Լրահոս

Արմեն Աշոտյանը պայթեցրեց ՀՀԿ-ն

 

Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության ժամանակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանը, ստացավ ամենաքիչ ձայները՝ 56: Այս հանգամանքը լայն քննարկման է արժանացել այն պատճառով, որ ամենատարբեր հաշվարկներով, Աշոտյանին դեմ են քվեարկել բազմաթիվ ՀՀԿ-ականներ, եւ նա փաստացի անցել է Ծառուկյանի ու ՀՅԴ-ի ձայների հաշվին:
Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի այսպես ասած «քաղաքական-գաղափարախոսական» դեմքն է, նույնիսկ դպրոց է բացել, որտեղ դասավանդելու էր հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Աշոտյանը բավական բարդ ու պատասխանատու գործառույթ է իրականացնում, փորձելով «ոհմակին» քաղաքական տեսք ու գործառույթներ վերագրել:
Ավելին, նա փորձում է ցույց տալ, որ ի տարբերություն հայաստանյան այլ կուսակցությունների, ՀՀԿ-ն ժամանակակից կուսակցություն է, որտեղ կա ներկուսակցական ժողովրդավարություն, կան քննարկումներ եւ տարբեր տեսակետներ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների վերաբերյալ:
Դժվար է ասել՝ արդյոք այս հանգամանքն է դեր խաղացել քվեարկության ժամանակ, եւ նա դարձել է այդ ներկուսակցական ժողովրդավարության զոհը կամ էլ ապացույցը, թե՞ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները, նրան որոշվել է անցկացնել Ծառուկյան դաշինքի միջոցով, այդպիսով հարթելով վերջին խոչընդոտը 2018-ին սպասվող ազգային միասնության ճանապարհին:
Մյուս կողմից, չի բացառվում, որ Աշոտյանի շուրջ այս իրարանցումը կարող է կապված լինել առաջիկայում սպասվող առավել կարեւոր քվեարկությունների հետ: 2018-ին սպասվում է իշխանության «անցման» խնդրի հանգուցալուծումը, եւ այստեղ անհրաժեշտ է շարքերի կուռ միասնություն:
Այս տեսակետից, հնարավոր է Աշոտյանի հարցի շուրջ տեղի է ունեցել կանգարգելիչ կամ «ուսումնական» պայթեցում՝ ՀՀԿ-ի ներսում հնարավոր սեպարատիստներին գտնելու եւ նրանց հետ աշխատանք տանելու համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing