Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը ամուսնու սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում

4

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 23-ին, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նա դատարանում, ներկայացնելով իրեն, հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի, 3-րդ կարգի հաշմանդամ է։  

Ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ իր պաշտպանյալը ամուսնու` Մանուկ Սիմոնյանի կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել, իսկ դեպքից ժամեր առաջ ծեծի է ենթարկվել: Պաշտպանի խոսքով, պաշտպանյալն սպանության պահին աֆեկտի վիճակում է եղել եւ նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի:

Մեղադրողը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 16-ը:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ եւ համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմանում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինը չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետեւ ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինը տեղում մահացել է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache