Արման Սահակյանը նույնպես հեռացավ. ՀՀԿ խմբակցության քայքայման գործընթացն անկասելի է

123

1in.am — Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Ֆեյսբուքի իր էջում Արման Սահակյանը գրել է. «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:

Արման Սահակյանը խորհրդարանական մեծամասնության երրորդ պատգամավորն է, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը: Սակայն այս դեպքը որակապես տարբերվում է նախորդ երկուսից: Եթե Արթուր Գևորգյանի պարագայում գործ ունենք նրա աներ Վովա Գասպարյանի գործոնի հետ, իսկ Շիրակ Թորոսյանն, ըստ էության, հեռացվեց խմբակցությունից` որդեգրված գծին հակադրվելու համար, ապա Սահակյանի մոտիվներն առավել քան ռացիոնալ են:

Նա ՀՀԿ խմբակցության այն քիչ գործարար պատգամավորներից մեկն է, ով առհասարակ կաշկանդված չէ, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ կապերով և սեփական հաջողությունների համար պարտական է իր անձնական որակներին և ինտելեկտին:

Սա այն դեպքն է, որ միանշանակ կորցնում է ՀՀԿ-ն, ընդ որում` խոսքն ոչ այնքան մեկ մանդատի մասին է, որքան` որակական կորստի. սեփական արժեհամակարգն ու դիմագիծն ունեցող պատգամավորի հեռացումով ՀՀԿ խմբակցությունն ավելի է նույնանում քրեաօլիգարխայի հետ` զրկելով ներքին ռեֆորմի, արդիականացման ռեսուրսից:

Արման Սահակյանի այսօրվա որոշման վրա ազդող հիմնական շարժառիթներից մեկը հայկական ֆուտբոլում ստեղծված, մեղմ ասած, ողբերգական վիճակն է: Արման Սահակյանը նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է ու նրա գործուն ջանքերի շնորհիվ ակումբը վերջին տարիներին զգալի վերելք է ապրում, էլ չասենք այն մասին, որ Գյումրիում ստեղծվել  են ֆուտբոլի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ: Օրերս ավարտված ֆուտբոլի ազգային առաջնության անվիճելի առաջատարը «Շիրակ» ակումբն էր, որից Ռուբեն Հայրապետյանը չեմպիոնությունը խլեց վերջին պահին` կամայական որոշմամբ թիմին զրկելով 12 միավորից իբրև թե պայմանավորված խաղերի համար:

Այս անարդարությունը թերևս դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց Արման Սահակյանի համբերության բաժակը և այլևս անհանդուրժելի էր ներկայացնել մի կուսակցության խմբակցություն, որի խորհրդի անդամ է Ռուբեն Հայրապետյանը:

Իրականում` ոչ միայն իշխանափոխությունից հետո, այլ նաև դրանից առաջ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ունեցել են ընտրության հնարավորություն, սակայն միշտ առաջնորդվել են կլանային, օլիգարխիկ մտածողությամբ, ինչի հետևանքներն ակնհայտ են թե գլոբալ հարթության վրա և թե այս մասնավոր դրվագում:

Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վրա և ցանկության դեպքում երեկ և նույնիսկ այսօր կարող էր նպաստել նրան, որպեսզի հայկական ֆուտբոլում վերջ տրվի կամայականությանը, բեսպրեդելին: Սակայն Սերժ Սարգսյանին իր կառավարման տասնամյակում ու նաև` հիմա, մենթալ առումով իրեն հարազատ է համարել քրեաօլիգարխային` իրեն շրջապատելով օդիոզ կերպարներով:

Նման սեգմենտի հետ Արման Սահակյանը` իր ինտելեկտուալ կերպարով, ասոցացվել չի ուզում և դա խիստ բնական և օրինաչափ է:

Մյուս կողմից` Արման Սահակյանի կարճ հայտարարության մեջ բացակայում են պաթետիկ ձևակերպումները կամ նոր իշխանությանը սիրաշահելու փորձերը:

Արման Սահակյանն արել է  իր քաղաքական քայլը` հստակ ուղերձ հասցեագրելով նոր իշխանությանը, որ ինստիտուցիոնալ, հակաօլիգարխիկ բարեփոխումներն անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում, այդ թվում` ֆուտբոլում, որը կարող է հասարակական կոնաոլիդացիայի և պոզիտիվ իմպուլսների նոր ազդակ դառնալ:

Լուսանկարը՝ armsport.am-ի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache