Արման Մկրտումյանը վերակենդանացման բաժանմունքում է. նրա վիճակը կայուն ծանր է

63

«Արման Մկրտումյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում: Նրա վիճակը կայուն ծանր է»,- Forrights-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը: Վերջինս չկարողացավ այլ տեղեկություններ տրամադրել, նշելով, որ դեռ նոր է ընդունել հերթապահությունը և այլ մանրամասների չի տիրապետում, սակայն խոստացավ՝ 1 ժամից զանգահարելու դեպքում կհայտնի ավելիի մասին: Մեկ ժամ անց մեր զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի  առանձնատան տարածք են մուտք գործել  դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Վճռաբեկ նախկին նախագահը հրազենյանին վնասվածք էր ստացել և Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ-ից Forrights-ին փոխանցեցին, որ Մկրտումյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո լքել է հիվանդանոցը՝ հրաժարվելով հոսպիտալացվելուց. «Արման Մկրտումյանն «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հրազենային վնասվածքով: Նրա մոտ առկա էր ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածք»,- մեզ հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից:
Հավելենք, որ Ոստիկանությունն այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն և դեռևս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել և դիմել փախուստի:
«Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Հ.Ռիժենկոն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված էր Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Արդեն ավելի ուշ Քննչական կոմիտեն ևս հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Առգրավվել  են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
Հիշեցնենք, որ Արման Մկրտումյանը ՀՀ Վճռաբեկ նախագահի պաշտոնում նշանակվել է 2008թ. սեպտեմբեր ամսին: Այդ պաշտոնում եղել է ավելի քան 10 տարի:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache