Լրահոս

Արեգ Կյուրեղյանը նամակ է փոխանցել, որով տեղեկացնում է…

 

icon

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նամակ է հանձնել իր պաշտպանին, որը Արեգի հայրը Արմենակ Կյուրեղյանը, Armtimes.com-ին է փոխանցել: Նամակը վերնագրված է «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Նամակում մասնավորապես ասված է.

«Իմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով նախ ուզում եմ ցավակցել ինքնահրկիզված, այնուհետև ստացված վերքերից մահացած Քաջիկ Գրիգորյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Խոսքս ուզում եմ ուղղել նաև այն բոլոր ցուցարարներին, ովքեր ձերբակալված են և այժմ մեզ հետ միասին գտնվում են բանտերում, այն բոլոր քաղաքացիներին, ովքեր խոշտանգվել են փողոցներում կամ ոստիկանական բաժանմունքներում, այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կրել են զրկանքներ կամ տուժել են ոստիկանների հետ բախումների ընթացքում:

Հայաստանի Հանրապետության  ՀԱՐԳԵԼԻ քաղաքացիներ, մենք, անկասկած, ճիշտ ուղու վրա ենք: Ինչպես ասել է Մովսես Գորգիսյանը «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Ուրեմն, եկեք հաստատ մնանք մեր պայքարի մեջ:

Քրիստոնյա իմ եղբայրներ և քույրեր, ովքեր գտնվում են բանտում և զրկանքների մեջ, ձեզնից ոչ ոք չի մոռացվելու, իհարկե, դատախազությունը և «Հայլուրի» կողմից մտավորական հռչակված անձինք մեզ 100-ից, 1000-ից ավելի մեղադրանք կներկայացնեն, բայց դժվար թե գտնվի մի հոգի, ով կարողանա ժխտել, որ մենք պայքարում ենք հանուն «արդար Հայաստանի», որը նույնն է թե՝ հանուն արդարության: Մեզ մեր պայքարի մեջ քաջություն ու վստահություն հաղորդելու համար չկա ավելի մեծ պարգև, խոստում, քան խոստացել է մեզ հենց մեր Տերը և Աստվածը. «Երանի նրանց, որ հալածվում են հանուն արդարության, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթէոս 5.10):

Ուրեմն, մեր քրիստոնյա ոգու համար. մեր հաղթանակը անխուսափելի է, եթե նույնիսկ զոհվենք այդ ճանապարհին:

Արեգ Կյուրեղյան, Երևան, Նուբարաշեն ՔԿՀ, խուց 51:

2016թ. օգոստոսի 7»:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing