար:

Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով:

 Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:

Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache