Արմեն Ամիրյանի զարմանալի հարստությունը

1

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Հիշեցնենք, որ դրանք հանձնաժողով ներկայացնելու համար պաշտոնյաները մինչև մարտի վերջ ժամանակ ունեն: Այսօրվա դրությամբ նախարարներից դեռևս չորսն են ներկայացրել իրենց հայտարարագրերը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ հայտարարագրի՝

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը 2017 թվակին որպես եկամուտ ունեցել է միայն աշխատավարձ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 788 հազար դրամ: 2017-ի սկզբին Սուրեն Կարայանն ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 58 հազար ԱՄՆ դոլար: Շարժական և անշարժ գույք նախարարի տարեկան հայտարարագրում հրապարակված չէ: Իսկ ավելի վաղ՝ 2017-ի կեսերին հրաապարակված պաշտոնն ստանձնելու հայտարարագրում, հիշեցնենք, Սուրեն Կարայանը հայտարարագրել էր «VAZ 2106» մակնիշի մեկ մարդատար ավտոմոբիլ, մեկ հողամաս և մեկ բնակարան:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախորդ տարի 1 մլն 834 հազար դրամ վարկ է վերցրել: Նախարարը հայտարարագրել է երկու աշխատավարձ՝ 8 մլն 984 հազար դրամ և 999 հազար դրամ: Արծվիկ Մինասյանի դրամական միջոցները 2017-ի սկզբին կազմել են 4 մլն 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն 650 հազար դրամ:Բնապահպանության նախարարը ևս տարեկան հայտարարագրում չի ներկայացրել շարժական և անշարժ գույքի մասին տեղեկատվություն, իսկ պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ավելի վաղ նա ներկայացրել էր մեկ բնակարան և մեկ հողամաս:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2017 թվականին չորս հողամաս է օտարել: Ըստ նախարարի հայտարարագրի՝ հողամասերից երկուսը օտարվել են յուրաքանչյուրը 4.5 մլն դրամով, իսկ մյուս երկուսը՝ մեկը՝ 4 մլն, մյուսն էլ՝ 3 մլն դրամով:Արմեն Ամիրյանը, ինչպես հայտնի է, իր ունեցվածքով աչքի ընկնող նախարարներից է: 2017 թվականին Ամիրյանն ստացել է ընդամենը 6 մլն 463 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 83 մլն 242 հազար դրամ և 180 հազար դոլար: Նշված 180 հազար դոլարը նախարարն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 76 մլն դրամ էլ Ամիրյանը նախորդ տարի որպես շահաբաժին է ստացել: Եվ 120 մլն դրամ նախորդ տարի Արմեն Ամիրյանը փոխառություն է վերցրել:Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախորդ տարվա պաշտոնն ստանձնելու հայտարարագրով զարմացրել էր հանրությանը, նա 5 անհատական բնակելի տուն էր հայտարարագրել, երկու հասարակական նշանակության շինություն, երեք հողամաս, «NISSAN ALTIMA 2.5» մակնիշի մեքենա:Ի դեպ, նախարար դառնալուց հետո Արմեն Ամիրյանի ստացած շահաբաժիններն ավելացել են, եթե 2016 թվականի տարեկան հայտարարագրում նա տարեկան ստացել էր 16 մլն դրամ շահաբաժին, ապա 2017-ի հայտարարագրում դա կազմել է 76 մլն դրամ:

Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը 2017 թվականին վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենան՝ 18 մլն դրամով: Նախարարը նախորդ տարի 31 մլն 687 հազար դրամ եկամուտ է ունեցել, դրանից միայն 6 մլն 847 հազար դրամն է կազմել աշխատավարձը, դրանում ներառված է նաև ավտոմեքենայի վաճառքից ստացված 18 մլն դրամը: Ձեռնարկատիրական գործունեությունից 2017-ին նախարարն ստացել է 5 մլն 340 հազար, վարձակալության դիմաց էլ 1.5 մլն դրամ վճար է ստացել: Հրաչյա Ռոստոմյանի դրամական միջոցները 2017-ի վերջին կազմել են 5.4 մլն դրամ և 24.5 հազար դոլար:Նշենք, որ 2017-ի կեսին ներկայացրած պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ևս Ռոստոմյանը մեծ ունեցվածք էր հայտարարագրել՝ մեկ «BMW X5 4.8 I» մակնիշի ավտոմեքենա, բնակարան, այգետնակ, հասարակական նշանակության շինություն և 50 հազար ԱՄՆ դոլար գումար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache