Արցախում իրավիճակ է փոխվել

110

Արցախում մթնոլորտ է փոխվել, և վախի այն մթնոլորտը, որը տիրում էր տարիներ շարունակ, այլևս չկա: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում անցկացվող բողոքի ակցիաներին:

«Այլևս չկա այն իրավիճակը, երբ մարդիկ չէին կարողանում արտահայտել իրենց հայացքները, երբ տարբեր ադմինիստրատիվ ու ուժային ռեսուրսների միջոցով մարդկանց ճնշում ու լռեցնում էին: Այս ամենն արդեն վերացել է, և մենք արդեն ունենք որակապես այլ Արցախ: Անկախ նրանից՝ ցուցարարների պահանջները կկատարվեն, թե ոչ, մենք արդեն այլ երկրում ենք ապրում”, ասաց նա:Հիշեցնենք, որ Արցախում վերջին օրերին անցկացվող բողոքի ակցիաները ուղղված են ուժային կառույցների գործունեության դեմ: Ակցիաների պատճառը ԱԱԾ աշխատակիցների կողմից քաղաքացիներին դաժան ծեծի ենթարկելու միջադեպն էր: Ստեփանակերտում մարդիկ փողոց են փակել և պահանջում են ուժային կառույցների, բացի բանակից, ղեկավար կազմի հրաժարականը:Տիգրան Գրիգորյանն ասում է, որ պարզ է՝ սա հայաստանյան ալիքի շարունակությունն է: “Պարզ է նաև, որ Բակո Սահակյանի քաղաքական կարիերան մետենում է ավարտին, և 2020 թվականին նա այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնին: Ինչպես գիտենք, նախորդ տարի Արցախում Սահմանադրություն էր փոխվել հենց այն նպատակով, որպեսզի տեղի ունենար Բակո Սահակյանի իշխանության վերարտադրություն: Սակայն այսպիսի պայմաններում բոլորի համար արդեն հստակ է, որ վերարտադրման վտանգ այլևս չկա, և 2020 թվականին կունենանք նոր թեկնածուներով ու նոր ուժերով ընտրություններ»,- ասաց նա:Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր ևս Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ ավտոկայարանի դիմացի հատվածը փակ է: Երեկ երեկոյան բանակցություններ էին ընթացել ցուցարարների խմբի և Բակո Սահակյանի միջև, որոնք տևել էին բավական երկար, մինչև ուշ գիշեր: Դրանից, հետո, Տիգրան Գրիգորյանի տեղեկացմամբ, տեղի է ունեցել Բակո Սահակյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:“Բայց, ցավոք սրտի, ոչ մի որոշում դեռևս չի կայացվել, ցուցարարների պահանջը չի կատարվել: Այդ պատճառով մարդիկ այսօր հերթական անգամ դուրս են եկել փողոց: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ ուժային կառույցների ղեկավարների հեռացում”,- ասաց նա:Ի դեպ, ակցիայի մասնակիցների շրջանակն ընդլայնվում է: Երեկ բողոքին միացել էին նաև կանայք, աղջիկներ, նույնիսկ երեխաներ: Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ մինչ այդ միայն տղամարդիկ էին մասնակցում:«Այսինքն՝ որակապես փոխվում է իրավիճակը: Արդեն բոլորը հասկանում են, որ այն, այսպես կոչված, բեսպրեդելի մթնոլորտը, որը տիրում է Արցախում և որի գլխավոր մեղավորը հենց ուժային կառույցներն են, այլևս չի լինի: Բոլորը չափազանց զգույշ կլինեն իրենց գործողությունների մեջ, որովհետև ամեն հերթական անախորժության դեպքում ժողովուրդն արդեն պատրաստ է լինելու փողոց դուրս գալ և պաշտպանել իր իրավունքները», հավելեց մեր զրուցակիցը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache