good-banner
Լրահոս

Արդյո՞ք Անգելա Մերկելը «վերադարձնում է» Ղարաբաղը

 

92-1-720x340

«Ռուսաստանը, իհարկե, կարող է վճռորոշ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», Բեռլինում Ալիեւի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Իր հերթին, Ալիեւը բարձր է գնահատել Ռուսաստանի դերն այդ հարցում, այն գնահատելով «շատ կառուցողական». «Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան», ասել է Ալիեւը:
Գերմանիան ներկայում նախագահում է ԵԱՀԿ-ում: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում իր մամուլի ասուլիսի ժամանակ դիմել էր Գերմանիային՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ստանձնելու Ղարաբաղյան խնդրի «պատասխանատվությունը», մասնավորապես շփման գծում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցում:
Այնուհետեւ, տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը, որից հետո արեւմտյան եւ ռուսական քաղաքական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ Ռուսաստանի ազդեցությունը, կամ «մենաշնորհը» Ղարաբաղի խնդրում նվազել է:
Ըստ էության, հետաքննության մեխանիզմների ներդրումը այդ ազդեցության թուլացման լծակ է, չհաշված քաղաքական գործընթացի չերեւացող զարգացումները, որոնք առավել լայն ընդգրկում ունեն, քան միայն ղարաբաղյան խնդիրն է:
Ի՞նչ է նշանակում Մերկելի հայտարարությունը Ռուսաստանի «վճռորոշ դերի» մասին: Արդյոք Մերկելը «վերադարձնում» է Լավրովին, պատասխանատվությունը կրկին դնելով Ռուսաստանի վրա: Թե՞ փորձում է հանգստացնել Ռուսաստանին, որը ապրիլին տապալեց իր ծրագրի իրագործումը եւ կարող է փորձել կրկին վերականգնել իր «մենաշնորհը» Ադրբեջանի միջոցով, ինչի մասին են վկայում Ալիեւի հայտարարությունները: Կամ, արդյոք Մերկելը ինչ որ պայման է դնում Մոսկվայի առաջ, դրանով պայմանավորելով նրա «վճռորոշ դերը»:
Թե ինչ է նշանակում այդ դերը Հայաստանի ու Արցախի համար, հայերն արդեն լիովին համոզվել են քառօրյա պատերազմի արդյունքում: Իր հերթին, հայկական կողմը հետպատերազմյա այս երկու ամիսներին ոչինչ չարեց ղարաբաղյան խնդիրը ռուս-ադրբեջանական աքցանից հանելու համար, որի հնարավորությունները ստեղծվել էին ռազմական գործողությունների արդյունքում: Ավելին, Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կարծես թե խնդիրը վերջնականապես մտցնում է ռուս-ադրբեջանական քաղաքական ծրագրերի շրջանակ, այդպիսով պարարտ հող ստեղծելով ռուսական «մենաշնորհի» համար:
Սա չի կարող չնկատվել, եւ չի բացառվում, որ Արեւմուտքը կարող է «լվանալ» ձեռքերը, ընդամենը Ռուսաստանի հետ հասնելով ինչ որ պայմանավորվածությունների: Առավել եւս, որ միջազգային պրակտիկայում վաղուց «ավանդույթ» է դարձել, որ միջազգային քաղաքականության «կեղտոտ գործերն» արվում են հենց Ռուսաստանի միջոցով, որն իր գործընկերներին հանձնելու սովորություն ունի:
Հետաքրքիր է, որ Մերկելի ասուլիսի օրը հարցազրույց է տվել Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ով փաստացի հայտարարել է, որ Ղարաբաղը բանակցության կողմ չի լինելու, այլ՝ շրջանակային համաձայնության հասնելուց հետո կարող է քննարկվել բանակցությանը Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը: Ընդամենը:

Աղբյուրը

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing