Լրահոս

Արեւմուտքն ու Ռուսաստանը բանալին հանձնեցին Սերժ Սարգսյանին

 

arm148043243893

lragir.am — Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հանրային, փորձագիտական մի շարք շրջանակներ փորձում են պատկերացնել, թե ինչպիսի դասավորություն կարող է լինել 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքում: Կարծիքների շարքում բավական շոշափելի տեղ է զբաղեցնում այն, որ Հայաստանի նոր խորհրդարանը ձեւավորվելու է Արեւմուտքի կամ Ռուսաստանի մրցակցությամբ, կամ փոխհամաձայնությամբ` նրանք կիսելու են խորհրդարանը ռուսամետ եւ արեւմտամետ ուժերի միջեւ, իհարկե ոչ թե հավասար, այլ բնականաբար ռուսամետ ուժերի իշխանությամբ:
Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ իշխանության ձեւավորման հարցում արտաքին ազդեցության դերն ու նշանակությունը Հայաստանում հիմնականում գնահատվում է բավական բարձր: Բայց, ի՞նչ տեսքով է տեղի ունենում այդ ազդեցությունը: Դա հարց է, որը կարծես թե չունի որոշակի պատասխան, եւ իհարկե դժվար է պատասխանը գտնելը, բայց դրանից կախված է այն, թե որքանով է համարժեք արտաքին ազդեցության վերաբերյալ որեւէ գնահատականը:
Արդյոք Արեւմուտքը կամ Ռուսաստանը զբաղված են հարցով, թե որ ուժը ինչքան տեղ պետք է ունենա խորհրդարանում, որոշում են տեղերը, քանակը, տոկոսները, անունները եւ այլն: Հազիվ թե: Բանն այն է, որ ուժային այդ կենտրոնների օրակարգում մինչ հասնի դրա հերթը, կպարզվի, որ Հայաստանում ընտրության ժամանակն անցել է:
Այդ ուժային կենտրոնների համար Հայաստան իհարկե կա, պարզապես չկա Հայաստանի խորհրդարանի ընտրությամբ զբաղվելու ժամանակ: Այնտեղ իհարկե գիտեն, որ լինելու է ընտրություն, կան մարդիկ, որոնք հետեւելու են այդ ընտրությանը, միտումներին, բայց թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական դաշտի մասով հասկացել են ամենակարեւորը` Հայաստանի ներքաղաքական դաշտում չկան քաղաքական նախագծեր:
Արեւմտամետ, ռուսամետ` դրանք հասկացություններ են, որոնք ոչինչ են առանց նախագծի: Հայաստանում կան թե արեւմտամետ ուժեր, թե ռուսամետ ուժեր, կան նաեւ ուժեր, որոնք կդիրքավորվեն ըստ հարմարության, կան ուժեր, որոնք եւ-եւ են ասում, կան նաեւ ոչ-ոչ ասողներ, բայց այդ ամենի տակ չկա քաղաքական նախագիծ, որի շուրջ հնարավոր է աշխատել:
Դա բերում է նրան, որ Հայաստանում քաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը դառնում է բացարձակապես ավելորդ, հրատապություն չունեցող խնդիր թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի համար: Որովհետեւ այդ ստատուս-քվոյի փոփոխությունը խնամակալության խնդրից բացի չի առաջացնելու որեւէ նոր բան: Իսկ Արեւմուտքն ու Ռուսաստանը մի բանում կամա թե ակամա ունեն ընդհանուր մոտեցում` նրանք բացառում են Հայաստանի խնամակալությունը: Բացառում են տարբեր պատճառներով ու նկատառումներով, բայց բացառում են:
Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարում է, որ ավարտվել է վարկերով եւ արտաքին օժանդակությամբ վարվող քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից հայտնվել է իշխանություն ձեւավորելու ռեսուրսային ճգնաժամում, բայց մյուս կողմից ստացել է ստատուս-քվոն իր հայեցողությամբ ձեւավորելու իրավունք` իհարկե անպայմանորեն հաշվի առնելով, որ կտրուկ շարժումներ պետք չեն, դրանք դուր չեն գա թե Արեւմուտքին, թե Ռուսաստանին:
Ընդհանուր առմամբ, ստեղծվել է առաջին հայացքից հակասական վիճակ: Մի կողմից ակնհայտ է, որ աշխարհքաղաքական դիմակայությանը զուգահեռ սրվում է դիմակայությունը նաեւ Հայաստանի հարցում, կամ մրցակցությունը Հայաստանի համար: Մյուս կողմից, այդ մրցակցությունն իրականում վաղուց դուրս է եկել քաղաքական դաշտից, այն պարզ պատճառով, որ ցցուն կերպով դրսեւորվել է Հայաստանի քաղաքական դաշտի անմրցունակությունը:
Դիմակայությունը կամ մրցակցությունը ներկայում տեղափոխված է հանրային ոլորտ, որը փաստացի խոպան է: Քաղաքական ուժերը Հայաստանում անկարող են գտնվել հանրությանը մշակելու հարցում: Քաղաքական ուժերը ինտենսիվ փորձում են որոնել արտաքին աջակցություն կամ ծանրության կենտրոն, հասկանալու համար, թե որ կենտրոնը կօգնի լուծել խորհրդարանում հայտնվելու խնդիրը: Այդ ընթացքում ուժային կենտրոնների պայքարը կամ մրցակցությունը տեղափոխվել է Հայաստանի հանրային-քաղաքացիական ոլորտ` քաղաքականն ամբողջությամբ հանձնելով Սերժ Սարգսյանին ու հանրապետականին:
Հայաստանի ապագան ձեւավորվում է այդ ոլորտում, եւ պետության ճակատագիրը կախված է լինելու այդ մրցակցության արդյունքից:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am