Առերեսում փշալարի վրա

0

lragir.am — Նիկոլն ապրիլի 17-ի առավոտից շրջում է քաղաքում, «հավաքում» ցուցարարներին, նորից փողոցներ փակում, ասելով, թե այդպես են անում, որ ջլատեն ու հոգնեցնեն ոստիկաններին: Բայց ոստիկանությունն այս օրերին այդպես էլ «չհետապնդեց» ցուցարարներին, այլ կենտրոնացավ Բաղրամյան պողոտայում, փակելով Ազգային ժողովն ավելի վաղ, քան դա կանեին ցուցարարները, որպեսզի թույլ չտային Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

Կգնա՞ Նիկոլը ոստիկանական շղթան ճեղքելու հերթական փորձին, ինչպես երեկ, որը տապալվեց: Ոստիկանությունը ցույց տվեց, որ տեղի չի տալու: Այս պահին ոստիկանությունն ապահովում է ՀՀԿ-ական պատգամավորների մուտքը Ազգային ժողով, որտեղ ոստիկանական շարքերի ու փշալարերի հետեւում պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի ընտրությունը:

Սերժ Սարգսյանն իհարկե դրանից վատ չի զգա, ինչպես ասում են՝ առաջին անգամը չէ, երբ նա իշխանություն է ստանձնում փշալարերի հետեւում: Նույնը ՀՀԿ-ն: Իշխանությունն ու Հայաստանը վաղուց տարբեր բաներ են, որ երբեմն առերեսվում են այսպես կոչված ընտրությունների, կամ ավելի ճիշտ՝ հետընտրական գործընթացների ժամանակ՝ բախման ու դիմակայության ձեւով: Ընդ որում, նման ամեն մի հերթական փուլից հետո այդ խզվածքն ավելի է մեծանում, որն այլեւս հնարավոր չէ լցնել որեւէ կերպ:Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունը Հայաստանի կորսված հնարավորության հերթական փուլի մեկնարկն է ընդամենը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache