Արցախն իրավունք ունի նաև Նախիջևանի ու այլ տարածքների հարցը բարձրացնել

50

Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ։ Ինչպե՞ս եք  գնահատում Արցախի խնդրի կարգավորման ներկա փուլը, այս հանդիպումները նախկինի շարունակությո՞ւն են, որոնք շոշափելի արդյունք չէին տալիս։

Ցանկացած հանդիպում մենք միշտ արժևորել ենք, որովհետև այդ հանդիպումներն ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ բանակցային գործընթացը խաղաղ կարգավորում է։ Երկրորդ, այդ հանդիպումները շատ կարևոր են նաև տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու տեսանկյունից, որովհետև ակնկալել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում կունենա, իհարկե, վաղաժամ է, առավել ևս հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կարծր, հայատյաց դիրքորոշումը։  Այս հանդիպումները թույլ են տալիս և բանակցային գործընթացը, և խաղաղությունն ու կայունությունը պահպանել տարածաշրջանում։

Այդ հանդիպմանը ԱԳ նախարարները վերահաստատել են բանակցային գործընթացի ակտիվացման և լարված իրավիճակի հանդարտեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Մյուս կողմից հանդիպումից առաջ դարձյալ սահմանին զոհ ունեցանք։ Այսինքն՝ Ադրբեջանը որևէ կերպ չի՞ փոխում իր մարտավարությունը։

Դժբախտաբար չի փոխում։ Ավելին՝ մենք վերջերս տեսնում ենք նաև Ադրբեջանի ակտիվացումն այնպիսի ուղղություններով, որտեղ մինչ այս ակտիվություն չէր ցուցաբերում։ Մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ, Հայաստանի սահմանի որոշ հատվածներում, Տավուշում, չնայած այնտեղ միշտ էլ կրակոցներ են եղել, բայց հիմա ավելի հաճախակի են խախտում։ Ադրբեջանից այլ բան ակնկալելն անհնար էլ է, վերջերս այդ հանդիպումից առաջ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան կրկնել է ապակառուցողական հայտարարությունները, որ պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։

Այսինքն՝ Ադրբեջանը չի փոխվել, դժվար թե մոտ ապագայում փոխվի, իսկ սա նշանակում է, որ համապարփակ կարգավորում դժվար թե լինի, որովհետև այդպիսի տրամաբանությամբ ու աշխարհայացքով, գերնպատակներով առաջնորդվող երկրից չի կարելի սպասել կառուցողական քայլ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հարավային Կովկասի կարևորությունը աշխարհքաղաքական ողջ տարածաշրջանի համար, իհարկե, այստեղ խաղաղության և կայունության պահպանումը նույնիսկ համեմատական առումով շատ կարևոր է գլոբալ կայունության համար։ Դրա համար նաև ԵԱՀԿ Մինսկի եռանախագահող երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից են, շահագրգռված են, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի։

Հետևաբար, անկախ ամեն ինչից, իհարկե, ցանկացած կորուստ ողբերգություն է, յուրաքանչյուր մարդ սա համարում է իր անձնական կորուստ, սա մատաղ կյանքի անդառնալի կորուստ է, բայց այլ բան ակնկալել Ադրբեջանից, դժբախտաբար, չենք կարող։ Պետք չի իլյուզիաներով տարվել, ունենք այն, ինչ ունենք։ Ունենք թշնամական հարևան, ունենք հայատյաց ու ահաբեկչական երկիր։

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում՝ Արցախի մասով։

Շատ կարևոր հայտարարություն էր և պատգամներ էր հնչեցնում։ Ես շատ դրական եմ գնահատում այդ ելույթը։ Նախ՝ Փաշինյանը խոսել է Արցախի ապագայի մասին, հստակ նշել է, որ խոսք անգամ չի կարող լինել Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին։ Դա չի լինելու, ինչպես նաև պաշտոնական Ստեփանակերտը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանի կազմ վերադարձ չկա և չի կարող լինել։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը վերահաստատել է պաշտոնական Երևանի հավատարմությունը խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ եռանախագահության շրջանակներում։

Դրանով տարբեր երկրների, մասնավորապես, Թուրքիայի կողմից ցանկացած փորձ՝ մխրճվել եռանախագահության կազմի մեջ, դատապարտված է ձախողման, որովհետև Թուրքիան անկողմնակալ երկիր չէ, նա հստակորեն հայատյաց քաղաքականություն է վարում և սատարում է Ադրբեջանին։ Շատ կարևոր է նաև, որ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախը։ Արցախը պետք է վերականգնի իր լիարժեք մասնակցությունը բանակցություններին, ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը միշտ կրկնում է, որ մենք պետք է մասնակցենք բանակցությունների բոլոր փուլերին՝ սկսած մտքերի փոխանակումից մինչև կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերում։

Հետաքրքիր էր նաև Նախիջևանի պահը, որը Նիկոլ Փաշինյանը նշեց։ Պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ անդրադարձել է Նախիջևանի հարցին՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունն իրավունք ունի նաև Նախիջևանի հարցը բարձրացնել, որովհետև, ի վերջո, սա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն է, և քանի որ երբ ձևավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ն, նրան բռնակցվել է Արցախից բացի նաև Նախիջևանը և այլ տարածքներ, մենք իրավունք ունենք այդ հարցը բարձրացնել և ասել՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Նախիջևանի հետ։ Հիմա շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետը նշեց, որ տեսնում եք՝ Նախիջևանի ճակատագիրն ինչպես եղավ։ Իհարկե, սա ուղիղ համեմատական է և ցույց է տալիս, որ եթե Արցախը դառնա Ադրբեջանի մաս, ինչպիսի ճակատագիր է սպասում նրան։

Այսինքն, բոլոր տեսանկյուններից այդ ելույթում ճիշտ շեշտադրումներ են եղել։ Կարևոր է նաև այն, որ Փաշինյանը ընդգծեց, որ բանակցությունների խոչընդոտը Բաքվի մոտեցումներն են։ Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ ասել է, որ Բաքվի կարծր դիրքորոշումն է միակ խոչընդոտը հակամարտության կարգավորման ճանապարհին։ Պատճառը նրանց հայատյացությունը, ատելությունն է հայ ժողովրդի նկատմամբ։ Հետևաբար, այս ամենը, կարծում եմ՝ հայության հավաքական տեսակետ է և պետք է նաև ընկալվի միջազգային  հանրության կողմից։ Շատ կարևոր է, որ այդ գաղափարները ևս մեկ անգամ ընդգծվեցին վարչապետի կողմից։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ արձագանք կունենա Փաշինյանի ելույթը, հատկապես Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասով։

Նախևառաջ, իհարկե, կարևոր էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից դա հնչեցվեց։ Բնական է, որ Ադրբեջանն, ըստ ամենայնի, խոչընդոտելու է լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բայց դա կապ չունի։ Պաշտոնական Երևանն արտահայտեց իր դիրքորոշումը, սա ինքնին շատ կարևոր է։ Մնացածը հասկանալի է, որ երկարատև աշխատանքի և ջանքերի արդյունք է, բայց այլ ելք չկա։ Արցախի կարգավիճակը որպես բանակցությունների լիարժեք կողմ, որը հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ հիմնադիր գագաթաժողովի ժամանակ, որևէ մեկը չի բեկանել։ Երևանն իր տեսակետը հայտնել է, պաշտոնական Ստեփանակերտի հետ այդ տեսակետը համընկնում է, դա ընդունվում և ընկալվում է համանախագահող երկրների կողմից, որովհետև իրենք հասկանում են, որ անհնար է առանց Արցախի հասնել համապարփակ կարգավորման։ Մնում է, որ Ադրբեջանը դա ընդունի։ Դա ժամանակ ու աշխատանք է պահանջում, բայց այլընտրանք չկա խաղաղ կարգավորման համար։

Ինչպե՞ս եք գնահատում սահմանային լարվածությունը։ ՀՀԿ-ականներն անընդհատ խոսում են լարվածության աճի, հնարավոր պատերազմի մասին։ Իրավիճակը իրականում ինչպիսի՞ն է։

Պատերազմի հավանականությունը, բնական է, երբևիցե չի կարելի անտեսել, բայց այդ հավանականությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Նախ՝ կախված է հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանից, մեր համախմբվածությունից։ Կախված է նաև մեր կողմից վարվող ճիշտ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունից, տարբեր այլ երևույթներից։ Ներկա դրությամբ, իհարկե, Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քայլերը, կրակում է, բայց ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է, և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache