Լրահոս

Արդյոք Ճաճոյի Էդոյի հարսի կողմից զենքի կիրառումը ինքնապաշտպանություն չէ, իսկ Լիսկայի որդու արածն ինքնապաշտպանություն էր

 

 

Շատ կարևոր է հասկանալ, գիտակցել ու խորությամբ ընկալել այն մարդու վիճակը, որը տարիներ շարունակ ապրում է վախի, նվաստացման ու ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության մթնոլորտում։
Գուգարքում քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքը հանրային ուշադրության և հատկապես կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանական խմբերի ուշադրության կենտրոնում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տանը: Եվ ահա, երբ հերթական անգամ նա ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս այդ նույն ատրճանակով սպանել է ամուսնուն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Լիաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներ ունի, իսկ նրա անչափահաս երեխաներից մեկը ծանր, անբուժելի հիվանդությամբ՝ գլխուղեղի քաղցկեղով է տառապում։ Լիաննան այժմ կալանավորված է և վաղը դատարանում քննվելու է նրա նախնական կալանքի հարցը։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանությունը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիաննան ընտանեկան բռնության է ենթարկվել տարիներ շարունակ և այդ պահին ևս ծեծված է եղել, նաև` զենքը իրեն չի պատկանել, այլ ամուսնուն, ու որևէ կերպ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հոդվածն իրեն չի վերաբերում, կարելի է մոտավոր պատկերը հասկանալ և որակել այս դեպքը որպես ինքնապաշտպանություն։
Հիշեցնեմ՝ ոչ վաղ անցյալում մենք ունեցանք մի դեպք, շատ հնչեղ, որը ևս սպանություն էր, սակայն որակվեց որպես ինքնապաշտպանություն և քրգործը կարճվեց։ Խոսքը Ավետիք Բուդաղյանի սպանության մասին է, որի համար մեղադրվող Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավայրում մնաց ընդամենը երկու ամիս։ Նախաքննական մարմինը, կատարվածը որակելով անհրաժեշտ ինքնապաշտպանություն, գործը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիմա փորձենք զուգահեռներ անցկացնել ու հասկանալ.
Ա. Արդյոք ծեծված ու ջարդված կնոջ կողմից զենքի կիրառումը ինքնապաշտպանություն չէ, իսկ Լիսկայի որդու կողմից կատարվածը՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։
Բ. Կինն ինքն ունի անհրաժեշտ բուժօգնության ու աջակցության կարիք, արդյոք նրան բավարար ուշադրություն դարձվում է այս պահին, և որքանո՞վ արժանահավատ ու ադեկվատ են լինելու նրա նախաքննական ցուցմունքները:
գ․ Երեխան, որը ծանր հիվանդ է և միգուցե նաև ականատես է եղել ողբերգությանը, արդյոք պետք է այս պահին առանց մոր մնա, թե ավելի նպատակահարմար է ստորագրությամբ նրան կալանքից ազատելը։
Ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, դատախազությունն է շատ կոշտ դիրքորոշում որդեգրել, որպեսզի կինը կալանքի տակ մնա, իսկ վաղը դատական նիստի ժամանակ պնդելու է իր դիրքորոշումը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing