Արհեստական համակարգը քանդվեց. Ինչ է կատարվել Հայաստանում

70

Երեւանի Ավագանու ընտրության արդյունքից հետ լսելի են մտահոգություններ, թե ընտրության ժամանակ մեկ քաղաքական ուժի 81 կամ ավելի տոկոսը խնդիր է, ահազանգ է հեռանկարի համար, ժողովրդավարության սպառնալիք եւ այլն: Ասում են, թե ժողովրդավարական իրավիճակում չի կարող որեւէ ուժ  հավաքել 81 տոկոս:

Նախ, ով գիտե, թե ինչ է կարող որեւէ ուժ ժողովրդավարական իրավիճակում: Օրինակ, 2002 թվականին ժողովրդավարական Ֆրանսիայում նախագահ Ժակ Շիրակը նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացավ մոտ 82 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից Ժան Լե Պենը՝ 18: Ֆրանսիան դրանից չդարձավ բռնապետական, շարունակվեց բնականոն ընթացքը: Ինչ խոսք, եթե երկրորդ փուլ դուրս եկած նրա մրցակիցը չլիներ Ժան Լե Պենը, Շիրակը չէր հավաքի այդքան ձայն: Ֆրանսիացիները քվեարկել էին ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ: Բայց, այդպիսին էր իրավիճակը, եւ հանրությունը կողմնորոշվել է ըստ իրավիճակի, տալով 82 տոկոս:

Խնդիրն այն է, որ քաղաքական իրողությունները լինում են շատ կոնկրետ, ըստ հանգամանքների, հետեւաբար համարժեք չէ դրանք գնահատել ըստ համընդհանուր տեսությունների:

Հայաստանում էլ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին եղել է շատ կոնկրետ հանգամանք՝ թավշյա հեղափոխության կոնկրետ մի փուլ: Եվ այդ փուլում հեղափոխության թիմի ստացած 81 տոկոսի առնչությամբ հայտնել տարակուսանք, թե ինչպես կարող է այդպիսի բան լինել եւ դա լավ չէ, նշանակում է տարակուսանք հայտնել թավշյա հեղափոխության գործընթացի առնչությամբ եւ ասել, թե ինչպես կարող էր այդպիսի բան լինել:

Եթե չլիներ 81 տոկոս եւ ավելի աջակցություն, չէր լինի թավշյա հեղափոխություն: Եթե եղել է թավշյա հեղափոխություն, ապա չէր կարող մի քանի ամիս անց տեղի ունեցած կիսապետական ընտրությանը չլինել 81 տոկոս: Առավել եւս չէր կարող չլինել, որովհետեւ թավշյա հեղափոխությունը դեռեւս ճանապարհին է եւ վերջնահանգրվանի կհասնի միայն խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո: Ընտրությամբ չէ, այլ ընտրությունից հետո, որովհետեւ խորհրդարանի արտահերթ ընտրությունն էլ իր տրամաբանությամբ լինելու է թավշյա հեղափոխության ընթացքի մի մասը, հետեւաբար մեծ հավանականությամբ ունենալու է տոկոսային նույն տրամաբանությունը:

Գործնականում, Հայաստանում ձեւով, կանոնակարգով, բնույթով տեղի է ունենում ընտրություն, օրինական, իրավական մեխանիզմով եւ ազատությամբ, բայց բովանդակությամբ այն ընտրություն չէ, այլ հեղափոխություն, հերթական քայլ, մինչեւ խորհրդարանի ընտրության տրամաբանական ավարտ:

Դա օբյեկտիվ իրականությունն է, բնական պատկերը, ըստ այդմ դասական քաղաքագիտական, տեսական տրամաբանությամբ խոսելը եւ բնական վիճակը դրանով չափելը նշանակում է խոսել իրավիճակի արհեստականացման մասին: Չի կարող արհեստական քաղաքական իրավիճակը ծառայել հանրությանն ու պետությանը: Այն կծառայի նրանց, ովքեր ստեղծել են այդ արհեստական վիճակը, իսկ պետության ու հանրության համար կստեղծի խնդիրներ:

Թավշյա հեղափոխությամբ հասարակությունը վերականգնել է քաղաքականության բնական վիճակը, ու ըստ այդմ տրամաբանական է, որ կա ընդունելի մեկ ուժ, որն օգնել է հանրությանը վերականգնել այդ վիճակը:

Մնացյալ ուժերի ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ նոր իրավիճակներ կարող են ստեղծել, որոնք իրենց բովանդակությամբ մնալով բնական զարգացման տրամաբանության մեջ, իրենց որակով եւ հեռանկարով կլինեն ավելի լավը, քան այն, ինչ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache